ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվում է նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարար Արայիկ Հարությունյանը դասախոսներին կոչ արեց եզրակացություններ անել բացառապես փաստերի հիման վրա:

«Այս իշխանության հիմնական սկզբունքը եղել է այն, որ չկա որևէ հարց, որը չի կարող չքննարկվել, չկա այնպիսի իրավիճակ, որտեղից լուծումներ չգտնենք: Մեղադրանքներ են հնչում իմ հասցեին, որոնք կարծում եմ ճիշտ չեն: Եթե մենք ցանկանայինք առանց քննարկումների հարցն առաջ տանել, ապա այդպես էլ կանեինք: Ես չգիտեմ, թե որտեղից եք վերցրել, թե որևէ զիջում չի կարող լինել: Մենք պատրաստ ենք քննարկման»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարար տեղեկացրեց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում Հայոց լեզվի, Հայ գրականության, Հայոց պատմության դասավանդման վերաբերյալ որևէ դիտողություն չի եղել:

«Մեզ եկել է Պատմության ֆակուլտետի դիտարկումները, Բանասիրականից ոչինչ չենք ստացել: Շատ եմ ցավում, որ այս ամբողջ գործընթացում հնչում էին միակողմանի դիտարկումներ»,- ասաց նախարարը: