«Ալրաղացի Լյով»-երը Սերժ Սարգսյանի համար «բանտի ուղեգիր» են

- in Վերլուծական

Սերժ Սարգսյանը խոսելու է իր ժողովրդի և իր հասարակության հետ ուղիղ լրատվամիջոցների մասնակցությամբ, դա տեղի կունենա շուտով և Զագրեբյան ելույթը չի կտրում այս խոստումը․ երեկ երեկոյան ֆեյսբուքյան լայվով մեզ ավետեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով այս օրերին Սերժ Սարգսյանի հետ միասին գտնվում է Գերմանիայում՝ մասնակցելու համար այդ երկրի կառավարող կուսակցության համագումարին։

Աշոտյանի լայվը երկիմաստ տպավորություն է ստեղծում։ Մի կողմից նա փորձում է պահպանել այն ինտրիգը, թե Սերժ Սարգսյանը «կարևոր ասելիք» ունի, մյուս կողմից՝ Զագրեբի ելույթը թերևս չի արդարացնել հանրապետականների սպասելիքներն՝ այն առումով, որ հասարակությունը, մեծ իմաստով, անտարբեր արձագանքեց ՀՀԿ առաջնորդի լակոնիկ խոսքին։

Ըստ էության, Սարգսյանը Զագրեբում ասել է այն, ինչ կարող էր ասել․ նրա խոսքում կային որոշ վիճահարույց գնահատականներ, սակայն բացակայում էին քաղաքական ուղերձները, իսկ նման դեպքերում տեղին է խոսել ռևանշիզմի դրսևորման մասին, որի միակ նպատակը հին համակարգի մեխանիկական ռեստավրացիան է։ Սարգսյանն ապացուցեց, որ ինքն ու իր կուսակցությունը զարգացման տեսլականներ չունեն ու իրենց ագրեսիվ քաղաքականությունը կառուցում են ներկա իշխանության քննադատության վրա՝ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին երբեք չէր հաջողվի հեղափոխություն իրականացնել, եթե չլիներ հասարակության տոտալ ատելությունը Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հանդեպ։ Ի դեպ, այդ ատելությունը պահպանվել է նաև այսօր, ինչի հետևանքով Փաշինյանը կարողանում է ապահովել իր իշխանության «կենսունակությունը»՝ փակելով նաև իրական ընդդիմության ձևավորման ճանապարհը։

Եթե Սերժ Սարգսյանն իրական ասելիք կամ քաղաքական օրակարգ ունենար, ապա նրան չէր պատշաճի տարի ու կեսվա լռությունը խախտել հայրենիքից դուրս, որտեղ նրան հարցեր ուղողներ, ըստ էության, չկան, իսկ երրորդ նախագահը նմանվել էր «ֆեյքի», որի խաղը նախատեսված էր դարպասի համար, որն ակնհայտորեն Զագրեբում չէր գտնվում։ ՀՀԿ առաջնորդը խոսում էր ԵԺԿ համագումարում, սակայն՝ Հայաստանի հասարակության համար ու այս հանգամանքը նրան շատ ավելի խոցելի դարձրեց։

Նույնիսկ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ կյանքում ոչինչ չի փոխվել, ինչի համար հինգ րոպես խոսելու նպատակով Սարգսյանը հասել էր Զագրեբ։ Խորհրդարանական կամպանիայի ժամանակ հանարապետականները վախենում էին մարդամեջ դուրս գալ ու քարոզչությունն իրականացնում էին բացառապես հեռուսատեսության ու ԶԼՄ-ների միջոցով, նույն մարտավարությունն ընտրեց Սերժ Սարգսյանը։ Սա արդեն լուրջ ցուցիչ է, ինչը ենթադրում է, որ երրորդ նախագահը գիտակցում է, թե Հայաստանում լսարան չունի։ Միայն այս փաստը բավարար է, որպեսզի ամբողջովին ստվերվի Սարգսյանի խոսքի բովանդակությունը, որովհետև լուզեր առաջնորդի խոսքն արժեքավոր չէր եվրոպացիների համար ու մերժելի էր հայաստանցիների կողմից։

Այս համատեքստում Աշոտյանին այլ բան չի մնում, քան՝ ինտրիգը պահելը, թե Սարգսյանի խոստացված ելույթը դեռ առջևում է։

Զագրեբում, թե Երևանում որևէ խոսք արժեք չունի, եթե զուրկ է քաղաքական ուղերձներից, զարգացման ռեսուրս պարունակող տեքստից։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի կերպարի մասին ավելի տպավորիչ խոսում են ոչ թե նրա ելույթները, այլ՝ կոնկրետ փաստեր։ Ինքան էլ նա գեղեցիկ խոսքեր ու ճառեր ասի՝ ամեն բան ակնթարթորեն արժեզրկվում է ամեն նոր ձերբակալության ու հասարակության հիշողության վերաթարմացման հետ։ Մոսկվայի մարզում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյով» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը, որը Սերժ Սարգսյանի հովանավորյալ բանդաների «ոգին» էր։ Սերժ Սարգսյանի իշխանության բանալին ոչ թե արժեքներն ու գաղափարներն են եղել, այլ՝ «Ալրաղացի Լյով»-երը, որոնք այսօր Սարգսյանի համար արդեն «բանտի ուղեգիր» են։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments