Անձնագրային և վիզաների վարչության պետը շատ կարեւոր հարցի մասին

- in Սոցիալական

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-ի իր էջում գրել է.

Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարևոր հարցի շուրջ: Այն դեպքում, երբ քաղաքացին իր բնակարանը տալիս է վարձակալության կամ անհատույց օտգագործման իրավունքով այլ անձի, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի վերջինս հաշվառվի ըստ բնակության վայրի: Ընդ որում, հաշվառում չունենալը խոչընդոտ է հանդիսանում մի շարք իրավունքների պատշաճ կարգով իրացման համար:

Շատ դեպքերում բնակարանների սեփականատերերը չեն տալիս գրավոր համաձայնություն կամ առանց գրավոր համաձայնության փաստացի բնակության հիմքով հաշվառված լինելու դեպքում, դիմում են ներկայացնում հաշվառումից հանելու համար:

Պատճառն այն մտավախությունն է, որ հաշվառումը կարող է փաստական հիմք հանդիսանալ բնակչի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման համար:

Առաջարկում եմ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց, կազմակերպություններին կազմակերպել քննարկումներ նշված հարցի լուսաբանման, իրազեկման կապակցությամբ (հիմնականում քաղաքացիական իրավունքի մասնագետներին), քանի որ խնդիրը համատարած բնույթ է կրում:

Քննարկման և լուսաբանման օրակարգում առաջադրել հետևյալ հարցերը

– հաշվառման փաստը կարող է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ,

-եթե այո, որ դեպքերում:

Հ.Գ. Հիմնականում քաղաքացիներին շփոթության տեղիք է տալիս հետևյալ իրավիճակը: ԽՍՀՄ տարիներին, երբ բնակֆոնդը պետական սեփականություն էր, սեփականաշնորհման գործընթացում սեփականության իրավունք ձեռքբերեցին բոլոր այն անձինք, ովքեր ունեին հաշվառում: Տարիներ շարունակ այդ պրոցեսը շփոթության մեջ է դնում քաղաքացիներին: Բազմիցս պարզաբանվել է, որ եթե գույքը ունի սեփականատեր, վարձակալությամբ կամ օգտագործման իրավուքով հանձնելուց հետո հաշվառվելը չի կարող սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալ: Բացի այդ, քաղաքացիները շփոթում են տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հետ, որը բնականաբար լրիվ այլ գործընթաց է և այլ իրավական, փաստական հիմքեր է ենթադրում: Այս առումով ակնկալում ենք նաև իրավապաշտպանների աջակցությունը հնարավորինս լայն շրջանակներում քաղաքացիներին իրազեկելու համար, քանի որ շատ եմ կարևորում պետություն-իրապաշտպան փոխգործակցությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...