Arayik Harutyunyan

Շուշիում նոյեմբերի 10-ին կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը: Ներկայացվել են «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները:

Օրակարգում ընդգրկված էր նաև Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար նախագահի թեկնածուի առաջադրման, առաջադրված թեկնածուի կողմից ծրագրերի ներկայացման, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրությանը վերաբերող հարցերը:

Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը: Հաջորդիվ համագումարի մասնակիցներին է ներկայացվել Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար թեկնածուի ընտրության հարցը: Համագումարի բոլոր մասնակիցների կողմից միաձայն ընտրվել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կուսակիցների վստահությունն իսկապես պարտավորեցնող է: «Ես ինձ իրավունք եմ վերապահում ընդառաջ գնալու կուսակիցներիս ցանկությանը: Այդ իրավունքն ինձ վերապահում եմ, նախ և առաջ, այն պատճառով, որ շուրջ մեկ տասնամյակ եղել եմ Արցախի վարչապետ և պետնախարար, ունեմ որոշակի հաջողություններով հարուստ պաշտոնավորման փորձառություն, շատ լավ եմ պատկերացնում մեր պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ինձ սատարում է ժողովրդի քվեին արժանացած, քաղաքական և մասնագիտական լուրջ փորձառություն ունեցող քաղաքական թիմը՝ պատրաստ եմ լիովին ստանձնելու այդ պատվաբեր պատասխանատվությունը՝ ամենից առաջ հաշվետու լինելով Արցախի քաղաքացուն»,- ասել է Հարությունյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...