ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տվել. կշարունակի պաշտոնավարել

- in Պաշտոնական

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Հովհաննիսյանը, մասնավորապես. գրել է. «Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ներկայացրել եմ հրաժարական` հետևյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն չափանիշերին համապատասխանեցմանը։

Համոզված եմ, որ այդ ծրագրերի գործարկումն ու իրականացումը կբարձրացնի դատական իշխանության հանդեպ հանրային վստահությունը և կնպաստի Հայաստանի տնտեսական մրցակցային դաշտի ու ներդրումային միջավայրի գրավչության բարելավմանը։

Ցավոք, Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։

Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի և նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել։

Վստահ եմ, որ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։

Մինչդեռ, իմ կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր Խորհրդում չեն կարևորում։

Վերոհիշյալի հաշվառմամբ, այսօր Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել եմ հրաժարականի դիմում, հորդորելով լիազորություններիս դադարման հարցը քննարկել իմ բացակայությամբ»:

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։

Խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև պարոն Հովհաննիսյանը։
Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը։

Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին։

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ։

Պարոն Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել։

Բարձրագույն դատական խորհուրդ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...