ԲՀԿ-ն փորձում է իրեն պահել այնպես, ինչպես նախկին իշխանության հետ՝ լինել ոչ թե ընդդիմություն, այլ «ոչ իշխանություն»

- in Մամուլ

Հայաստանում աստիճանաբար քաղաքական բեւեռներ են ձեւավորվում: Հեղափոխությունից մեկ եւ կես տարի անց իշխանությունից դուրս մնացած քաղաքական ուժերը փորձում են ուշքի գալ ու ապագա պայքարի պլատֆորմ մշակել:

Առաջինն ուշքի է եկել Բարգավաճ Հայաստանը, որը հասցրել է ցատկել հեղափոխության գնացքը եւ մտնել նոր խորհրդարան: ԲՀԿ-ն փորձում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ իրեն պահել այնպես, ինչպես նախկին իշխանության հետ՝ լինել ոչ թե ընդդիմություն, այլ «ոչ իշխանություն»: Բայց իրավիճակը փոխվել է, եւ Գագիկ Ծառուկյանը կանգնած է խնդրի առաջ՝ լինել ընդդիմություն Փաշինյանին, բայց չմիանալ «թունավոր» ընդդիմադիր ուժերին:

Ծառուկյանը չի թաքցնում Մոսկվայի հետ կապերը: «Հրապարակը» գրում է, որ Ծառուկյանին օրերս հրավիրել են Մոսկվա, որ «դուխ տան» Բարգավաճ Հայաստանին: Ռուսները հասկացրել են, որ պատրաստ են աջակցել կուսակցությանը՝ որպես արմատական ընդդիմություն:

Մեկ այլ բեւեռ է փորձում դառնալ Վերնատուն ակումբը, որտեղ Վազգեն Մանուկյանը հույս ունի հավաքել բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Վերնատան առաջին նիստին ամեն մեկը ծածկոցն իր կողմն էր քաշում, եւ այդպես էլ չծնվեցին գաղափարներ, որոնց շուրջ կարող է ձեւավորվել բեւեռը: Վազգեն Մանուկյանը, հիասթափվելով, որոշել է վերածնել սեփական կուսակցությունը եւ գարնանը վերադառնալ քաղաքականություն:

Մեկ այլ բեւեռ ձեւավորվում է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ շուրջ: Ի տարբերություն ԲՀԿ-ի ու Վազգեն Մանուկյանի՝ Սերժ Սարգսյանը փորձում է գաղափարախոսություն դնել ապագա քաղաքական գործունեության տակ: Նախ, նա Նիկոլ Փաշինյանին պոպուլիստ է անվանել: Ապա մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարին, որում կուսակցության նախագահ է ընտրվել Դոնալդ Տուսկը, որը հայտարարել է պոպուլիզմի դեմ պայքարի մասին:

Հիշեցնենք, որ ԵԺԿ-ն մեծամասնություն ունի Եվրախորհրդարանում, եւ նրանից զգալի կախված է Հայաստանի ու Եվրոպայի հարաբերությունների մակարդակը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին էլ էր առաջարկել համատեղ պայքարել պոպուլիզմի դեմ «իրական ժողովրդավարությամբ»:

Աստիճանաբար ձեւավորվում է ընդդիմության խճանկարը, որտեղ ԲՀԿ-ն ու Վերնատունը ռուսամետ կողմնորոշում ունեն, իսկ ՀՀԿ-ն պոպուլիզմի դեմ պայքարի անվան տակ փորձում է ստանել ԵՄ ու ԱՄՆ պահպանողականների աջակցությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...