Այգեստանում երեք երիտասարդներ հարձակվել էին հայ տղայի հետ զբոսնող ռուս բասկետբոլիստուհու վրա ու բռնաբարել էին

- in Իրավունք
brnabarutyun

1971 թվականին բասկետբոլի Ռուսաստանի կանանց հավաքականի մարզուհիներից մեկը հրավիրվել էր խաղալու Հայաստանի թիմում: Բարձրահասակ, սլացիկ ու հմայիչ աղջիկը լողավազանում գրավել էր մի երիտասարդի ուշադրությունն ու սիրտը: Հենց լողավազանում էլ երիտասարդը ծանոթացել էր բասկետբոլիստուհու հետ:

Երբ դուրս էին եկել լողավազանից, երիտասարդը աղջկան հրավիրել էր սուրճ խմելու: Աղջկան գրավել էին երիտասարդի աշխուժությունը, հումորը, կնամեծարությունը: Երիտասարդը ռուս աղջկանով հրապուրվել էր անկեղծորեն, բայց ուրիշ անունով էր ծանոթացել՝ Սամվելի փոխարեն որպես Արամ էր ներկայացել: Գլխավոր պատճառն այն էր, որ Սամվելը նախկինում գողության համար դատվել էր, չէր ուզում նորից հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում՝ ի՞նչ իմանաս, աղջիկ է, մեկ էլ տեսար՝ շառի մեջ գցեց…

Աղջկա աչքին ավելի տպավորիչ երևալու համար Սամվելն ասել էր, թե պոլիտեխնիկականի ուսանող է: Չնայած նա միայն միջնակարգն էր ավարտել, բայց ճարպիկ էր, գրագետ, կանանց սիրտը նվաճելու հարցում՝ հաջողակ:

Աղջիկը չէր մերժել ու համաձայնել էր Սամվել-Արամի հետ հաջորդ օրը ևս հանդիպել: Երիտասարդը աղջկան «բնության գիրկն էր» առաջնորդել՝ բարձրացել էին Այգեստանի ծառաշատ հատվածը: Աղջիկը վստահել էր նոր ծանոթին, նրանք անկաշկանդ զրուցելով զբոսնում էին, երբ նրանց առաջ երեք անծանոթ երիտասարդներ էին հայտնվել: Տեսնելով ռուս աղջկան՝ նրանք փակել էին ճանապարհը ու Սամվելից պահանջել էին աղջկան «զիջել» իրենց:

Սամվելի ինքնասիրությունը խոցվել էր, նա տղաներին ասել էր. «Ընկերուհիս ա, հեռու մնացեք»: Բայց ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երեք երիտասարդները հեռանալու միտք չունեին, ավելին՝ նրանցից մեկը գրպանից զենք էր հանել ու պահել Սամվելի վրա: Ասել էին. «Քեզ խելոք պահի, թե չէ կսատկացնենք»:

Այդպես՝ տղաներից մեկը զենքը շարունակել էր Սամվելի վրա պահել, իսկ եռյակի գլխավորը՝ «շեֆը», հարձակվել էր աղջկա վրա, գցել գետնին ու բռնաբարել: Երբ մի կողմ էր քաշվել, գետնին ընկած աղջկան էր մոտեցել երկրորդ երիտասարդը, սակայն աղջիկը մարզիկի իր ուժեղ ոտքով ցավոտ հարված էր հասցրել նրան ու փախել:

Աղջիկը ներկայացել էր Երևանի Սպանդարյանի շրջանի ՆԳ բաժին ու հաղորդում էր տվել: Քրեական գործ էր հարուցվել: Ռուս բասկետբոլիստուհու նկատմամբ կատարված ոտնձգության բացահայտումը մոսկովյան իրավապահների հսկողության տակ էր:

Գործի բացահայտումը սկսել էին աղջկա հետ անտառ բարձրացած երիտասարդի ինքնությունը պարզելով:

Աղջիկը նշել էր՝ անունը Արամ է, սովորում է պոլիտեխնիկում: Այնտեղ սովորող շատ Արամների էին ներկայացրել աղջկան, բայց նա ոչ ոքի չէր ճանաչել:

Աղջկան ցույց էին տվել իրավապահների մոտ հաշվառման մեջ գտնվողների լուսանկարները: Հանկարծ աղջիկն աշխուժացել, մատը դրել էր հերթական նկարին ու բացականչել էր՝ ահա, ահա Արամը: Պարզվել էր՝ Սամվելն է՝ նախկինում գողության համար դատապարտված…

Սամվելին բերման էին ենթարկել, նա ներողություն էր խնդրել աղջկանից, բայց պնդել էր, որ երեք երիտասարդներին չի ճանաչել, ինքն էլ է նրանց բռնությունից տուժել: Աղջիկը հաստատել էր Սամվելի ասածը:

Սամվելն ու աղջիկը մանրամասն նկարագրել էին հանցավոր եռյակին, նաև՝ ինչ կար նրանցից յուրաքանչյուրի հագին:

Օրեր անց Չարենցի փողոցում գտնվող խանութներից մեկի մոտ կանգնած մի երիտասարդ գրավել էր տարածքում շրջող օպերլիազորների ուշադրությունը: Ոչ միայն արտաքինն էր համապատասխանում ռուս աղջկա նկարագրածին, այլև՝ հագուստը:

Այդ երիտասարդին բերման էին ենթարկել, առերեսել աղջկա հետ: Վերջինս ճանաչել էր նրան: Երիտասարդը, որ ութ տարի ազատազրկումից վերջերս էր ազատվել, խոստովանել էր, տվել էր ընկերների անունները: Բերման էին ենթարկել նաև նրանց, դարձյալ ճանաչումներ ու առերեսումներ էին կատարել…

Բռնաբարության, բռնություն գործադրելու, ապօրինի զենք կրելու համար երեքն էլ դատապարտվել էին տևական ազատազրկման:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...