ԲՀԿ-ն իշխանության ու Վերնատան արանքում. որոշումը կայացված է

- in Ով ով է ...

ԲՀԿ-ն չի միանա արտախորհրդարանական ուժերի ձեւաչափին, քանի որ ունի սեփական օրակարգը, հայտարարել է խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Լրագրողները հետաքրքրվել են Վազգեն Մանուկյանի նախաձեռնած Վերնատանը միանալու հնարավորության մասին:

ԲՀԿ-ն եղել է հրավիրվածների շարքում, սակայն չի մասնակցել Վերնատան առաջին հավաքին: Թե ինչով է տարբերվում ԲՀԿ սեփական օրակարգը Վերնատան օրակարգից, կամ Վերնատանը հավաքված օրակարգերից, հարց է եւ թերեւս ոչ հռետորական:

ԲՀԿ-ին տարբերողը երեւի թե ավելի շատ ոչ թե օրակարգն է, այլ հավակնությունը: Բարգավաճ Հայաստանն ակնկալում է լինել առնվազն երկրորդը, ինչպես եղել է նաեւ հեղափոխությունից առաջ: Պարզապես, հեղափոխությունից հետո գուցե կա երկրորդից առաջին դառնալու ավելի իրատեսական ակնկալիք, որն էլ գուցե կուսակցությանը հետ է պահում Վերնատանը խառնվելուց: Կամ, ավելի շուտ, հետ պահող հանգամանքներից մեկն է:

Մյուս կողմից, այստեղ օրակարգի հարցը շատ կարեւոր է, որովհետեւ Վերնատանը միանալ-չմիանալը մեծ հավով ոչինչ է: Հարցն այն է, թե ԲՀԿ օրակարգը, ԲՀԿ բովանդակությունն ինչով է տարբերվելու Վերնատնից, կամ Վերնատանը հավաքված ուժերի օրակարգերից եւ բովանդակությունից: Ինչո՞վ է այդ իմաստով ԲՀԿ-ն տարբերվելու: Եթե չեղավ էական տարբերություն, որով Բարգավաճ Հայաստանը կկարողանա քաղաքական համակարգում սահմանել իր տեղն ու նշաձողը, ապա միանա Վերնատանը, թե ոչ, ԲՀԿ-ն միեւնույն է տեղի հարցում մնալու է նախկին իշխող համակարգի ստվերում՝ բառի բուն եւ պատկերավոր իմաստով:

Այդ դեպքում երկրորդը մնալու հարցում Բարգավաճ Հայաստանը գերազանցապես մնալու է կառավարող ուժի խնամքին, ինչպես որ մինչեւ հեղափոխությունն էր: Թեեւ, կուսակցությունը մեծ հաշվով այսօր էլ այդ խնամքին է, հաշվի առնելով այն, որ կառավարող մեծամասնության մոտեցումից է կախված կուսակցության գլխավոր ուժի՝ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ռեսուրսի այսպես ասած քաղաքական «կապիտալիզացիան»: Օրինակ, բավական է, որ կառավարող մեծամասնությունն այդ իմաստով շատ կոշտ կարգավորումներ սահմանի կուսակցությունների մասին օրենքի նոր մշակումներում, Ընտրական օրենսգրքում՝ բիզնեսն ու քաղաքական գործընթացը տարանջատելու համար, եւ Բարգավաճ Հայաստանը կարող է մոռանալ երկրորդ կամ ընդհանրապես «մրցանակային» որեւէ տեղի մասին:

Այդ իմաստով, ԲՀԿ կողմնորոշման հարցում Վերնատունն անշուշտ առավել մրցունակ չէ, քան կառավարող ուժը: Հարցն այն է, թե ԲՀԿ-ն որքանով է ի վիճակի բովանդակության հարցում լինել մրցունակ, քան Վերնատունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...