Իրականում մենք որեւէ փակուղի չենք տեսնում, սառնասիրտ եւ հանգիստ աշխատում ենք, որովհետեւ դա աշխատանք է, որ պետք է արվի, նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Արցախի հարցում բանակցությունը փակուղում լինելու վերաբերյալ հարցերին:

Փակուղու մասին խոսում են շատերը՝ արտերկրում, տարբեր կարգավիճակով, եւ այդ խոսակցությունը տարբեր կերպ վերարտադրվում է Հայաստանում: Սակայն կա մեծ հավանականություն, որ այդ վերարտադրությունը տեղի է ունենում առանց խնդրի էության մեջ խորամուխ լինելու:

Օրինակ, ո՞րն է Հայաստանի համար փակուղու հակառակը, այսպես ասած «բացուղին», թող ների ընթերցողը այդպիսի ձեւակերպման համար: Տարածված պատկերացմամբ դա այն է, երբ գործընթացում քննարկվում է որեւէ լուծում, որեւէ իքս տարբերակով: Իսկ ի՞նչ լուծում ենք պատկերացնում մենք: Այստեղ մեջտեղ է գալիս «փոխզիջում» հասկացությունը: Այսինքն, ինչ որ բան զիջում ենք մենք, ինչ որ բան՝ ադրբեջանցիները: Երբ այս ամենը կիրառվում է դիվանագիտական հռետորաբանության մակարդակում, դա հասկանալի է, պայմանավորված է մի շարք քաղաքական իրողություններով եւ հանգամանքներով:

Բայց ի՞նչ է հասկանում հանրությունն այդ փոխզիջման մասին խոսակցության ներքո, եւ մենք ընդհանրապես, որպես հայություն, ի՞նչ ենք հասկանում: Ի՞նչ կարող ենք մենք զիջել Ադրբեջանին՝ չթուլանալով: Որովհետեւ Ադրբեջանը չունի մեզ զիջելու բան: Այն, ինչ ենթադրաբար պետք է զիջի, դե ֆակտո արդեն մերն է: Ըստ այդմ, չկա «փոխ»զիջում, որովհետեւ զիջումները անհամարժեք են: Ադրբեջանը չի զիջում իր անվտանգության համակարգից ոչինչ, ադրբեջանական ռազմավարական անվտանգության համակարգից դե ֆակտո ոչինչ դրված չէ սեղանին՝ ոչինչ, որը պատկանում է Բաքվին: Սեղանին դրված ամենը պատկանում է մեզ, Հայաստանին, հայությանը, եւ ըստ այդմ դե ֆակտո զիջումը, իրական քաղաքական ռեժիմում զիջումը միակողմանի է՝ զիջողը միայն հայկական կողմն է: Որովհետեւ մենք ենք զիջելու մեր ձեռքում եղած իրական ռեսուրս:

Ըստ այդմ, բանակցության «փակուղին» մեզ համար իրականում այն ուղին է, որով պետք է աշխատել ու շարժվել առաջ՝ չզիջելու, մեր անվտանգային ձեւավորված համակարգն ու ռեսուրսային ամբողջությունը պահելու համար:

Արտգործնախարար Մնացականյանը խոսում է հենց այդ մասին, որ մեզ համար առկա իրավիճակը փակուղի չէ, փակուղի կարող է լինել Ադրբեջանի ու դե բոլոր այն սուբյեկտների համար, որոնց նպատակն է հայկական անվտանգության համակարգի թուլացումը եւ ապամոնտաժումը:

Հայաստանի, հայության խնդիրն այլ է, որը զգալիորեն ձեւակերպվել է Ստեփանակերտում օգոստոսի 5-ի վարչապետի ելույթում: Հայկական ռազմավարական խնդիրը բանակցային «փակուղին» միջազգային իրավա-քաղաքական ձեւակերպման արժանացնելն է, այլ կերպ ասած հայկական ուժով ձեւավորված ռազմա-քաղաքական ռեգիոնալ ստատուս-քվոն միջազգային իրավունքի շրջանակում ձեւակերպելը:

Դա իհարկե չափազանց բարդ խնդիր է, որը այո՝ պահանջում է հենց աշխատել նաեւ այսպես ասած բանակցային ֆորմատում: Գայթակղիչ է հարցը լուծել մեկընդմիշտ հռետորաբանությամբ, սակայն դա կնշանակի ընդհանրապես աշխարհքաղաքական եւ ռեգիոնալ իրավիճակի թերագնահատում եւ պարզունակացում: Որովհետեւ հայությունն իր պետական եւ ազգային խնդիրները լուծելու համար ունի ուժային տարբեր կենտրոնների հետ գործակցության ու նաեւ դաշնակցության կարիք, եւ որպեսզի այդ կենտրոնները մեզ հետ աշխատեն մեր շահերի համար, մենք պետք է աշխատենք նրանց հետ՝ հաշվի առնելով նաեւ նրանց հետաքրքրող հարցերն ու իրողությունները:

Վերջին շաբաթներին թե ամերիկյան, թե ռուսական, թե իրանյան ուղղությամբ մի քանի զարգացումներ շատ պարզորոշ կերպով վկայեցին Հայաստանի համար այդ անհրաժեշտությունը, ու նաեւ դրա որոշակի արդյունավետությունը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •