ԱՄՆ Սենատում Ցեղասպանության բանաձևի արգելափակումը թուրք-ամերիկյան պայմանավորվածության մաս է

- in Կարծիք

Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալվել էր Սպիտակ տանը:

Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնակցել էին նաև հինգ սենատորներ, ովքեր նախկինում աջակցել էին Սենատի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծին, ինչպես նաև դեմ էին արտահայտվել Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում: Սենատորների թվում էր նաև Լինդսի Գրեմն, ով Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո, արգելափակել է Սենատում Ցեղասպանության վերաբերյալ ներկայացված բանաձևի քվեարկությունը: Ստորև փորձենք հասկանալ ինչի շուրջ են ընթացել թուրք-ամերիկյան բանակցությունները և ինչ դեր է ունեցել այդ բանակցություններում Ցեղասպանության մասին Սենատում ներկայացված բանաձևի շուրջ զարգացումները:

Որո՞նք են եղել թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգի հիմնական թեմաները:

Դատելով հանդիպմանը հաջորդող կողմերի պաշտոնական հայտարարություններից, կարող ենք փաստել, որ բանակցությունների հիմնական թեմաներն են եղել Սիրիայում տիրող իրավիճակը և Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման խնդիրը: Սենատորների ներկայությունը հանդիպմանը պատահական չէր և միտված էր վերոնշյալ հարցերի վերաբերյալ ԱՄՆ կոշտ դիրքորոշումն արտահայտելուն: ԱՄՆ սենատորները թուրքական կողմից ակնկալում էին դադարեցնել Սիրիայում քրդերի դեմ իրականացվող մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև հրաժարվել ռուսական զենքի գնումից:

Փոխարենն ամերիկյան կողմը Թուրքիային էր առաջարկում բանակցություններ վարել երկկողմ առևտրային պայմանագրի շուրջ, որը թույլ կտա թուրք-ամերիկյան առևտրաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի՝ ներկայիս շուրջ 20 միլիարդ դոլար շրջանառության փոխարեն: Փոխադարձ պայմանավորվածությունների մաս էր նաև հանդիսանում Սենատի Թուրքիայի դեմ ուղղված երկու բանաձևերի կանխումը, որոնցից առաջինը վերաբերում էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներին, իսկ երկրորդը՝ Հայոց ցեղասպանությանը: Պատահական չէ, որ հանդիպումից անմիջապես հետո հանդիպմանը մասնակցած Սենատի արտաքին հարաբերությունների ղեկավար Ջիմ Ռիշը նշել էր, որ ինքը ցանկանում է այս փուլում հետաձգել Թուրքիայի դեմ սահմանվող պատժամիջոցները, իսկ սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Սենատում ներկայացված ԱՄՆ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

Ի՞նչ է ենթադրում Սենատորի կողմից բանաձևի արգելափակման գործընթացը:

Կոնգրեսի վերին պալատի Սենատի կանոնադրության 7-րդ կանոնի 2-րդ ենթաբաժինը սահմանում է, որ որևէ օրինագծի հարց չի կարող դրվել քվեարկության, եթե այն չի վայելում սենատորների միաձայն հավանությունը: Այն պարագայում, երբ ներկայացված օրինագիծը չի վայելում սենատորների միաձայն հավանությունը, մեծամասնության առաջնորդը կարող է առաջարկել այն դարձնել Սենատում քննարկման առարկա (a motion to proceed): Սակայն այս պարագայում ևս դեմ սենատորը կարող է խոչընդոտել քննարկման գործընթացը: Սենատորներից յուրաքանչյուրն իրավունք ունի օրինագծի վերաբերյալ խոսել այնքան երկար, որքան կկամենա՝ փորձելով երկարաձգել և ի վերջո տապալել ներկայացված օրինագծի առաջարկը: Այս գործընթացն հայտնի է «ֆիլբասթեր» անվանմամբ: Ֆիլբասթերին հնարավոր է վերջ դնել, եթե 100 սենատորներից 60 քվեարկեն քննարկումն ավարտելու օգտին: Նշենք, որ մինչ օրս Սենատում Ցեղասպանության բանաձևին աջակցել էին 27 սենատոր: Ինչպես պարզ է դառնում Սենատում գործող ընթացակարգերի մանրամասներից, անգամ եթե բանաձևը դրվի քննարկման կամ քվեարկության, ապա այս փուլում դրա ընդունումը Սենատի կողմից քիչ հավանական է, քանի որ անհրաժեշտ է առնվազն 60 սենատորի կողմ ձայն: Վերջում կարևոր է նաև փաստել, որ այս պարագայում սխալ է օգտագործել «վետո» եզրույթը, քանի որ ԱՄՆ սահմանադրությունը միայն ԱՄՆ նախագահին է հնարավորություն տալիս օրինագծի դեմ կիրառել վետոյի իրավունքը: Մենք ուղղակի գործ ունենք արգելափակման հետ, որի նպատակն է տալ ժամանակ տվյալ սենատորին ավելի լավ ծանոթանալ օրինագծին և ներկայացնել դրա շուրջ իր առարկությունները:

Ամփոփելով կարող ենք արձանագրել.

Առաջին, Սպիտակ տանը տեղի ունեցած թուրք-ամերիկյան բանակցություններն այս փուլում դեռևս չեն ունեցել առարկայական որևէ արդյունք: Առաջնորդվելով «մտրակի և բլիթի» քաղաքականությամբ ամերիկյան կողմի հիմնական նպատակն էր վստահ լինել, որ թուրքական կողմը կշարունակի տարածաշրջանում առաջ տանել ամերիկյան կողմի շահերը, իսկ որպես «բլիթ» առաջարկվում էր 100 միլիարդ դոլար արժողությամբ առևտրային պայմանագիր: Որպես «մտրակ» օգտագործվեց Սենատի վերոնշյալ երկու բանաձևերը, որոնք ժամանակավորապես առկախվեցին:

Երկրորդ, ելնելով վերոնշյալից, առնվազն միամտություն կլինի կարծել, որ հայկական կողմի քայլերն այս փուլում կարող են ունենալ շոշափելի որևէ արդյունք, քանի որ ԱՄՆ-ն դժվար թե ցանկանա հրաժարվել իր երկրորդ «մտակից»:

Լիանա Հովհաննիսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...