Արդի հայ հեղինակները՝ «Տաղարանի» համերգին. Ի հիշատակ և ի կյանք – Լուսանկարներ

- in Մշակույթ

Հոկտեմբերի 31-ին Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգով մեկնարկեց ՀԿՄ կողմից կազմակերպված հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը: Այն այս տարի նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:

«Տաղարանը», որը կոչված է հայ ավանդական, տաճարական և եվրոպական միջնադարյան երաժշտությունը ներկայացնելուն, հետևողական է նաև արդի հայ կոմպոզիտորներին գործերը հնչեցնելու գործում: Համերգի «Հուշ » ենթաբաժնում կատարվեցին Կոմիտասի, նաև վերջերս իրենց երկրային կյանքն ավարտած երեք անվանի կոմպոզիտորների՝ Գագիկ Հովունցի, Ստեփան Շաքարյանի և Յուրի Հարությունյանի ստեղծագործությունները: Սա խոնարհում էր նրանց հիշատակին և մի անգամ ևս հավաստումը նրա, որ մարդը շարունակում է ապրել իր արարումներում:

ԿՈՄԻՏԱՍԻ «ՆՈՐ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ».

Համերգի սկզբում հնչեց Կոմիտաս: Բայց ո՛չ նրա հանրահայտ գործերից, այլ այն ստեղծագործություններից մեկը, որ Կոմիտասը գրել է Գերմանիայում ուսանելու տարիներին և ունի եվրոպական երաժշտարվեստի ուղղակի կնիքը: Ուսանելու համեմատաբար կարճ ընթացքն էլ բավական էր, որ հայ հանճարը խորապես ընկալեր եվրոպական արվեստի բնույթը և գրել գործեր, որոնք արվեստով կարելի է դնել այդ արվեստի հաջողված գործերի կողքին: Մեծ երգահանի նորահայտ դաշամուրային գործերից «Հուշերը» կատարեց «Տաղարանի» գեղարվեստական ղեկավար և դիրիժորՍեդրակ Երկանյանը:

ՍՏԵՓԱՆ ՇԱՔԱՐՅԱՆԻ «ՀՈՒՇ ԱՌ ԿՈՄԻՏԱՍԸ»՝ ԸՆԾԱՅՈՒՄ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ.

ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի «Հուշ առ Կոմիտաս» երկի կատարումը առիթ է հիշելու նրա հարուստ կենսագրության կարևոր դրվագները. 1956-ին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով Երևանի կոնսերվատորիայից տեղափոխվել է Գնեսինների անվ. ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա: Ուսումնառության ավարտին վերադարձել է Երևան, դարձել ՀՀ Ռադիոպետկոմի մենակատարների ջազ- անսամբլի հիմնադիր-ղեկավար, դասավանդել Երևանի պետ. կոմսերվատորիայում: Ստեղծել է հարյուրից ավելի ջազային կոմպոզիցիաներ, գրել սիմֆոնիաներ, կոնցերտներ: Մշակելով հայկական ժողովրդական երգերը՝ դրանց տվել է ջազային շունչ ու հնչողություն. «Բինգյոլից մինչև կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի կատարյալ մի օրինակ:

Սակայն «Տաղարանի» համերգին կատարելու համար ընտրվել էր նրա երգեհոնային ստեղծագործությունը, և դա պատահական չէր. այն հեղինակն ընծայել է Կոմիտասի հիշատակին. փոքրածավալ այս գործը, որ հնչեց երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի կատարմամբ, կոմպոզիտորի ստեղծած կոմիտասյան կերպարն է, հնչմամբ իր հուշապատումը՝ Վարդապետի մասին: Համերգին այն հնչեց արդեն նաև՝ իբրև հուշ առ Ստ. Շաքարյան:

