Երևանում Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը անշուշտ քաղաքական զարգացումների հատկանշական ցուցիչ է, որքան էլ տարբեր դեսպանների տարբեր հանդիպումները Հայաստանում գործող քաղաքական ուժերի, նախկին նախագահների և այլ գործիչների հետ ունեն պարբերական բնույթ և վաղուց աննախադեպ կամ արտառոց երևույթ չեն:

Այդուհանդերձ, դրանցից յուրաքանչյուրն իր ժամանակի ու քաղաքական տարածության մեջ արտացոլում է զարգացումների որոշակի տրամաբանություն՝ փորձագիտական և մեդիահանրությանը տալով մտորումների և դիտարկումների տեղիք կամ նյութ:

Այն, որ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ դեսպանը ունեին խոսելու բազմաթիվ թեմաներ, անկասկած է: Միաժամանակ կասկածից վեր է, որ խոսակցությունը պարփակվելու էր առավելապես դիվանագիտական, քաղաքական ակնարկների շրջանակում՝ հաշվի առնելով այն, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀԿ մի քանի ներկայացուցիչներ: Այդ պայմաններում, իհարկե, խոսակցության կոնֆիդենցիալությունը դառնում է քիչ հավանական, ըստ այդմ՝ քաղաքական ազդակ կամ մեսիջ դառնում է հանդիպման փաստն ինքնին:

Եվ այդ տեսանկյունից արձանագրենք, որ Միացյալ Նահանգները փաստացի Սերժ Սարգսյանին «ճանաչում» է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների գործոն, սուբյեկտ: Դա չի նշանակում, որ Սարգսյանը մինչ այդ սուբյեկտ կամ գործոն չէր: Խոսքը տվյալ պարագայում այն մասին է, որ ԱՄՆ-ը փաստացի ճանաչում է Սարգսյանի այդ դերը: Փաստորեն ստացվում է, որ դա Վաշինգտոնից հայկական իրողությունների առնչությամբ երկրորդ ճանաչումն է՝ Ներկայացուցիչների պալատում հայերի ցեղասպանության ճանաչումից հետո: Դա իհարկե՝ կեսկատակ, առավել ևս, որ գործ ունենք երկու քաղաքական տարբեր հարթությունների հետ:

Այդուհանդերձ, Ներկայացուցիչների պալատում աննախադեպ քվեարկությունն ի վերջո իր քաղաքական լայն ազդեցությունն ունի, այդ թվում՝ ռեգիոնալ իրողությունների համատեքստում: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ կարող է ներառել նաև Հայաստանի ներքին զարգացումներ, որոնք երբեք չեն եղել արտաքին միջավայրից անկախ, ընդ որում՝ միանգամայն օբյեկտիվ պատճառներով:

Ահա այդ համատեքստում հետաքրքիր է, որ ԱՄՆ քաղաքական գործընթաց է «ներգրավում» Սերժ Սարգսյանին: Դա նշանակո՞ւմ է, որ Վաշինգտոնն այդ առումով անբավարար է գնահատում Հայաստանի քաղաքական նոր ղեկավարության գործունեությունը և տեսնում է այստեղ նոր ռեսուրսի ներգրավման անհրաժեշտություն, թե՞ հակառակը՝ ԱՄՆ-ը Սերժ Սարգսյանին դիտարկում է հայ-ամերիկյան հարաբերության և դրա լայն քաղաքական ազդեցության շրջանակում արդյունավետության հավելյալ ռեսուրս՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական նոր ղեկավարության համար մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրների առկայությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...