Ալրաղացի Լյովիկին Մարտի 1-ի գործով ևս պետք է մեղադրանք առաջադրվի. նա այդ օրը ամբողջ ընթացքում Հովիկ Արգամիչի հետ կապի մեջ է եղել

- in Իրավունք
Hovik Abrahamyan

Այսօր պարզ դարձավ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած որոնողական աշխատանքի արդյունքում, նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Լևոն Սարգսյանը՝ հանրությանը հայտնի Ալրաղացի Լյովիկը։

Հիշեցնենք, որ նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզման մեջ էր։ Նրան մեղադրանք էր առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Լևոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Ավելի կոնկրետ՝ Ալրաղացի Լյովիկը մեղադրվում է 11 տարի առաջ Մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։

2011թ. մայիսին կայացված դատավճռով, հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

2018 թվականին, սակայն, ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը, որը, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները տարօրինակ են համարում, որ Լևոն Սարգսյանին առ այսօր Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրված չէ։

Այն, որ Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, բազմիցս նշել են փաստաբանները, դրա մասին հավաստող բազմաթիվ ցուցմունքներ կան քրեական գործում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...