Նրա մի այլ ստեղծագործություն՝ «Զանգեր» սոնատ համար 2-ը, հնչեց Մաեստրո Սեդրակ Երկանյանի դաշնամուրային կատարմամբ՝ մերթ մեղմահունչ, մերթ զգայացունց, մերթ դրամատիկ: Գեղեցիկ, կառուցիկ մի գործ, որի հնչման յուրատիպությունն իր նվագով հաղորդեց Մաեստրոն՝ ռոմանտիկ շնչով ողողուն, տրամադրության տարուբերումների ճշգրտությամբ:

ԳԱԳԻԿ ՀՈՎՈՒՆՑԻ «ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՏՐԻՈՅԻ» ԴՐԱՄԱՏԻԿ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԵՐԱՆՁՆԱԿԱՆԻ ԹԱՐԳՄԱՆ.

Խորհրդային Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը եղել է Գրիգոր Եղիազարյանի աշակերտը: Կոմպոզիտորի ստեղծագործական նախասիրությունները կապված են եղել գործիքային երաժշտության ժանրերին: Երեք ինվենցիոն ցիկլեր՝ սիմֆոնիկ երաժշտության բնագավառում, 30 «Ինվենցիոն պիեսներ»՝ նվագախմբային գործիքների համար՝ դաշնամուրի նվագակցությամբ, դաշնամուրային երկու սոնատներ, սոնատ-դուետներ՝ դաշնամուրի և ջութակի համար, դաշնամուրային տրիո. – այս ժառանգությունից ի հիշատակ կոմպոզիտորի «Տաղարանի» համերգին հնչեց «Դաշնամուրային տրիոն»: Հովունցի ստեղծագործությունները հենվում են իր իսկ ստեղծած լադա-տոնայնական համակարգի վրա: Բայց հասարակ ունկնդրի համար գործի գեղեցկությունը և դրամատիկ լարվածությունը ընկալելի են կատարողների վարպետության և երկի տրամադրությունը հաղորդելու շնորհքի շնորհիվ: Դաշնակահար Սեդրակ Երկանյան, ջութակահար Քրիստինե Չթչյան, թավջութակահար Գոռ Մանթաշյան եռյակը հաղորդեց հեղինակի հոգեընդվզումը, որ ներանձնական ապրումի միջոցով հաղորդվելով՝ առավել ընդգրկուն սահմաններ ունի գուցե, քան մի մարդու ներքին ապրումն է:

ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՏՈՂԻ ՀՄԱՅՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ՅՈՒՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՎՈԿԱԼ ՇԱՐՔՈՒՄ

Յուրի Հարությունյանը երկար և բեղուն կյանք է ապրել: Ծնվել է Ռումինիայի Գալաց քաղաքում, վերաբնակվել Հայաստանում, ավարտել Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը, եղել «Հայֆիլմ» կինոստուդիայի երաժշտական ձևավորողն ու խմբագիրը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության պատասխանատու քարտուղարը, միությանը կից հիմնադրել է «Բրևիս» երաժշտական ձայնագրման ստուդիան: Նրա հեղինակած երաժշտությունը հնչում է ավելի քան 7 ֆիլմերում: Յուրի Հարությունյանի գրած երաժշտությունից «Տաղարանի» համերգին հնչեց Վահան Տերյանի խոսքերով գրված վոկալ շարքը. հինգ երգ՝ երգչուհի Սոնա Սարգսյանի կատարմամբ՝ սահունորեն իրար հաջորդող, սակայն միմյանցից տարբեր… Աշնանային թախծությունն ու մելամաղձությունը՝ շրշյուն-շշունջներով, մթնշաղի մեջ պատկերները՝ «Սահուն քայլերով, աննշմար՝ որպես քնքուշ մութի թև», բնությանը ներդաշնակումը՝ «Առավոտն է ժպտում հաշտ, բոցավառվում նոր բոցով», նոր սիրո խոստմամբ վերընձյուղումը՝ «Սիրտս ջահել է նորից, սիրտս սիրում է կրկին» եղանակավորված են՝ հարազատ բանաստեղծական տողի և տրամադրության, տերյանական ոգուն համահունչ: Նվագախումբն այդ երաժշտությունը կատարեց նուրբ, թափանցիկ, զգայուն: Սոնա Սարգսյանն էլ տերյանական բանաստեղծությունը նրբորեն ու բոլորի ականջին հասկանալի հնչեցրեց՝ երգեցողությանը համազոր լիրիկական սոպրանոյով պարզորեն արտաբերելով հայերեն խոսքը, ինչն առավել գնահատելի դարձրեց իր կատարումը:

