Դեկտեմբերի 8-ին հանրապետության մի շարք համայնքներում գյուղապետերի և ավագանիների ընտրություններ են: Արարատի մարզի Տափերական գյուղում համայնքապետի ընտրությունն է, որտեղ առաջադրվել են միանգամից 8 թեկնածուներ: 

Տափերականի նախկին ու երկարատև կառավարած գյուղապետ Միհրան Մանասերյանը չի առաջադրվել ու թերևս դա է պատճառը, որ թեկնածուներն այսքան շատ են 2 ընտրատեղամաս ու մոտ 3 հազար ընտրող ունեցող գյուղում: Թեև՝ չի բացառվում նաև գյուղապետի թեկնածուներից մեկի կողմից դրածո մի քանի թեկնածուների առաջադրման հանգամանքը, սակայն այդ մասին առանձին վերլուծական հոդվածում, որտեղ կլինի նաև մեր լրագրողներ Տաթևիկ Ղարաքեշիշյանի և Աշխեն Գասպարյանի առանձնազրույցները շարքային տափերականցիների հետ՝ հարցումով, թե եթե այսօր լիներ ընտրությունն, ապա ո՞ւմ կընտրեիք …

Ինչպես նաև՝ առաջիկայում կներկայացնենք մեր տեքստային հարցազրույցը գյուղապետարանի ևս անկուսակցական թեկնածու՝ գյուղապետարանի գլխավոր հաշվապահ Կարեն Խաչատրյանի հետ: Մհեր Ղազարյանը հանդիպելու ժամանակ չուներ՝ գնում էր Արտաշատ՝ մարզպետարան, նրա հետ մի երկու բառ փոխանակեցինք հեռախոսով, Ոսկան Միսակյանն արդեն մարզպետարանում էր, Արմեն Տոնապետյանը՝ Արտաշատի հիվանդանոցում, իսկ Ազիզ Հովսեփյանը՝ Սպայկայի ջերմոցների կառավարման համակարգերի վրա էր աշխատում՝ շատ պատասխանատու աշխատանքում, ու տասը րոպեով անգամ չէր կարող առանձնանալ ու զրուցել մեզ հետ:

Տափերականում առաջադրված թեկնածուներից է ԱԺ պատգամավորի հասարակական հիմունքներով օգնական, անհատ ձեռներեց Գագիկ Նազարյանը, ում հետ զրուցեցինք նախընտրական քարոզարշավի առաջին օրը:

Ինչո՞ւ որոշեցիք հառաջադրվել համայնքապետի ընտրություններում:

Եթե այս ընտրությունները տեղի ունենային նախորդ իշխանությունների օրոք, ապա հաստատ չէի առաջադրվի, իսկ հիմա, քանի որ ապրում ենք նոր Հայաստանում և վերակառուցում ենք մեր երազանքների երկիրը, իսկ ինչու չառաջադրվել հարազատ համայնքում: Կա կամք, ցանկություն, նվիրվածություն՝ բոլոր պայմանները, որոնք էլ ընկերներիս հորդորի հետ միասին նպաստեցին, որ առաջադրվեմ:

Տափերականում բոլոր թեկնածուներս էլ իրար ճանաչում ենք, ոմոնք ոմանց համարում են ֆավորիտ թեկնածուներ, որը նախկին իշխանությունների ձեռագիրն է, կամ՝ սովորույթի ուժով է գալիս: 8 թեկնածուներից ոչ մեկը ֆավորիտ չէ:

Դրա արդյունքում քարոզարշավը կլինի՞ քաղաքակիրթ:

Միանշանակ: Այդպես էլ ընթանալու է, համենայն դեպս ես չեմ փորձելու որևէ մեկի վրա ցեխ շպրտելով իմ դիրքերը լավացնել: Բոլորն էլ հասուն մարդիկ են, չեմ կարծում, թե որևէ մեկը կցանկանա լինել որևէ մեկի խաղալիքն ու լինել դրածո թեկնածու: Անցողիկ է 350 – 400 քվեն, ով կստանա, նա էլ կընտրվի:

Դուք ինչպիսի՞ քարոզարշավ եք իրականացնելու:

Կազմել եմ նախընտրական մանրամասն ծրագիր, նոյեմբերի 30-ին թեկնածուներիս միջև միասնական հանդիպում է տեղի ունենալու, կզրուցենք ընտրողների հետ:

Ձեր կոչը, խոսքն ընտրողներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն:

Հանուն Տափերականի զարգացման, հանուն առողջ մթնոլորտի ձևավորման պետք է գնալ ընտրության, այլ ոչ թե ընտրություն կատարել այսինչի բարեկամ – հարազատի սկզբունքով, որի պարագայում ոչ մի լավ բան սպասել հնարավոր չէ: Միայն ազատ և անկախ ընտրությունների արդյունքում հանարավոր է զարգացնել Տափերականը:

Ես մտածեցի կընդգծեք Ձեր առավելությունը մյուս թեկնածուների նկատմամբ:

Իմ առավելությունը, միանշանակ է, այն իմ տարիքն է /ծնվ. 1980 թ.-ին/, լավ հարաբերություններ ունեմ ինչպես մինչև 18 տարեկանների, այնպես էլ միջին ու ավագ սերնդի համագյուղացիներիս հետ, ինչպես նաև ունեմ բարի կամք, լավ ընտանիքից եմ և ունեմ մեծ շրջապատ:

Իսկ ի՞նչ եք խոստանալու տափերականցիներին:

Որևէ համայնքապետ միայնակ ոչինչ չի կարողանալու անել, ուստի միանշանակ է, որ պետք է լինի համայնքի աջակցությունը, իսկ նախընտրական ծրագիրս պետք է հարմարեցվի Տափերականին ու ճիշտ ուղու վրա դնելով ընթանալ առաջ: Եթե սխալվենք, ապա ամբողջ համայնքով կսխալվենք, եթե՝ ոչ, ապա բոլորով դուրս կգանք ստեղծված իրավիճակից:

Ինչպե՞ս եք գնահատում նախկին գյուղապետ Միհրան Մանասերյանի կատարած աշխատանքը:

Բարդ հարց է ինձ համար, մենք բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել, կասեմ՝ տեղ-տեղ հաջողված, տեղ-տեղ՝ չհաջողված: Նախկին իշխանությունների օրոք անհնար էր տարբերվող ու լավ բան անել, եթե ես տեսնեի, որ հարևան Շահումյանում լավ է, իսկ մեր Տափերականում՝ վատ, ապա հաստատ կմոտենայի, կասեի՝ հրաժարական տուր, գնա:

Ի՞նչ կավելացնեիք …

Տափերականցիները գուցե շահարկում են, թե երիտասարդ եմ, չեմ կարող կառավարել, բայց հաստատ այդպես չէ, որովհետև դրա օրինակները կան ՀՀ կառավարությունում. Տիգրան Ավինյանն ու Սուրեն Պապիկյանն, ովքեր փայլուն մասնագետներ են իրենց ոլորտում և հաստատ երկիրն առաջ են տանելու: Իսկ հեղափոխությանը բոլորս ենք մասնակից եղել ու իրագործել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...