ԲՀԿ վերջին օրերի կոշտ հռետորաբանությունը ամենևին Գևորգ Պետրոսյանի անձնական նախաձեռնությունը չէ, այլ ազդակ Ռուսաստանից՝ արմատական ընդդիմություն դառնալու ուղերձով:

Այն, որ ԲՀԿ վարքագիծը գծել է ոչ Գևորգ Պետրոսյանը, փաստացի հաստատեց նաև Գագիկ Ծառուկյանը, նախօրեին իր աջակցությունը հայտնելով նրան: Բայց գծվել է այդ գիծը, կամ գծվում է այդ գիծը Ռուսաստանում, սա իհարկե առնվազն հեռու է միարժեք լինելուց:

ԲՀԿ-ն իհարկե մշտապես փնտրել է ռուսական աջակցություն, տարբեր առիթներով կազմակերպելով շփումներ իշխող Եդինայա Ռոսիայի հետ:

Միաժամանակ, Ռուսաստանի տարբեր քաղաքական շրջանակներ էլ Հայաստանում փնտրում են քաղաքական նոր ոտնատեղեր, նկատի ունենալով այն, որ Ռոբերտ Քոչարյանին այդպիսին դիտարկելուց նրանք կարծես թե հրաժարվում են՝ դա չունի արդյունավետության հեռանկար: ԲՀԿ-ն այդ առումով կարող է դիտարկվել Ռուսաստանում: Իսկ այդ հանգամանքը հատկապես ուշագրավ կարող է լինել օրերս ԱՄՆ դեսպանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ֆոնին, որտեղ փաստացի քննարկվել են ՀՀԿ հետ հետագա հարաբերության հարցեր: Դեսպանատունը իհարկե պարզաբանել է, որ տարբեր քաղաքական, հասարակական, փորձագիտական, լրատվական շրջանակների հետ հանդիպումները պարբերական են և դրանք օգնում են ավելի լավ ճանաչել Հայաստանը, ըստ այդմ ավելի արդյունավետ դարձնել հայ-ամերիկյան երկխոսությունն ու հարաբերությունը: Սակայն, ինքնին հասկանալի է, որ խոսքը բացառիկ հանդիպման մասին չէ, սակայն հատկանշական հանդիպման, ինչն ընդգծեց նաև դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հայտնի հոդվածը Սպուտնիկ Արմենիայում, որտեղ երկրորդ նախագահը Հայաստանում ԱՄՆ դիրքերի ուժգնացում ազդարարելով, իր ծառայությունն էր առաջարկում ռուսական դիրքերի համար:

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի փոխարեն նախընտրել են ԲՀԿ-ին, միարժեք ասելը իհարկե դժվար է, որովհետև ի վերջո պետք չէ բացառել և այն, որ ԲՀԿ-ն այս դեպքում կարող է լինել «քաղաքական պրովայդեր»՝ Ռուսաստանի քաղաքական շրջանակների և Ռոբերտ Քոչարյանի միջև, հաշվի առնելով այն, որ այդ հարցում չկա որևէ այլ շատ թե քիչ կենսունակ ու հեռանկարային մեխանիզմ:

Մյուս կողմից, դիտարկելով այդ հնարավոր սցենարը կամ վարկածը, պետք է նաև նկատել, որ ԲՀԿ-ն գործնականում կանգնած է արմատական վարքագծի դիլեմայի առաջ, տեսնելով, որ ընդդիմադր դաշտում նախկին իշխող համակարգը բարձրացնում է այսպես ասած «արմատական մրցակցության» աստիճանը և այստեղ անկախ Ռուսաստանից ազդակ ունենալ-չունենալուց, ԲՀԿ-ն կարծես թե անելու այլ բան չունի, քան փորձել մնալ մրցակցության մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...