ՏԱՐԱԿԱՆՈՆ ԵՎ ՀԱՄԱՉԱՓ. ՁՈՆԵՐԳ՝ ԴԱՎԻԹ ՍԱՔՈՅԱՆԻՑ

Երազայնության և անրջանքի զգացողությունը քնքշաթույր հունչով չէ միայն հաղորդվում: Զգայնությունը, ներանձնական ապրումը կարելի է հաղորդել նաև ընդգծված շեշտադրումներով և արտահայտչականությամբ, երբեմն՝ հատու, ընդգծված հատվածայնությամբ՝ երաժշտական «վանկատմամբ», ինչը հատուկ է Դավիթ Սաքոյանի «Այս տարօրինակ A. D. Es. երաժշտությունը» խորագիրը կրող երկին:,Ըստ հեղինակի, տարօրինակ հունչով երկը կոմպոզիտոր Դավիթ Սաքոյանն իր դստերն է ձոնել: Դ. Սաքոյանի կոմպոզիտորական «ձեռագիրը» յուրատիպ է, և երկու ֆլեյտայով ու լարային քառյակով կատարելու համար գրված այս կամերային ստեղծագործությունը ևս կրում է այդ յուրատիպության կնիքը: Սովորակ քնքշության բացահայտ արտահայտությունից զերծ, ներքուստ պիրկ ու զգայուն, դրամատիզմի կառուցման հեղինակային հնարները հատուկ մասնագիտական վերլուծության կարիք ունեն: Իսկ ունկնդրի համար այդ տարականոնությունը հնչում է համաչափ և տարածական, որպես հայ կոմպոզիտորական դպրոցի յուրատիպ դրսևորում:

ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆԻ «ՏԵՍԻԼՔԸ»

Տեսիլքները նուրբ զգայնության և խորը հոգեվերլուծության արդյունք են՝ աղբյուր մնայուն արժեք ունեցող արարումների, անցյալի զորեղ վերապրումների և ապագայի իմաստուն կանխատեսումների: Իսկ կենդանի տեսիլքի զգացողությունը հաղորդելու կարողությունը արվեստագետների շնորհն է, հազվագյուտ կարողությունը: Կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի հոգևոր երգերը, չարենցյան տողերով ստեղծագործությունները, սոնատները, մոնումենտալ, դարերի քննությունը անող և հայոց երթը գնահատող խոշոր կտավի երկերը՝ սիմֆոնիաները, իրենցում իմաստնաբանությունն ունեն խորհող, քննող, ժամանակն ու մարդուն նյարդերով զգացող մտածողի, և անցյալի պատկերը, ներկա իրողություններն ու ապագայի սեփական տեսլականն՝ ամբողջության մեջ հնչման ներդաշնակությամբ ամբողջացած, հաղորդում են անհատի խոհը, երազը, տվայտանքը, անհանգստությունը, հույսը, հավատի զորությունը…

