Artsvik minasyan

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ 5 տարբեր քրեական գործերով որպես վկա է ներգրավված:

Նա նշեց, որ չի կարծում, թե երեկ իրեն հարցաքննության հրավիրելը կապված է վերջին օրերի զարգացումների հետ, քանի որ ավելի վաղ էր այդ մասին ծանուցում ստացել:

«Ուղղակի ես ևս մեկ անգամ ուզում եմ հաստատում անել իմ մասով՝ չկա որևէ օրվա քաղաքական իշխանության ներկայացուցիչ, որ ինձ իրավական մեղադրանք կարող է ներկայացնել հանցագործության կամ այնպիսի խախտման համար, որի համար նախատեսված է քրեական կամ վարչական պատասխանատվություն: Հակառակը, ցանակացած իրավական փաթեթավորմամբ ներկայացվող գործողություն , վստահ եղեք, որ քաղաքական հստակ հետապնդման փորձ է կամ անիմաստ շանտաժ քաղաքականությամբ զբաղվող անձանց դուրս մղելու ձգտումով»,- ասաց Մինասյանը: Նա հավելեց, որ երեկվա հարցաքննությունը շատ նորմալ է անցել:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն անդրադարձավ բարձրագույն կրթության ոլորտում նախաձեռնված փոփոխություններին և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարություններին:

«Հարությունյանը գործում է հակաօրինական ընթացքով: Երիտասարդների ընդվզումը փորձելով կուսակցանականացնել, ըստ էության, Արայիկ Հարությունյանը շատ պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել պայքարը, որտեղ ոչ թե կուսակցականությունն է, այլ ազգային գիտակցությունն է, ազգային ինքնությունը: Եվ պատահական չէ նաև, որ այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն առաջարկությունների ու քաղաքականության վերաբերյալ, որ ԿԳՄՍ նախարարության ու անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից դրվում է շրջանառության մեջ: Սա վկայում է այն մասին, որ այս մարդը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլ նաև կանխամտածված օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում՝ կտրել ազգային ինքնությունից մեր ժողովրդին ու մատաղ սերնդին: Խելացի իշխանությունն այսպիսի ընդվզումներն ընդունում է որպես կարևոր ազդակ: Այսինքն՝ կարող ենք նաև արձանագրել, որ այս իշխանությունը խելացի էլ չէ»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Արայիկ Հարությունյանի կողմից ՀՅԴ անդամների վերաբերյալ քրեական գործերի մասին հիշատակումներին:

«Սպառնում է քրեական գործերով, ինչ-որ արկղերը լցելու մասին է խոսում և այլն: Ես հիմա հրապարակային հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածն ինքը որոշի, բայց առնվազն երկու հոդված այստեղ կա: Դա կամ սուտ մատնության հոդվածն է, երբ հանցագործության մասին մատնություն է իրականացնում անձը՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը սուտ է, կամ հանցագործություն է պարտակում: Հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի արտահայտած այս սպառնալիքներն ունեն մեկ կարևոր նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու մի անձնավորության հետ, որը ցավոք Հայաստանի իշխանության հեղինակազրկման գործընթաց է նախաձեռնել ու իրականացնում»,- ասաց նա:

Ըստ Մինասյանի՝ բարձրագույն կրթության ոլորտի փոփոխությունները, որոնք դրվել են շրջանառության մեջ, նույնիսկ բովանդակային հակասություն ունեն անգամ իշխանությունների հայտարարած նպատակներին: Երիտասարդների այդ ընդվզումն, ըստ Արծվիկ Մինասյանի, աջակցություն է ստանալու Հայաստանի բոլոր բնակավայրերում ու շերտերում, որովհետև մեր ազգային ինքնագիտակցությունը, նկարագիրը որևէ «արայիկհարությունյաններ» չեն կարող ջարդել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...