Garegin B

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այցը տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հրավերով և ինքը բաց չի թողել առիթը պետություն-եկեղեցի հարաբերությանն առնչվող հերթական կարևոր քննարկման համար: Փաշինյանը նաև Գարեգին Երկրորդին է շնորհակալություն հայտնել այդպիսի առիթներ փնտրելու, ստեղծելու, նախաձեռնելու համար, քննարկումները համարելով պետություն-եկեղեցի առողջ փոխհարաբերության վկայություն: Վարչապետ Փաշինյանը նաև մեկ այլ հատկանշական հայտարարություն է արել՝ նշելով, որ մեր կյանքում նկատում է այսպես ասած՝ ապահոգևորացում, հոգևոր արժեքների նշանակության նվազեցում՝ ասելով, որ ինքն իր քաղաքական գործունեության և առաքելության կարևոր նպատակներից մեկն է համարում հանրային և պետական կյանքի, և անգամ մարդկային փոխհարաբերության մեջ հոգևորացումը, հոգևոր արժեքների կարևորության ու նշանակության բարձրացումը: Վարչապետը հոգևոր դասի հետ հանդիպմանը նկատելի ռևերանս է անում այդ դասին, մյուս կողմից, իհարկե, նուրբ ակնարկելով այդ դասի պատասխանատվությունը կյանքի ապահոգևորացման գործում:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հոգևոր դասի հետ տեղի էր ունենում զուգահեռ մի իրադարձության, որն իր զուտ ֆիզիկական մասշտաբով, իհարկե, չափազանց փոքր էր, սակայն իր, այսպես ասած, քաղաքական-քարոզչական ներուժով կարող է լինել շոշափելի:

Հոկտեմբերի 31-ին խորհրդարանի դիմաց բողոքի ցույց էր՝ Ստամբուլյան կոնվենցիայի չարչրկված և հայտնի թեմայով, քանի որ այդ ընթացքում էլ խորհրդարանում այդ թեմայով հանդիպում էր պատգամավորների ու ԵԽ պատվիրակների միջև: Թեման իր քաղաքական շրջանակով, անշուշտ, բավականին լայն ներքին ու արտաքին շերտեր ունի: Թեև բողոքի ցույցի մասնակիցների թիվը շատ փոքր էր, անկասկած է սակայն, որ, ինչպես, օրինակ, Ամուլսարի հարցում, Ստամբուլյան կոնվենցիայի պարագայում էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդները օգտագործելու են բողոքը բազմամարդ դարձնելու հնարավորությունը, նպաստելու են դրան՝ վճռորոշ պահին Փաշինյանի հետ հետագա քննարկումների և նրան փոխզիջման բերելու, այլ կերպ ասած՝ քաղաքական սակարկության համար:

Ու թեև վարչապետն իր հսկա հանրային վստահության ու լեգիտիմության պաշարով թվում է անհամեմատելի բարձր քաշային կատեգորիա, այդուհանդերձ, այստեղ կա սկզբունքային խնդիր՝ աղմուկ և իրարանցում, ֆիզիկական էական բախում հրահրել մրցակիցների կամ հակառակորդների մոտ կստացվի:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն փորձում է ձեռնպահ մնալ ուժային մեթոդով որևէ հարց լուծելու քայլից, ձգտելով անել առավելագույնը՝ կամ երբեք այդպիսի մեթոդի չդիմելու, կամ եթե, այդուհանդերձ, հնարավոր չլինի առանց դրա՝ դրան որքան հնարավոր է ուշ դիմելու համար, գուցե շատ ավելի կարևոր և առանցքային հարցերի և պահերի առնչությամբ, քան կոնվենցիան: Իսկ կոնվենցիայի հարցը լուծել քաղաքական տարբերակներով: Եվ, ըստ երևույթին, հոգևոր դասի հետ հանդիպումը վարչապետի համար այդպիսի փորձերից մեկն է, և Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի փորձում է հասկանալ, թե հնարավո՞ր է արդյոք Հայ Առաքելական եկեղեցու հետ գործակցել այդ հարցում: Ինչպես հայտնի է, եկեղեցին մտահոգություն է հայտնել կոնվենցիայի առնչությամբ:

Այստեղ, սակայն, խնդիրը կարող է չլինել դիրքորոշումների ընդհանրացումը, այլ սկզբունքային պայմանավորվածությունը՝ հարցը չօգտագործել միմյանց դեմ, կառավարության դեմ, չդարձնել քաղաքական գործիք նախկին իշխող համակարգի կամ ընդհանրապես արտաքին ազդեցության գործակալների համար, քանի որ կոնվենցիայի դեմ բողոքող, իհարկե, հայաստանյան շերտերից բացի, գործընթացին միանալու են նաև այդպիսի շրջանակներ, օգտագործելով այն Հայաստանի դեմ կիրառելու առիթը:

Իսկ եկեղեցու դերն այստեղ էական է, քանի որ բողոքի «դրոշակի» ազգային արժեքն ու եկեղեցին է և ակնհայտ է, որ այդ շրջանակները ինտենսիվ կերպով օգտագործում են եկեղեցու անունը՝ լավ հասկանալով, որ դա բավական ազդեցիկ է լինելու հանրության համար:

Ըստ այդմ, վարչապետը այս դեպքում ունի թերևս հասկանալու խնդիր՝ եթե կա վավերացման անխուսափելի անհրաժեշտություն, եթե կա դրա քաղաքական անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության համար, ապա արդյոք եկեղեցին կարո՞ղ է պայմանավորվել կոնվենցիային դեմ լինելով հանդերձ, դեմ լինել նաև եկեղեցու անունից քաղաքական շահարկումներին, որ ծավալվում են կոնվենցիայի առիթով իշխանության դեմ օգտագործելու համար:

Անկասկած է, որ այդ շահարկումները կանխող դիրքորոշման պարագայում եկեղեցին էապես կթուլացնի իրավիճակի քաղաքական շահարկման հնարավորությունը այն շրջանակների համար, որոնց ազգային արժեքներն ու հոգևոր Հայաստանը երբեք չեն էլ հետաքրքրել, այլ մշտապես եղել են ընդամենը սեփական հարցեր լուծելու միջոց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...