Իր ծնողաց հիշատակին ձոնված երաժշտական երկը, որ կոմպոզիտորը «Տեսիլք» է խորագրել, նախկինում կատարվել է սիմֆոնիկ նվագախմբի կողմից՝ ջութակի մենանվագով: Դաշնամուրի և ջութակի համար փոխադրումը առավել կամերային, ներհուն-անձնական է, դրամատիկ սպասմամբ, խաբկանքի հրճվանքի իղձով, տեսիլքի մեջ իրականության փնտրումով: Սեդրակ Երկանյանի դաշնամուրային կատարումը՝ հոգեմուխ և հուզառատ, զուտ հույժ պրոֆեսիոնալի մեկնություն չեմ դիտում, այլ նաև զավակի նվիրում ծնողներին, որոնց պատկերն ու պատգամը, սերն ու զոհողությունն ուղեկից են Երկանյան գերդաստանի շառավիղներին:
Քրիստինե Չթչյանի ջութակի հնչումը՝ նույնքան հույզ-խորքով և սրտառուչ՝ Մաեստրոյի նվագին միահյուս ու շաղախված, ստեղծում էին տեսիլքը սիրելի մարդկանց կենդանի ներկայության, ու խոստովանեմ, ես էլ ապրեցի տեսիլքն ու խաբկանքը կորուսյալի շոշափելի ներկայության: Շնչառությունը պետք է զգալ կարոտի ու ապրել անհամաձայնությունը կորստի հետ, անիմանալիի զգայնությամբ օժտված լինել և հավատի զորությամբ՝ հոգու ոգորման անմեկնելի պահերի ծնունդ երաժշտությանն անեղծ հաղորդվելու և ընկալելու համար: Այդ ընկալմանը հասցրեցին երաժիշտներն ունկնդրին՝ անկախ համերգին ներկաների հոգեկառույցի յուրահատկություններից և կյանքի փորձառության պաշարից:

Երվանդ Երկանյանի «Տեսիլքի» ներանձնական հունչ ունի, և մտասուզումն այստեղ նույնքան իրական է, որքան տիեզերքի զգացողությունը՝ հոգուդ տարածքում:

ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ԶԵՂՈՒՄՆԵՐ՝ ՏԱՐԲԵՐ ՍԵՐՆԴԻ ԱՐԴԻ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՑ

Երաժիշտ, երգիչ, երգահան Արթուր Միտինյանը հայտնի է՝ որպես «Այաս» ռոք խմբի հիմնադիր և խմբի մեներգիչ: Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտը հեղինակել է ռոք-բալետներ, օպերաներ, սիմֆոնիկ, կամերային, եկեղեցական, դաշնամուրային ստեղծագործություններ:

Դրանցից «Տաղարանի» համերգին կատարելու համար ընտրվել էին միջնադարյան շարականների՝ իր երեք մշակումները: Հայ հոգևոր երաժշտությունը ծով-աղբյուր է արդի հեղինակների համար: Բարսեղ Ճոնի «Երկրպագեմք քեզ», Մաշտոցի «Ծով կենսահույզ» և Շնորհալու «Վարդավառի երգ» շարականների մշակումները կատարեց Կատարեց երգչուհի Գալինա Ցոլակյանը՝ երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի նվագակցությամբ:
Վերջինս հնչեցրեց նաև Արսեն Հարությունյանի հեղինակած «Մտորումները», որը այս համերգային երեկոյի մտախոհուն ստեղծագործությունների մեջ իր ուրույն տեղն ունեցավ:

«Մայրամուտի ցոլքեր» կվարտետը երիտասարդ կոմպոզիտոր Աննա Զաքարյանի դրամատիկ ապրումը հաղորդելու որոնումներից մեկն է՝ կառուցված երաժշտական մի թեմայի հենքով, որ որոշակի ուժգնությամբ կամ մեղմությամբ կրկնվելով ստեղծում էր դրամատիկ զարգացման զգացողությունը:

Հասմիկ Սարգսյան

На изображении может находиться: 2 человека, в том числе Kristina Chtchyan, люди играют на музыкальных инструментах и в помещенииНа изображении может находиться: 5 человек, в том числе Kristina Chtchyan и Седрак Ерканян, люди улыбаются, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 2 человека, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 1 человек, в помещенииНа изображении может находиться: 10 человек, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 2 человека, в том числе Седрак Ерканян, люди стоят и в помещенииНа изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещении

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments