Ամուսնության գրանցման ազգային առանձնահատկությունները

- in Սոցիալական

Բրեվիսի հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ 61+ տարիքային խմբում գերակշռում են քաղաքացիական գրանցմամբ ամուսնությունները (61.1%), իսկ միայն եկեղեցական ամուսնությունները կազմում են 0.2%։

Ըստ ամենայնի, սրա հիմնական պատճառը խորհրդային շրջանում եկեղեցու դերի նվազումն էր, և միաժամանակ ամուսնությունը օրինականացնող փաստաթղթի կարևորությունը՝ պայմանավորված վարչական խրախուսումներով, բնակարան ստանալու գործընթացով և այլն։

18-30 տարեկանների շրջանում հարցվածների կեսից ավելին (55,2%) ամուրի է։ Այս տարիքային խմբում և՛ ԶԱԳՍ-ով, և՛ եկեղեցով ամուսնացածները կազմում են 16%։ Հետաքրքիր է, որ միայն ԶԱԳՍ-ով ամուսնացածների թիվը (13.4%) ավելի քան երկու անգամ գերազանցում է միայն եկեղեցով ամուսնացածների թվին (6,5%), չնայած այն հանգամանքին, որ այս խմբին պատկանող մարդկանց մեծ մասը ծնվել է հետխորհրդային շրջանում։

31-45 տարեկանների խմբում ավելի շատ են միայն ԶԱԳՍ-ով ամուսնացածները (36,3%) և չգրանցված/ փաստական ամուսնություն ունեցողները (34.3%)։ Նույն պատկերը դիտվում է նաև 46-60 տարեկանների շրջանում, որոնց արդեն կեսից ավելին (55.8%) ամուսնացած են միայն ԶԱԳՍ-ով։

Ամբողջական պատկերը վերլուծելիս նկատում ենք մի հետաքրքիր օրինաչափություն․ տարիքային խմբի աճին զուգահեռ միայն ԶԱԳՍ-ով ամուսնացածների մասնաբաժինը աճում է, իսկ միայն եկեղեցով ամուսնացածների մասնաբաժինը՝ նվազում։

Նույն հետազոտության շրջանակում պատկերը փորձել ենք վերլուծել նաև ըստ բնակավայրերի բաշխվածության։ Հատկանշական է, որ չնայած այն պատկերացմանը, որ գյուղական բնակավայրերում, որտեղ մարդիկ ավելի ավանդապահ են, եկեղեցով ամուսնությունների թիվը պետք է բարձր լիներ միջին հանրապետական, քաղաքային և մայրաքաղաքային ցուցանիշներից, պատկերը բոլորովին այլ է․ գյուղական բնակավայրերում միայն եկեղեցով ամուսնացածների մասնաբաժինը (2.4%) ավելի ցածր է հանրապետության միջին ցուցանիշից՝ 3% և միաժամանակ զիջում է քաղաքային (3.5%) և մայրաքաղաքային (3.2%) ցուցանիշներին։

Վերոնշյալ պատկերը փոխլրացվում է նաև այն հանգամանքով, որ գյուղական բնակավայրերում միայն «ԶԱԳՍ»-ով ամուսնացածների մասնաբաժինը (51.4%) ավելին է, քան քաղաքային (40.5%) և մայրաքաղաքային (38.6%) բնակավայրերում։

Ավելի խոր վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ցուցանիշները հստակ պատճառահետևանքային կապ ունեն հարցվածների ընտանիքի միջին եկամտի հետ։ Այսպես, ավելի բարձր եկամուտ ունեցողները նախընտրում են ամուսնանալ եկեղեցով, իսկ ավելի ցածր եկամուտ ունեցողները՝ միայն «ԶԱԳՍ»-ով։ Այս երևույթը կարելի է կապել նրա հետ, որ եկեղեցով ամուսնությունը մեզանում ենթադրում է ավելի մեծ ծախսով միջոցառումներ, ի տարբերություն «ԶԱԳՍ»-ի արարողության։

Գյուղական համայնքներում ամուսնալուծությունների ցածր մակարդակը կարող է պայմանավորված լինել սույն երևույթի նկատմամբ բնակիչների ոչ միանշանակ ընկալմամբ․ փոքր համայնքներում ընդամենը 1%-ն է ամուսնալուծված։ Մայրաքաղաքում, օրինակ, ամուսնալուծվածները կազմում են բնակչության 4.6%-ը։

Սակայն, չնայած դրան, նույն՝ ոչ միանշանակ դիրքորոշումը կա նաև փաստական ամուսնությունների դեպքում, ինչը, սակայն, չի խանգարում գյուղական և մարզային բնակավայրերում ունենալ փաստական ամուսնությունների ավելի բարձր մասնաբաժին (համապատասխանաբար՝ 6.2% և 7.2%), քան Երևանում (4.5%): Մնացած խմբերում էական տատանումներ կամ տարբերություններ չեն դիտվում։

Այսպիսով, փաստերի վերլուծությունը ստեղծում է կարծրատիպային ընկալումներից բոլորովին այլ պատկեր։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...