Ազդեցիկ ադրբեջանցին Եվգենի Պետրոսյանին ասել է, որ կարող է նրան գաղտնի Ադրբեջան տանել՝ հոր գերեզմանին

- in Մշակույթ

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանին ասել են, որ նրան կարող են Ադրբեջան տանել՝ իր հոր գերեզմանին: Այս մասին արտիստը պատմեց այսօր՝ նոյեմբերի 21-ին՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշեց, որ իրեն այդ մասին ասել է մի շատ ազդեցիկ ադրբեջանցի, սակայն մյուս կողմից նշել է, որ չի կարող երաշխավորել, որ դա անվտանգ է:

«Ինչ վերաբերում է նրան, թե ինձ հրավիրել են Ադրբեջան ելույթ ունենալու, թե ոչ, բնականաբար, չեն հրավիրել: Ցավոք, այսօր այդպիսի տեսարան է, որ ո՛չ նրանք կարող են մեզ մոտ գալ, ո՛չ՝ մենք նրանց: Անգամ խոսք չի կարող լինել այդ մասին: Մյուս կողմից մի շատ ազդեցիկ մարդ իմացել էր իմ վշտի մասին, որ չեմ կարողանում գնալ հորս գերեզմանին, ասաց. «Ես քեզ այնտեղ գաղտնի կտանեի, բայց 100%-անոց երաշխիք չունեմ: Չեմ կարող պատասխանատվություն վերցնել: Եթե, Աստված չանի, մի բան պատահի, չեմ կարող ինձ վրա նման մեղք վերցնել»:

Աբսուրդն այն աստիճանի է, որ «Кривое зеркало»-ի արտիստներին թույլ չէին տվել Ադրբեջան գնալ: Երբ հարցրին՝ ինչու, պատասխանեցին, որ նրանք Պետրոսյանի թատրոնից են:

Ադրբեջանական ծագման մի շատ հայտնի արտիստի հետ մի անգամ զրույց ունեցանք: Նա ինձ շատ բարի խոսքեր ասաց: Եվ անկեղծորեն ասաց. «Որքան է մեզ հոգնեցրել այս հարցը, որքան ենք ուզում ազատվել դրանից ու վերադառնալ նախկին վիճակին»: Նման տրամադրություններ էլ կան նրանց մոտ»,- պատմեց Պետրոսյանը:

Պետրոսյանին հարց ուղղեցին նաեւ Արցախյան խնդրի վերաբերյալ: Նա նշեց, որ իր դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին հայերինը:

«Հայի համար ալտերնատիվ չի կարող լինել: Հուսով եմ՝ չկան մարդիկ, որոնց համար այլ տարբերակ կա»,- ասաց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...