Հանրակրթական դպրոցի ծրագրից հայ եկեղեցու պատմություն առարկան հանելու կառավարության մոտեցումը հանրության շրջանում առաջացրել է քննարկումներ, կրքեր:

Վարչապետ Փաշինյանը կառավարության դիրքորոշումը բացատրեց նրանով, որ հայ առաքելական եկեղեցին եղել է հայ ժողովրդի պատմության մի մասը, ըստ այդմ տարակուսելի եւ տարօրինակ է, երբ այն կտրում ենք ու դարձնում առանձին առարկա:

Հանգամանքն, իհարկե բացի զուտ հանրակրթական, ծրագրային խնդրից, ունի նաեւ որոշակի շեղման խնդիր: Դպրոցներում կան դեպքեր, երբ դասերը սկսում են աղոթքով: Դա այլ բան չէ, քան պարզապես հանրակրթության կղերականացման դրսեւորում, ինչն անընդունելի է եւ չի կարող լինել քննարկման առարկա:

Այն, որ Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ ուղեկից է, բացառիկ կառույց եւ կարող է նշանակալի դեր խաղալ հայկական պետականության եւ համահայկական ներուժի հարցում, թերեւս աներկբա է: Աներկբա է, որքան էլ ՀԱԵ պատմական ընթացքը շատ հաճախ եղել է հայկական պետականության տրամաբանությանը հակոտնյա, որքան էլ ՀԱԵ ղեկավարությունները պատմական որոշակի շրջափուլերում պետությունը դիտարկել են ազդեցության մրցակից:

Ակնառու է, որ խնդիրը կա նաեւ ներկայում, եւ իր դերով, ցանցով, միաժամանակ ձեւավորված արժեհամակարգային պլաստով ՀԱԵ-ն գործնականում կարող է դիտվել պետություն պետության մեջ: Իսկ քանի որ խոսքը նաեւ ինստիտուտի մասին է, դրա վարքագծում էական դեր է խաղում նաեւ «գերատեսչական» շահը, ներառյալ ղեկավարության տարատեսակ շահառությունները:

Խորհրդային շրջանում այդ հարցը լուծել էին այդ շրջանին ու պետությանը բնորոշ գործիքներով: Հետխորհրդային շրջանում էլ կար «պետություն պետության մեջ» բնական մարտահրավերը չեզոքացնելու խնդիր: Ամբողջ հարցն անշուշտ այն է, որպեսզի մարտահրավերը չեզոքանա, սակայն ոչ ինստիտուտի դերն ու կարեւորությունը հանրային-պետական շահի առողջ ձեւավորման ու սպասարկման հարցում:

«Պետություն պետության մեջ» հարցը լուծվեց, սակայն եկեղեցու առողջ դերի հաշվին: Որոշակի փնտրտուքից հետո, արդեն որպես քրեաօլիգարխիա ձեւավորվող համակարգը պետության անունից գործարք առաջարկեց եկեղեցուն՝ տեղավորվել համակարգի մեջ, զբաղեցնել հիերարխիկ դիրք, որը բացառում էր իշխանության դիրքի վիճարկումը:

Եկեղեցու ղեկավարությունը ողջախոհ քայլ է կատարել՝ չգնալ պետական իշխանության հետ առճակատման, չփորձել խաղարկել «պետության մեջ պետություն լինելու» ներուժը, ինչը կարող էր լրջագույն մետաստազներ ունենալ պատերազմող պետության համար: Բայց, միեւնույն ժամանակ, առանցքային հարցն այն է, թե ինչ պայմաններով է կնքվել գործարքը: Այստեղ ակնառու է, որ գործարքը կնքվել է ոչ թե եկեղեցու դերի, պետության հետ փոխհարաբերության մեխանիզմի եւ բնույթի, այլ նյութական հարցերի, բիզնես քվոտաների, տնտեսական շահառությունների ու նաեւ ազդեցության այլ գործիքների շուրջ, որոնց թվում էր նաեւ տարբեր հանրային տիրույթներում եկեղեցու դերի ներմուծումն, առավելապես արհեստական տրամաբանությամբ: Այդպիսով նաեւ եկեղեցին վերածվում էր իշխանության որոշակի «արժեքային կամուֆլյաժի», երբ պաստառի վրա գրվում էր ազգայինը, իսկ դրա ներքո յուրացվում էր հանրայինը:

Դա առաջին հերթին հարվածել է եկեղեցու իրական դերին, որովհետեւ առաջացրել է հանրություն-եկեղեցի խզում: Իշխանության հետ գործարքը տեղի է ունեցել եկեղեցու ներուժի եւ հանրության հետ հարաբերության հաշվին, որովհետեւ եկեղեցին իշխանության հետ պայմանավորվել է ոչ թե հանրային շահի շուրջ, այլ հանրային շահի հաշվին:

Ներկայում պետությունը ՀԱԵ-ին առաջարկում է հարաբերության այլ համակարգ եւ տրամաբանություն, որտեղ պետության դերի առաջնայնությունը դարձյալ չի կարող լինել վիճարկելի, մյուս կողմից սակայն պետությունը դրա դիմաց եկեղեցուն կամ ավելի շուտ եկեղեցու ղեկավարությանն առաջարկում է ոչ թե նյութ, տնտեսական ռեսուրս, այլ այսպես ասած ստեղծագործական ազատություն՝ նոր իրավիճակում ու ընդհանրապես նոր աշխարհում ՀԱԵ հասարակական եւ համահայկական դերի վերաձեւավորման, հանրության հետ առողջ եւ բնական շահի վերականգնման գործում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...