Արտգործնախարարի շառաչուն ապտակը. Ալիեւի գնալու ժամանակը

- in Կարծիք

«Դուք լսել ե՞ք Բաքվի մասին: Լսել ե՞ք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսել ե՞ք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Ուզո՞ւմ եք՝ շարունակեմ», Ստոկհոլմում Արեւելյան գործընկերության տասնամյակի առիթով դասախոսության ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ի պատասխան «հայերի պատերազմական հանցագործությունների» մասին ադրբեջանցի պատգամավորի հարցին: «Ձեզ սրբի տեղ մի դրեք», ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն ապտակ է ադրբեջանցի պատվիրակին, միաժամանակ սակայն դա հայտարարություն է, որը հայկական դիվանագիտության, հայկական պետական քաղաքականության համար պետք է լինի նորմ, կամ ավելի շուտ՝ պետք է եղած լիներ նորմ շատ վաղուց՝ կարգավորման գործընթաց կոչվածի ամենասկզբից:

Եղե՞լ է այդպես, թե ոչ: Թեեւ բանակցային գործընթացի մի զգալի մասը եղել է հանրային անհասանելիություն, սակայն մեծ հավանականությամբ Երեւանը տարիներ շարունակ բաց է թողել այդ շեշտադրումները դիվանագիտական նորմ դարձնելու հնարավորությունը: Ավելին, բանակցային գործընթաց կոչվածը ծավալվել է մի տրամաբանությամբ, որտեղ ավելի շատ ձեւակերպում ստացել են ադրբեջանական իրավունքները:

Հայաստանի արտգործնախարարի ապտակը տեղին է, միեւնույն ժամանակ հայկական քաղաքականության համար այդ խնդիրները թերեւս պետք է դիտվեն ոչ միայն տեղային ապտակի հնարավորություն, այլ դիվանագիտական-քաղաքական աշխատանքի ամենօրյա ուղղություն:

Առավել եւս, որ ոչ միայն Ադրբեջանն է իր հայատյաց քաղաքականությամբ ձեւավորել դրա անհրաժեշտ բոլոր հիմքերը, այլ նաեւ Երեւանն է թավշյա հեղափոխությունից հետո իր մարդասիրական նշաձողերով մի կողմից ստեղծել իր համար ճկունության դաշտ, մյուս կողմից բավականին անհարմար փաստերի առաջ դրել Բաքվին՝ այդ թվում երեք ժողովուդների համար ընդունելի լուծման մասին բարձրաձայնումով:

Այլ կերպ ասած, Երեւանի համար խնդիրը դիվանագիտական-քաղաքական «շառաչուն ապտակի» քաղաքականության անցնելն է, ինչն անշուշտ պահանջելու է ժամանակ, ռեսուրսներ, նաեւ իհարկե մասնագիտական լրջագույն պատրաստվածություն ամբողջ դիվանագիտական սպեկտրով: Եվ միաժամանակ իհարկե ներքին համոզում, որ ռազմավարական իմաստով դրան չկա այլընտրանք, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ինքն իրեն չի թողել ռազմատենչության այլընտրանք: Դա նշանակում է, որ Ալիեւը կամ իշխանությունից գնալու է, կամ կարգավորման գործընթացում անընդհատ գնալու է նույն ուղղությամբ ու տրամաբանությամբ:

Իր հերթին, Երեւանը «շառաչուն ապտակի» քաղաքականությամբ ստանում է Ալիեւի գնալու ժամանակը սահմանելու հարցում խիստ որոշակի եւ ազդեցիկ հնարավորություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...