Արցախը դավադրություններ չի պատրաստում Հայաստանի դեմ, հողեր չի հանձնում, որ հետո մեղադրի Երեւանին

- in Հրապարակ

Նիկոլ Փաշինյանն Արցախում մասնակցել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին:

Այցից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել էր, որ Հայաստանի նոր իշխանության քաղաքականությունում Արցախի դեմ դավադրություններ չպետք է փնտրել: Փաշինյանն ասել էր, որ Հայաստասնի ու Արցախի իշխանությունների պատկերացումները հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնական են, իսկ Երեւանի ու Ստեփանակերտի տարաձայնությունների վերաբերյալ սպեկուլյացիաները ծիծաղելի են: Փաշինյանը նշել է, որ հիմա էլ շրջանառության մեջ է դրվում երրորդ թեզը՝ քանի որ կառավարությունն ու վարչապետը չեն համաձայնվում «հողեր հանձնել» կամ էլ զիջումների գնալ, նշանակում է, որ բանակցությունները փակուղի են մտել, եւ մարդկանց սկսել են վախեցնել պատերազմով:

Փաշինյանը գարնանը դավադրություն էր սպասում Արցախից: 2019 թվականի մայիսի 20-ին նա հայտարարել էր, որ որոշ պաշտոնյաներ կառուպցիոն կապերը գործի են դնում Արցախում Հայաստանի կառավարության ու վարչապետի դեմ մտացածին քարոզչություն իրականացնելու համար: Փաշինյանն ասել էր, որ դրա տակ տեսնում է դավադիր պատերազմ հրահրելու, տարածքներ հանձնելու փորձ, որպեսզի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնեն:

Հաջորդ ամիսներին, ըստ երեւույթին, կասկածները վերացել են: Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն արդեն ասում էր, որ անիմաստ է Հայաստանի կառավարությանը կասկածել Լեռնային Ղարաբաղի դեմ որեւէ դավադրության մեջ:

Փաշինյանի խոսքով, հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ազատագրական պայքարի ձեռքբերումների պաշտպանությունը, որը մղվել է հանուն Արցախի ժողովրդի ինքնիշխանության ու անվտանգության:

Մի խոսքով, Արցախը դավադրություններ չի պատրաստում Հայաստանի դեմ, հողեր չի հանձնում, որ հետո մեղադրի Երեւանին, իսկ Հայաստանը բացառում է Արցախի դեմ դավադրությունը եւ նույնպես ոչ մի բան չի հանձնում:

Արցախում սկսում են պատրաստվել 2020 թվականի մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:

Օրերս Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակությունը Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ խոսել են տնտեսական հարցերի, Արցախին Հայաստանի տրամադրած միջպետական վարկի եւ այլ հարցերի մասին: Ստեփանակերտում դա ներկայացվել է որպես Փաշինյանի «օրհնությունը» Արայիկ Հարությունյանին:

Հաջորդ օրը Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածություն առաջադրելու մտադրություն ունեցող Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ Արցախի հաղորդակցության շուկա է մտնելու կապի երկրորդ օպերատորը: Նա ասել է, որ խոսքը ոչ միայն տնտեսական օգուտների, այլ նաեւ Ղարաբաղ Տելեկոմի բազմամյա մենաշնորհի վերացման մասին է:

Ընկերության բաժնետերերի թվում հիշատակում են Հայաստանի ու Արցախի նախկին ղեկավարների, եւ մենաշնորհի վերացումը կարող է փոխել տնտեսական իրադրությունը եւ նպաստել ներկայիս օլիգարխիկ համակարգից շուկայականի անցմանը:

Ընդ որում, Արցախում արդեն պահանջում են ստուգել նախագահի թեկնածուներին: Պատգամավոր Հայկ Խանումյանը, օրինակ, առաջարկում է ստուգել նախընտրական ռեսուրսների աղբյուրները: Անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանն առաջարկում է դադարել «դատողություններ անել տաղանդավոր գործարար լինելու մասին, որը թույլ է տվել ոմանց կարճ ժամանակում մուլտիմիլիոնատեր դառնալ»:

«Վերցնենք Սարսանգի ՀԷԿ-ը, որը մասնավորեցվել է Արայիկ Հարությունյանի վարչապետության ժամանակ, եւ նա շատ պատահականորեն դարձել է ամենամեծ բաժնետերերից մեկը: Սարսանգի ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի ինքնարժեքը մոտ 8 դրամ է, իսկ արտադրվող էներգիան պետությանը վաճառվում է 16 դրամով: Այսինքն 100 տոկոս շահույթ է ստացվում: Նման բան հնարավոր է, եթե կոռուպցիոն բաղկացուցիչ կա կամ էլ վարկ տվողն ու վարկ ստացողը նույն խումբ մարդիկ են», – նշում է նա:

«Արցախի հանրությունից խլել են օբյեկտ, որը մեծ շահույթ է բերում, որը հետո բազմակի պտտվում է պետական բյուջեի հնարավորությունների օգտագործմամբ՝ զուգահեռ ստեղծելով պետական պարտք, որն ընկնում է ապագա սերունդների ուսերին: Գերշահույթը նստում է սահմանափակ անձանց գրպանում, որոնք հիմա նախընտրական արշավ են իրականացնում եւ մտադիր են նույն ոգով շարունակել երկրի ղեկավարումը: Նույնը գազային տնտեսությունում, հանքարդյունաբերության եւ այլ ոլորտներում է», – կարծում է Արզումանյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...