Mterqner

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ավարտվեց Սպարտակ Մ.-ի գործի դատական քննությունը:

Երևանյան բուհերից մեկում սովորող Սպարտակ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Սպարտակ Մ.-ն ուսմանը զուգահեռ աշխատել է Երևանի Լենինգրադյան փողոցում գործող խանութներից մեկում:

Վաճառքից գոյացած գումարները ժամանակավոր տնօրինելու իրավունք ունենալով՝ Սպարտակ Մ.-ն 2019 թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում վաճառքից գոյացած գումարը՝ 747 հազար դրամ, ծախսել է բուքմեյքերական կետում խաղադրույքներ կատարելու վրա:

Ամբողջ գումարը տանուլ տալով ու գումար չունենալով խանութին վերադարձնելու համար, Սպարտակ Մ.-ն որոշել է ավազակային հարձակում «բեմադրել»:

2019 թվականի փետրվարի 16-ին, ժամը 12-ի սահմաններում գտնվելով իր աշխատավայր խանութում՝ մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելու նպատակով նա իր բջջային հեռախոսի լիցքավորիչի լարն անձամբ գցել է իր պարանոցին, պարանոցի շրջանում առաջացրել է արյունազեղման ձևով վնասվածք, ապա զանգահարել է ոստիկանություն և ահազանգել մտացածին հանցագործության մասին:

Նույն օրը, ժամը 13-ն անց 15 րոպեին ոստիկանության Մալաթիայի բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Սպարտակ Մ.-ն հաղորդում է տվել, թե մեկ ժամ առաջ երկու անծանոթ տղամարդ մտել են խանութ, շեղել են իր ուշադրությունը, որի ընթացքում տղամարդկանցից մեկը հետևից պարանը գցել է իր վիզը, ձգել է ու խեղդելով պահանջել է հանձնել խանութում առկա գումարները: Ինքը, վախենալով, նրանց է հանձնել խանութում եղած ամբողջ գումարը՝ 740 հազար դրամը, նրանք հեռացել են:

Շուտով, սակայն, բացահայտվել է, որ խանութի վրա ոչ մի ավազակային հարձակում էլ չի գործվել, այլ կատարվել է հարձակման «բեմադրություն» «անփորձ ռեժիսորի» կողմից…

Սպարտակ Մ.-ն նախաքննության սկզբից իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար:

Նա ամբողջությամբ վերականգնել է խանութին պատճառած գույքային վնասը:

Դատարանում նույնպես Սպարտակ Մ.-ն իրեն լիովին մեղավոր ճանաչեց: Նրա միջնորդությամբ գործը քննվեց արագացված ընթացակարգով:

Դատարանը հետազոտեց ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները:

Սպարտակ Մ.-ն գերազանցիկ ուսանող է, սովորելուն զուգահեռ աշխատում է՝ հիմա արդեն այլ ոլորտում, ծառայել է բանակում, արժանացել է «Բանակի գերազանցիկ» մեդալին:

Նախկինում Սպարտակը դատապարտված չի եղել, հանցավոր արարքի կատարումից հետո դրսևորել է դրական հետհանցավոր վարքագիծ:

Գործով մեղադրող Ա. Կոստանդյանը իր ճառում նշեց, որ հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ երիտասարդի ուղղվելը հնարավոր է առանց հասարակությունից նրան մեկուսացնելու:

Դատախազը միջնորդեց Սպարտակ Մ.-ին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար, դատապարտել 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել 1 տարի փորձաշրջան:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լ. Ավետիսյանը նշեց, որ իր պաշտպանյալը հանգամանքների բերումով է սայթաքել, կատարել է միջին ծանրության հանցավոր արարք, բայց անմիջապես էլ զղջացել է կատարածի համար, դրսևորել է դրական հետհանցավոր վարքագիծ, ամբողջությամբ վերականգնել է խանութին պատճառած գույքային վնասը:

Պաշտպանը խնդրեց իր պաշտպանյալին դատապարտել հնարավորինս մեղմ պատժի, կիրառել պայմանական դատապարտություն ու սահմանել փորձաշրջան:

Ամբաստանյալ Սպարտակ Մ.-ն միացավ պաշտպանին և իր վերջին խոսքում ասաց. «Ես զղջում եմ, սենց բան պիտի չլիներ…»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատավճիռը:

Սպարտակ Մ.-ն մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դատապարտվեց 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, և սահմանվեց 1 տարի փորձաշրջան:

Ամբաստանյալի մայրը ուրախությունից լաց եղավ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •