Ալիեւը գնում է վա բանկ. Շրջադարձ Նախիջեւանի հարցում

- in Միջազգային
Adrbejan

«Հաշվի առնելով Նախիջևանի բարդ աշխարհագրական դիրքը, այն հանգամանքը, որ հանրապետությունը արդեն երկար տարիներ գտնվում է շրջափակման մեջ և երեք կողմից շրջապատված է թշնամիներով, մենք մեր ուշադրությունը սևեռում ենք հատկապես անվտանգության ապահովմանը:

Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել բանակաշինության ասպարեզում: Նախիջևանի բանակը այսօր զինված է ամենաժամանակակից սպառազինությամբ», ըստ Ազատություն ռադիոկայանի մեջբերման հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, Բաքվում ընդունելով Նախիջեւանի ինքնավար հանրապետության ԳԽ նախագահ Թալիբովին:

Ալիեւը Թալիբովի հետ հանդիպմանն արել է մի քանի ուշագրավ շեշտադրում, որոնք խոսում են Նախիջեւանի, եւ ընդհանրապես ռեգիոնալ իրողությունների առումով նրա որոշակի տագնապների մասին:

Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ «երեք կողմից» Նախիջեւանը շրջապատված է թշնամիներով: Զուտ աշխարհագրորեն Նախիջեւանն ունի ընդամենը հենց երեք սահմանակից հարեւան՝ Հայաստան, Իրան, Թուրքիա: Այն, որ Ալիեւը Հայաստանը դիտարկում է իբրեւ թշնամի, զարմանալի չէ: Իսկ ահա Իրանի եւ Թուրքիայի պարագան խիստ հետաքրքիր է:

Եթե նա խոսում է Նախիջեւանի «երեք կողմից թշնամի» լինելու մասին, ու՞մ նկատի ունի, եթե ոչ Իրանին ու Թուրքիային՝ երեք սահմանակից հարեւաններից երկուսին: Եթե խոսքը սահմանակից հարեւանների մասին չէ, կամ միայն սահմանակիցների մասին չէ, ապա էլ ու՞մ մասին է:

Մինչդեռ, հայտնի է նաեւ, որ Նախիջեւանում Ադրբեջանը կազմավորել է առանձին համազորային բանակ, որի մաս են կազմում նաեւ թուրքական ստորաբաժանումներ: Ավելին, Նախիջեւան-Թուրքիա հարաբերությունն ընդհանրապես բավական լայն է նաեւ սոցիալ-տնտեսական իմաստով: Թուրքիան Նախիջեւանի բնակչության համար արտագնա աշխատանքի աղբյուր է: Բավական նկատելի են նաեւ Իրանի հետ սոցիալ-տնտեսական կապերը, թեեւ որոշակի զիջում են Թուրքիային, բայց մեծ հավանականությամբ գերազանցում են Բաքվին:

Ի դեպ, Ալիեւի մյուս ուշագրավ հայտարարությունը հենց այն է, որ Նախիջեւանը պետք է ապահովի սեփական սոցիալ-տնտեսական կարողությունների աճ, չմնալով Բաքվի դոտացիայի հույսին: Նա թերեւս ակնարկում է հենց այն փաստի մասին, որ Նախիջեւանը գործնականում սոցիալ-տնտեսական առումով բաժանված է Թուրքիայի եւ Իրանի միջեւ:

Եվ եթե հավելվի նաեւ Թուրքիայի գործոնը ռազմական կամ ռազմա-քաղաքական առումով, ապա փաստացի ստացվում է, որ Նախիջեւանը դե ֆակտո չի պատկանում Ադրբեջանին:

Մյուս կողմից, խոսելով «երեք կողմից թշնամիների» մասին, Ալիեւը թերեւս նկատի ունի այլ դասավորություն, որտեղ առկա է նաեւ Ռուսաստանը: Հարցն այն է, թե ու՞մ փոխարեն՝ Հայաստանի՞ փոխարեն է Ալիեւը Ռուսաստանը դիտարկում Նախիջեւանը «շրջապատող» թշնամի, Իրանի՞, թե՞ Թուրքիայի փոխարեն:

Նախիջեւանը ռուս-թուրքական պայմանագրով է փոխանցվել Ադրբեջանին, ու թեեւ դա տեղի է ունեցել հետո որեւէ երրորդ կողմի չփոխանցելու պայմանով, այդուհանդերձ մոտ ապագայում լրանում է ռուս-թուրքական պայմանագրի կնքման հարյուր տարին, միաժամանակ նաեւ պայմանագրի գործողության ժամկետը, եւ Ռուսաստանն ու Թուրքիան կանգնելու են այն կամ վերակնքելու, կամ բոլորովին ուրիշ պայմանավորվածությունների գալու իրողության առաջ՝ դրանից բխող հավելյալ հեռանկարներով:

