Ալիևը հեռանում է, որպես չարյաց փոքրագույն տարբերակ

- in Միջազգային

Ադրբեջանում ավելի ու ավելի է ուրվագծվում հնարավոր իշխանափոխության հեռանկարը, որի մի քայլ է դիտարկվում ընթացիկ շաբաթավերջին այդ երկրում ազդարարված խորհրդարանի լուծարման մասին որոշումը:

Այդ որոշումը հաջորդեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Ալիևայի Մոսկվա կատարած առաջին պաշտոնական այցով, որտեղ նա հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինի հետ: Հատկանշական է, որ հենց այդ այցից հետո Ադրբեջանում փաստորեն կայացվեց խորհրդարանի լուծարման մասին որոշումը: Իհարկե, իշխանափոխության հարցում միարժեք պնդում անել հնարավոր չէ, սակայն այստեղ ուշագրավ է նաև այն, որ հաջորդ շաբաթ Բաքու է այցելելու ՌԴ արտգործնախարար Լավրովը, և հնարավոր է, որ այդ այցի օրակարգում էլ զգալի տեղ ունենան Ադրբեջանի ներքին իրավիճակին առնչող հարցեր:

Բանն այն է, որ այդ իրավիճակը էապես պայմանավորում է արտաքին զարգացումները, մասնավորապես արցախյան հարցի և ռեգիոնալ ընդհանուր համատեքստում: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևն այդ առումով բացարձակապես սպառել է իրեն: Չի բացառվում, իհարկե, որ Ալիևը ոչ թե պատրաստվում է հեռանալ, այլ փորձում է նոր լիցք ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրության խաղով: Բոլոր դեպքերում այն, որ իշխանափոխության սցենարները Ադրբեջանում ակնհայտորեն եկել են մի քանի պլան առաջ, և Մեհրիբան Ալիևան պատրաստվում է ցանկացած պահի ստանձնել իշխանությունը, ակնառու է: Ամբողջ հարցն այն է, թե երբ է լինելու այդ պահը, և ում որոշումով, թե՞ պահն էլ արդեն որոշված է:

Այս իրավիճակում, իհարկե, առաջին պլան է գալիս մի հարց: Ալիևը հեռանում է, որպես չարյաց փոքրագույն տարբերակ, իր համար առավել ապահով և անվնա՞ս տարբերակ, թե՞ նրան հեռացնում են: Բանն այն է, որ, եթե Ալիևը հեռանում է անկյուն քշված լինելու պարագայում, ապա այստեղ պետք է չափազանց զգոնություն և աչալրջություն, որովհետև նա կարող է հեռանալ այսպես ասած՝ վերջին փամփուշտը կրակել որոշելով, ինչը կարող է լինել որևէ արկածախնդրություն արցախյան ուղղությամբ: Դա նշանակում է, որ թե Մինսկի խմբի համանախագահները, թե Հայաստանն ու Արցախը այս շրջափուլում պետք է լինեն առավել քան զգոն և առավել քան աշխույժ ջանք գործադրեն որևէ արկածախնդրություն թույլ չտալու համար՝ համանախագահներն իրենց այդ քաղաքական պատասխանատվության մասով, իսկ Երևանն ու Ստեփանակերտն էլ պարզապես ռազմական հակազդեցության պատրաստակամության մասով, Ալիևի մոտ որևէ անգամ պատրանքի նշույլ ցրելու համար, որպեսզի նա մինչև վերջին պահը լինի համոզված, որ վերջին փամփուշտը կրակելու տարբերակը ոչ միայն որևէ կերպ չի օգնի խնդիր լուծել, այլ էլ ավելի կբարդացնի նույնիսկ հեռանալու հարցը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments