Անվտանգության «ալիբին» չափազանց պարզունակ է. Սերժ Սարգսյանը կասի՞ ամենակարեւորը

- in Պնակալեզներ

Կատարվածի մեջ կար իհարկե նաեւ մեր մեղքը, Զագրեբում ԵԺԿ համագումարում ելույթ ունենալիս հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն անդրադառնալիս, ավելացնելով սակայն, թե իրենց գործողություններում առաջնային է եղել անվտանգության հարցը:

Անվտանգությունը Հայաստանի իշխող համակարգի համար մշտապես եղել է «ալիբի»: 2016 թվականի ապրիլյան պատերազմում այն պայթեց փուչիկի նման, քանի որ պարզվեց, որ անվտանգության մասին հավաստիացումները ամենեւին էլ այն ծավալի ու որակի սահմանում չեն, որքան ներկայացվել են մինչ այդ:

Մյուս կողմից, այստեղ թերեւս կան բավական նուրբ շերտեր, կապված նախկին իշխող համակարգի ներքին փոխհարաբերությունների հետ: Թեեւ զուտ ֆիզիկապես ու ֆինանսապես հնարավոր էր այդ ամենը անել ապրիլից առաջ, ըստ այդմ թերեւս կանխարգելելով շատ բան, եւ պատերազմն ընդհանրապես, այդուհանդերձ իրական ռեժիմում քայլերն անել հնարավոր է եղել ապրիլից հետո:

Իսկ պատճառը նախկին իշխող համակարգում փոխհարաբերությունների բարդ կառուցվածքն էր, որը եթե ձեւակերպենք փոքր ինչ պարզունակ կամ կոպիտ, հանգում է՝ «ով պետք է անի», կամ՝ «ինչու ես» հարցերին: Անվտանգային լիարժեք համալիրը, ինչպես ներքին ռեֆորմները, ունեն իրենց գինը մի համակարգում, որը ձեւավորվել եւ գործել է ամբողջատիրության սկզբունքով, հանրային ու պետական ռեսուրսի անձնականացման, խմբայնացման հաշվին:

Միեւնույն ժամանակ, այդ համակարգի թեւերից յուրաքանչյուրը հրաժարվում է վճարել այդ գինը՝ թե ներքին ռեֆորմի, թե անվտանգության համար: Մեծ հաշվով, նրանք չեն կարող դեմ լինել այդ ամենին, բայց չեն ուզում վճարել գինը: Խնդիրը սուր չէ, եւ փոխզիջումները ավելի դյուրին են տրվում, եթե «աշխարհը լայն է եւ ոչ խաբուսիկ», ինչպես էր օրինակ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Դրա գործնականում ամբողջ 2/3-ի ընթացքում Հայաստանի իշխող համակարգի համար առկա էր աշխարհքաղաքական եւ աշխարհտնտեսական խիստ նպաստավոր կոնյունկտուրա, որից հմտորեն օգտվեց Քոչարյանը:

Սերժ Սարգսյանի նախագահությունը, ներքին մարտահրավերներից բացի, ուղեկցվեց արտաքին խիստ անբարենպաստ դարձող եւ հետագայում ավելի վատթարացող եւ ուժգնացող կոնյունկտուրայով: Դա բերեց ռեսուրսների սղության, էապես թանկացրեց իշխանության գինը եւ միաժամանակ նեղացրեց շրջանակը: Այդ պարագայում էլ գերթանկ արժեր անվտանգության եւ ներքին կյանքի որեւէ էական գործողություն կամ ռեֆորմ: Համակարգն այդպիսի պարագայում փաստի առաջ կարող է կանգնել միայն պատերազմի դեպքում, ինչն էլ տեղի ունեցավ ողբերգականորեն:

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթում առանձնահատուկ է «մեղքի» վերաբերյալ հատվածը: Կբացի՞ այն Սերժ Սարգսյանը, կհասցեականացնի՞, կառարկայացնի՞, կխոսի՞ կոնկրետ, թե որն էր իրենց մեղքը: Որովհետեւ անվտանգության «ալիբին» չափազանց պարզունակ է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments