Արևմուտքը Հայաստանը «տանում» է Ռուսաստանից՝ Հայաստանում Ռուսաստանը պարտվել է

- in Վերլուծական

Ռոբերտ Քոչարյանի աշխարհաքաղաքական վերլուծությունը, որ հրապարակվել է ռուսական պետական գործակալություն «Սպուտնիկ Արմենիայում», անշուշտ արտահայտում է մի շարք քաղաքական շերտեր ու տողատակեր, ներքին ու արտաքին:

Դրանց բոլորին, կամ հնարավոր բոլոր շարժառիթներին անդրադարձի համար կպահանջվի բնականաբար շատ մեծ ժամանակ ու տարածություն: Երկրորդ նախագահի վերլուծության կամ դիտարկումների շրջանակում, սակայն, բավական ակնառու է մի հանգամանք, որը հետևողականորեն տարածվում է Հայաստանի հեղափոխության առնչությամբ: Դա Հայաստանում «գունավոր հեղափոխության» թեման է, որ փորձ է արվում առաջ մղել անընդհատ, աշխուժության տարբեր ալիքներով: Այստեղ զուտ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներից, անձնական կամ խմբային շարժառիթներից զատ, որ հասկանալիորեն և բավական տեսանելիորեն առկա են, եղել են միշտ, թեև, մեղմ ասած, հարցականի տակ է դրանց հիմնավորվածությունը, տրամաբանվածությունը, և ընդհանրապես էֆեկտիվությունը հենց իր՝ երկրորդ նախագահի պաշտպանական խնդիրների տեսանկյունից, առկա են նաև, այսպես ասած՝ լայն հասարակական ախտանիշներ:

Անկասկած է, որ ներքին ու ռուսական տարբեր շրջանակներ փորձում են ստեղծել «գունավոր», «արևմտամետ» հեղափոխության տպավորություն, համոզում, Ռուսաստանում այդ առնչությամբ քաղաքական որոշում կորզելու համար, որը նրանց պատկերացմամբ թերևս պետք է ենթադրի Մոսկվայի կոշտ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, պատժիչ քայլեր և այլն: Բայց դրանք չկան, ինչը առաջացնում է տարակուսանք: Բոլորը շփոթված են, թե ինչպես է հնարավոր ռուսական ազդեցության գոտում, այն էլ ամենաուժգին ազդեցության գոտում, համենայնդեպս, համընդհանուր տպավորությամբ, անել «գունավոր հեղափոխություն»: Այստեղ առկա է կասկածի լրջագույն որդը, որովհետև մի կողմից, փաստորեն, հայկական հեղափոխությունը «մեղադրվում» է իբրև թե արևմտականության համար, մյուս կողմից՝ այդ մեղադրանքների պարագայում, սակայն, փաստացի ստացվում է, որ պարտության համար մեղադրվում է ամենազոր Պուտինը:

Չէ՞ որ ռուսաստանյան պրոպագանդայի առանցքային հանգամանքներից, առանցքային գաղափարական ուղենիշներից, վեկտորներից մեկն էլ այն է, որ չնայած Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցներին, Ռուսաստանը ընդլայնվում է, մեծանում, ձեռք բերում նորանոր դիրքեր, նոր ազդեցություն, նոր հնարավորություն, ուժ և այլն, ու այդ ամենը ՌԴ նախագահ Պուտինի իմաստնության, հնարամտության, հեռատեսության և այլ արժանիքների շնորհիվ:

Ավելին, այդ գաղափարական առանցքը առաջ է մղվում ոչ միայն պաշտոնական պրոպագանդիստական ֆորմատներով՝ Կիսելյով, Սոլովյով, Քեոսայան, Մարգարիտա Սիմոնյան և այլն, այլ նաև երգիծական ֆորմատներով, ինչպիսիք Ուրախների և հնարամիտների ակումբը, «Քոմեդի Քլաբը»: Բոլոր հարթակներից ռուսաստանցիներին մատուցվում է ՌԴ նախագահի ամենակարողության գաղափարը և ազդարարվում, որ դրա շնորհիվ «Ռուսաստանը բարձրացել է ծնկած տեղից»:

Եվ ահա, այդ ֆոնին հնչում են ամենատարբեր ահազանգեր, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ Արևմուտքը Հայաստանը «տանում» է Ռուսաստանից, կամ, այլ կերպ ասած՝ Հայաստանում Ռուսաստանը պարտվել է, Պուտինը պարտվել է: Ահա, թե ինչ է ստացվում Հայաստանում «գունավոր» կամ «արևմտամետ» հեղափոխության մասին հայաստանյան և ռուսական որոշակի քաղաքական, մեդիաշրջանակների հավաստիացումների հանրագումարում, ինչ են ասում այդ մասին խոսողները՝ կամա, թե ակամա, և այդ շարքում փաստորեն նաև Ռոբերտ Քոչարյանը: Նա փաստորեն ասում է, որ Պուտինը պարտվել է:

Իհարկե, բոլորովին այլ է, թե որքանով է այդ ամենը համարժեք իրականում տեղի ունեցած հեղափոխությանն ու դրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական նշանակությանը, դրանում ուժային տարբեր կենտրոնների, այդ թվում՝ Մոսկվայի դերին, դիրքորոշմանը, հետագա հարաբերություններին և այլն: Մեկ նախադասությամբ եթե բնորոշենք իրավիճակը, ապա այն բացարձակապես հեռու է այն բնութագրումներից, որ տալիս են թե՛ երկրորդ նախագահը, թե՛ Հայաստանի հեղափոխության «գունավորականության» մասին մյուս հավաստիացնողները:

Ամբողջ հարցն այստեղ այն է, որ առկա է «դարավոր» մտածողության մի «սինդրոմ», որ հայ ժողովուրդը, Հայաստանի հանրությունը չի կարող ոչինչ որոշել և անել, ու նրա փոխարեն որոշում է կա՛մ Արևմուտքը, կա՛մ Ռուսաստանը, հյուսիսը, հարավը կամ արևելքը: Եվ այդ մարդիկ խոսում են պետություն հասկացությունից, պետական և ազգային արժեքներից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...