Իհարկե, Արայիկ Հարությունյանը կրթության, գիտության, սպորտի և մշակույթի լավագույն նախարարը չէ: Նրա մեկուկես տարվա գործունեությունը ողողված է բազմաթիվ խնդրահարույց որոշումներով, խոտաններով և «ստորջրյա քարերով»:

Լուրջ խնդիր է նաև բարեփոխումների հապաղումն ու «վիրահատական» միջամտությունների բացակայությունը, ինչի հետևանքով էլ կրթական և գիտական համակարգերը շարունակում են մնալ խոր ճահճի մեջ:

Բայց, այնուամենայնիվ, չենք կարող նաև չարձանագրել, որ գոնե մեկ ուղղությամբ նախարարի գործունեությունը չափազանց արդյունավետ է: Նա շատ կարճ ժամանակամիջոցում կարողացավ միևնույն տարածությունում համախմբել Հայաստանի գրեթե բոլոր հետադիմական շերտերին, որոնք գաղափարական տեսանկյունից արգելակում և խոչընդոտում են հանրային մտածողության առաջընթացն ու տրամաբանության ընդլայնումը: Երևույթն այս, իհարկե, դրական է, քանի որ միևնույն տարածությունում մեկտեղված հետադիմությունը անխուսափելիորեն սպառելու է իր ռեսուրսներն ու դատապարտվելու է ինքնամաշեցման, ինչի հետևանքով այն զրկվելու է առաջ շարժվելու և էլ ավելի տարածվելու հնարավորությունից:
Բացի դրանից՝ համանման փոքրիկ «պայթյունները» էլ ավելի են ամրացնում հանրային փորձառությունն ու ինքնապաշտպանական մեխանիզմները: Այլ խոսքով ասած՝ նույնիսկ ամենապահպանողական հայաստանցին տեսնում է, որ քաղաքական արենայում հայտնված հետադիմական շերտերը մարգինալ են ու ծայրահեղական՝ ներծծված նեոֆաշիզմի քայքայիչ հեղուկի մեջ: Իսկ Հայաստանի հանրությունը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել իր խոր անտարբերությունը ծայրահեղական ու մարգինալ տարրերի նկատմամբ:

Ասվածի համատեքստում կառավարությունն ու կառավարող թիմը չպետք է շարժվեն զիջումների և երկխոսության ճանապարհով: Ռևանշիստների և նեոֆաշիստների հետ չի կարելի բանակցել, դրանք պետք է մատնվեն տոտալ անտարբերության և արհամարհանքի, ինչն էլ կհյուծի և կմաշեցնի մարտնչող տգիտության մարտնչող էությունը: Այլ խոսքով՝ Արայիկ Հարությունյանը չպետք է հրաժարական տա, քանի որ նրա հեռացումը շատ վատ նախադեպ կստեղծի, որի հետևանքով ագրեսիվ հետադիմությունը աստիճանաբար շարքից կհանի ամբողջ կառավարող թիմին: Փաստացի դա կմարմնավորի մարտնչող հետադիմության և ռևանշիզմի հաղթարշավի մեկնարկը, որի վերջնական հանգրվանը կլինի վարչապետ Փաշինյանի աշխատասենյակը:

Իհարկե, ասվածից պետք չի ենթադրել, թե Արայիկ Հարությունյանը հավերժ պաշտոնավարելու է: Երիցս ո՛չ: Մենք հակված չենք հանդես գալ համակարգային կոնֆորմիզմի դիրքերից, երբ արտաքին սպառնալիքների պատրվակով ներքին հիմնախնդիրները մղվում են երկրորդական պլան: Բնականաբար, ԿԳՍՄ նախարարը ինչ-որ մի օր հրաժեշտ է տալու իր պաշտոնին, բայց ոչ թե մարտնչող հետադիմության և տգիտության պահանջով, այլ իր ենթակայության տակ գտնվող ոլորտներում խոր և համապարփակ քննարկումների հետևանքով: Կարելի է ասել, որ այս փուլում նրա պաշտոնավարումը ինչ-որ իմաստով նաև դրական է: Փաստացի նա միջանկյալ միավոր է, որը հակված չէ գնալ մեծ ռեֆորմների, բայց ազդարարում է դրանց անհրաժեշտության մասին: Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը «եկեղեցու զանգերի» կարգավիճակ ունի, նա ազդարարում է «պատարագի» մասին, բայց «պատարագիչը» ինքը չէ: Ուրիշ մեկն է, որը դեռևս պետք է գա ու ստանձնի կրթական համակարգի զրոյից կառուցման պատասխանատվությունը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...