Dram

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրինագծով առաջարկվում է, որ մինչեւ կարգապահական տույժի կիրառումը՝ գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն, եւ թե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

Նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց, որ ըստ գործող օրենքի՝ կարգապահական տույժ կիրառելուց առաջ գործատուն պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն, սակայն չի նշվում, թե ինչ եղանակով է պարտավոր պահանջել: Սա նշանակում է, որ պահանջը կարող է լինել նաեւ բանավոր: Ըստ Պետրոսյանի՝ շատ գործատուներ, չարաշահելով օրենքի այս բացը, շատ դեպքերում չեն պահանջում բացատրագիր եւ առանց որեւէ բացատրության, աշխատանքից հեռացնում են աշխատակցին: Մինչդեռ առանց գրավոր բացատրության աշխատակցին աշխատանքից հեռացնելն արդեն համարվում է աշխատանքային օրենսդրության խախտում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը, արձագանքելով զեկույցին, հարցրեց, թե ինչպես է Գ. Պետրոսյանը պատկերացնում իրավիճակի լուծումը, եթե օրինակ ամիսներ շարունակ աշխատակիցը իր աշխատանքը ոչ պատշաճ կատարելու պատճառով վնասներ է հասցրել տվյալ ըկերությանը եւ երբ ամիսներ հետո բացահայտվել է այդ արարքը: «Ընկերության տնօրենը ինչպես պետք է վարվի այդ աշխատողի հետ, եթե աշխատողը դրանից հետո այլեւս չի գալիս աշխատանքի: Այս դեպքում գործատուի շահերը ինչ կերպով է կարգավորվում այս նախագծով»,- հարցրեց Արտաշես Պետրոսյանը:

Պատասխանելով այս հարցին, Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ այստեղ հարցը այլ է, նախագծի բուն նպատակը այն է, որ, եթե աշխատակիցը զանցանք է կատարել, գործատուն գրավոր կերպով պահանջի բացատրագիր, որովհետեւ եթե չի պահանջում, աշխատակիցը կարող է գնալ դատարան ու ասել, որ իրենից չեն պահանջել բացատրագիր: Մնացած բոլոր հարցերն այդ նախագծի հետ կապ չունեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կարծիքով՝ բացատրությունը կարող է չհամապատասխանել իրականությանը եւ այս դեպքում ինչպես է կարգավորվում գործատուի շահերն այս նախագծով:

«Գործատուն կաշկանդված չէ աշխատողի բացատրությամբ»,- ի պատասխան՝ ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ աշխատակիցը կարող է ասել կներեք, որ խախտում եմ արել, կարող է ասել՝ լավ եմ արել, կարող է ասել չեմ արել ոչ մի խախտում: Նրա պնդմամբ՝ օրենքը ընդամենը պահանջում է, որ աշխատողը պահանջի բացատրություն, այս նախագծի հիմքում ընկած է գրավոր պահանջ ներկայացնելու հարցը:

«Պարոն Պետրոսյան հիշում եք էն դրվագը, որ ասում ա՝ փիղը մտնում ա մրջյունների ռեստորան»,- կատակելով ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ երբ Գեւորգ Պետրոսյանը նորից կրկնեց նախագծի բուն էությունը:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:

Խորհրդարանն այսօրվա նիստում պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի եւ Նարեկ Զեյնալյանի առաջարկած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ընդունեց 100 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով:

Ի սկզբանե պատգամավորներն առաջարկել էին նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ 63 հազար դրամ, սակայն կառավարությունն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը կողմ էր եղել գործադիրի առաջարկին:

Նախագծի ընդունման արդյունքում հունվարի 1-ից մոտ 57 հազար պետական ծառայողների եւ մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը կբարձրանան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...