Այստեղ է Ալիեւի համար հարցերի հարցը, որովհետեւ ռուս-թուրքական փոխհարաբերության այդ 100-ամյա պայմանագրային բազան արդեն քառորդ դար է չի համապատասխանում ռեգիոնալ իրողության բազային՝ Արցախում հայկական հաղթանակի շնորհիվ: Եվ այստեղ աներկբա է, որ կամ շրջվում է այդ հաղթանակը, կամ ռուս-թուրքական հարաբերության բազան, ինչը արդեն մեծ հավանականությամբ առաջացնում է Նախիջեւանի հարց: Ալիեւի համար ակնհայտ է, որ աշխարհքաղաքական տենդենցի համատեքստում շատ ավելի «դյուրին» է դառնում Նախիջեւանի, քան Արցախի հարցում որեւէ էական շրջադարձ:

Իլհամ Ալիեւն անսպասելի հիշել է Նախիջեւանի մասին: Նախիջեւանի ղեկավար Թալիբովի հետ հանդիպմանը նա հիշեցրել է, որ Բաքուն փաստացի պահում է ինքնավար հանրապետությունը: Նախիջեւանի բյուջեն միայն 22%-ով է ձեւավորվում տեղի եկամուտների հաշվին, մնացած միջոցները Բաքվի դոտացիաներն են, ասել է Ալիեւը:

Նա նաեւ հարցրել է Թալիբովին, թե լեռնային դիրքերի ապահովման համար ինչ աշխատանք է տարվել: «Կարելի է ասել, որ դեպի բոլոր դիրքեր ճանապարհներ են անցկացվել: Կան որոշ դիրքեր, որոնց ապահովումն իրականացվում է օգոստոս-սեպտեմբերին: Մեր դիրքերի հետ կապ ունենք: Դրանց ապահովումը երաշխավորված է մինչեւ հաջորդ տարվա հունիս, եւ որեւէ խնդիր չկա նրանց գործունեության հետ կապված», – ասել է Թալիբովը:

Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, բայց Ալիեւի զրույցը Թալիբովի հետ տպավորություն է ստեղծում, որ Ալիեւն այնքան էլ չի վերահսկում Նախիջեւանում տեղի ունեցողը:

Ալիեւը հասկացե՞լ է, որ կորցնում է Նախիջեւանը: Առավել եւս, որ «լեռնային դիրքերի» հետ, պարզվում է, տարվա կեսը կապ չի լինում: Ինչպես ասվում է, ում է պետք հետախուզությունը, երբ այս տեղեկությունները հայտնում են ուղիղ եթերում:

Նախիջեւանի հարցը գնալով ավելի մտահոգիչ է դառնում Ալիեւի համար: «Փոխհատուցման» համար նա փորձում է բարձրացնել Զանգեզուրի հարցը՝ հայտարարելով, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին «մասնատել է թյուրքական աշխարհը»: Ալիեւն ուզում է ասել, որ թուրքերը կարողացել են Նախիջեւանը վերցնել Հայաստանից, իսկ Զանգեզուրը՝ ո՞չ: Եվ Գարեգին Նժդեհի դեմ արշավը պայմանավորված չէ՞ այն բանով, որ նա թույլ չի տվել Զանգեզուրը պոկել Հայաստանից:

Ալիեւն այդպես էլ չի կարողանում «տարածքային ամբողջականությանը» տալ հուսալի իրավական հիմք: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խիստ կասկածելի հասկացություն է: Պատասխանելով Ադրբեջանի ներկայացուցչի պնդմանը, որ «Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է Ադրբեջանի կազմում»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձեւաչափը Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանն աջակցելու մանդատ ունի: «Ձեր կառավարությունը մասնակցում է բանակցային գործընթացին: Եթե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մասն է, ինչու՞ եք բանակցում կարգավիճակի շուրջ», ասել է նա:

Բաքվում, ըստ երեւույթին, արդեն համակերպվել են Ղարաբաղի կարգավիճակի հետ, եւ հիմա Նախիջեւանի հերթն է: Ալիեւը տագնապով սպասում է, թե երբ են իրեն հարցնելու 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի մասին, որն արդեն մասնակի չեղարկվել է Ղարաբաղի կողմից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...