ԲՀԿ նախագահը իր քաղաքական ուժը դնում է գծից այն կողմ և անցնում սահմանները

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչ է արել ընդունել բռնության դեմ մեր՝ հայկական օրենքը, քանի որ մենք ավանդական ազգ ենք:

Այդպիսով, ԲՀԿ ղեկավարը դիրքավորվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, որը Հայաստանի ներքաղաքական կյանքում դարձել է այսպես ասած իշխանություն-ընդդիմություն բաժանարար գծերից մեկը:

ԲՀԿ նախագահը իր քաղաքական ուժը դնում է գծից այն կողմ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ ԲՀԿ նախագահն այդ քայլն անում է, երբ գծից այն կողմ դիրքավորվողները այնքան են, որ ԲՀԿ համար գործնականում տեղ չկա: Ընդ որում, դեռ հարց է՝ խորհրդարանական օրակարգում կա՞ Ստամբուլյան կոնվենցիայի հարցի այնպիսի հրատապություն, ինչպես փորձ է արվում ներկայացնել, թե՞ այդ հարցը բավականին հարմար խաղաքարտ է թե քաղաքական իշխանության, թե այդ իշխանությանն ընդդիմադիր դիրքավորվողների համար: Բոլոր դեպքերում, դրանից իհարկե ԲՀԿ տեղը «գծից այն կողմ» ամենեւին չի ընդլայնվում:

Միեւնույն ժամանակ, տեղ չկա նաեւ գծից այս կողմ: Այլ կերպ ասած, ԲՀԿ համար քաղաքականության մեջ մնացել է միայն գիծ՝ բարակ գիծ քայլելու համար: Դա լավ է գիտակցում նաեւ «Իմ քայլը» խմբակցությունը, որը նախօրեին Գեւորգ Պետրոսյանի առիթով ուժգին թիրախավորել էր ԲՀԿ-ին, կարծես թե գծից հրելու, գցելու ակնկալիքով:

Օրերս բացվեց Գագիկ Ծառուկյանին պատկանող նոր գործարանը՝ Կերամիկայի արտադրության հայ-իտալական ձեռնարկությունը, որի բացմանը մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործարանի բացումը հերթական անգամ ընդգծեց բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման խնդիրը, թեեւ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ հայտարարեց, որ ինքը սեփականատեր է եւ չի զբաղվում բիզնեսի կառավարումով: ԲՀԿ նկատմամբ իշխանությունը կարծես թե վարում է մտրակի եւ կարկանդակի քաղաքականություն, գտնվելով այդ միավորի քաղաքական դերակատարման գնահատման փուլում՝ միջնաժամկետ հեռանկարում ԲՀԿ-ն կարո՞ղ է լինել քաղաքական խնդիրներ լուծելու բուֆերային անհրաժեշտություն՝ ինչպես ՀՀԿ համար էր, թե՞ ոչ: Թվում է, որ բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը չունի այդ բուֆերի անհրաժեշտությունը, սակայն մյուս կողմից ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե հաջորդ ընտրությանն ընդառաջ ինչպիսին կլինի լեգիտիմության աստիճանը: Կասկած չկա, որ հաջորդ ընտրությանը՝ արտահերթ, թե հերթական, իշխանությունը հավակնելու է մեծամասնության վստահության: Հարցը սակայն այն է, թե այդ վստահությունն ինչ աստիճանի վրա է լինելու եւ ըստ այդմ ընտրական գործընթացի ռիսկերն ինչպիսին են լինելու, չեզոքացման ինչ մեթոդաբանություն են պահանջելու, կոշտ քայլերի ինչ անհրաժեշտություն կարող է լինել: Իշխանության համար հաջորդ ընտրությունն է լինելու իրական եւ առանցքային քննությունն ու փորձությունը թավշյա հեղափոխության ժողովրդականության եւ ժողովրդավարականության բրենդի առումով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments