Արթուր Վանեցյանի վտանգավոր խաղը

- in Ով ով է ...

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Պրեսինգ հաղորդաշարի եթերում լսելով իրեն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը վտանգվա՞ծ է, կամ Արցախի բանակցային փուլը վտանգվա՞ծ է հարցերը, արձագանքել է` «չեմ պատասխանի»:

Վանեցյանը հայտարարել է, թե լռելը համարում է սխալ, բայց կխոսի, երբ կգա ժամանակը: Նա ասել է, որ ժամանակը կգա, սակայն չի ասել, թե երբ, ու նաեւ չի ասել, թե ինչ կարգավիճակում կխոսի՝ քաղաքական գործչի՞, թե այլ կարգավիճակում:

Բայց, եթե Արթուր Վանեցյանը կարծում է, թե այժմ չի խոսում, թերեւս սխալվում է: Որովհետեւ երբ ԱԱԾ նախկին պետը ազգային անվտանգության սպառնալիքի մասին հարցին արձագանքում է՝ «չեմ պատասխանի», կամ նույնը Արցախի հարցում, դա չափազանց խոսուն է, ընդ որում վտանգավոր խոսուն: Դա լռություն չէ, եւ Արթուր Վանեցյանը կամ պետք է խոսի ավելի պարզ, հստակ, փաստերով ու առարկայական, կամ լռի ընդհանրապես:

Որովհետեւ «խոսուն լռության» խորհրդավոր խաղով նա ինքը պետության համար դառնում է բավական վտանգավոր:

Եթե ԱԱԾ նախկին պետը ազգային անվտանգության մասին հարցին պատասխանում է՝ «չեմ պատասխանի», ապա դա նշանակում է, որ նա անուղղակի, սակայն խիստ թափանցիկ տողատակում նշում է, որ ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է: Այլապես, ԱԱԾ նախկին պետը պետք է խոսի ավելի հստակ՝ ազգային անվտանգությունն ապահովված է, իսկ եթե ոչ, ապա նա պետք է հայտարարի վտանգների մասին շատ ավելի կոնկրետ, կամ ուղղակի իրազեկում ներկայացնի իրավապահ մարմիններին:

Իսկ Արթուր Վանեցյանը խաղում է, կամ որեւէ մեկը խաղում է Արթուր Վանեցյանով: Եվ այդ խաղը իրականում ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ է, որի հետ Վանեցյանը գուցե ունի հարցեր, այլ պետության դեմ:

Երբ ԱԱԾ նախկին պետն օրինակ հայտարարում է, որ կան արտաքին ֆինանսավորում ունեցող քաղաքական ուժեր, նա պետք է հայտարարի այդ ուժերի անունները: Նախ, Վանեցյանը փաստացի հաստատում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում քաղաքական գործիչ գործակալների մասին: Միաժամանակ, նա իհարկե նշում է, որ այդ ուժերը, որոնք ֆինանսավորվում են դրսից, հեղափոխական տիրույթում են, ոչ թե հակահեղափոխական:

Որո՞նք են այդ ուժերը: Քանի դեռ Արթուր Վանեցյանը հանրությանը չի ներկայացնում հստակ փաստեր, գործնականում նրա այդ կեցվածքը պակաս վտանգավոր եւ քայքայիչ չէ, քան որեւէ գործակալական ուժի գործունեությունը:

Այլ հարց է իհարկե, որ Արթուր Վանեցյանը գործնականում կարող է չունենալ ասելիք, եւ վտանգների մասին խորհրդավոր մտքերի գեներացիան ընդամենը քաղաքական գործունեության հող նախապատրաստելու առաջին քայլերի շարքում է: Իսկ Վանեցյանը գործնականում ազդարարեց, որ պատրաստվում է մասնակցել քաղաքականությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...