ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ իր դեմ ակցիաներին ու հրաժարականի պահանջին։

Նա ասաց, որ քաղաքական գործընթացներ են, բարեփոխումների ծավալը մեծ է, և կլինեն խմբեր, որոնց կարող են նաև նման պահանջներ դնել։

«Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, իրենց պահանջները լսել, բացատրել։ Բայց ես ինչքան հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են անում»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ պատրաստ է հրաժարական տալ միայն այն ժամանակ, երբ կկարծի, որ իր լիազորությունները բավարար չի կատարում։

Նա անդրադարձավ նաև ՀՅԴ գործողություններին իր դեմ․ «Նախ ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց քարտուղարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Ես կարծում էի, որ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր, նախ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, երկրորդ՝ փոխեր իր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը և շարունակում են տապալել։ Այն գործողոությունները, որոնք հիմա տեղի են ունենում, միայն բացասաբար են անդրադառնում հասարակության մոտ նրանց վարկանիշի վրա»,- ասաց նա։

Նա նաև հարցադրում արեց՝ ինչու Դաշնակցությունը սկսեց աղմկել կրթության ոլորտի բարեփոխումների դեպքում, որովհետև նախկինում տապալել են այս ոլորտի կառավարումը։ «Ես, ճիշտն ասած, պատրաստվում եմ այն արկղերը, որոնք երեկ բերել էին, այդ արկղերը լցնեմ տասնյակ քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկեմ իրենց»,- ասաց նախարարը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...