Գուրգեն Խանջյան. «Հետահայաց Երևան»

- in Մշակույթ

Կիրակնօրյա ընթերցումներ.

Տարօրինակ զանգն արթնացրեց ինձ` զանգում էր տա՛ն հեռախոսը, որի գործառույթը համարյա մոռացված էր, հիմա սուր ծղրտում է, ասես իրեն հիշելու փաստով ոգևորված: Գլուխս պայթում էր նախորդ օրվա խումհարից, շշի մեջ մի քիչ օղի էր մնացել` դավադրորեն ժպտում էր պիտակի տակով, խմեցի, կիտրոնի ճլորած բաժին շոշափեցի պնակում` գցեցի բերանս… Ի՞նչ ձայն է միջանցքից… Հա, հեռախոսը… Քո համառությունը փրկեց քեզ` ո՞վ ես, լսում եմ… Խշրտոց, ինչ-որ արձագանքներ, խոսակցության ձայներ, մեքենաների ազդանշաններ, նույնիսկ գործարանային շչակ… Մարմնովս սարսուռ անցավ` ձայները, որ հեռվից` տասնամյակների խորքից, մոտենում էին, խոշտանգելու չափ ծանոթ էին, հարազատ, ասես սիրեններ` որ ժամանակի ծովերից կանչում, գայթակղում են: Անջատեցի հեռախոսը: Բայց ձայները ականջներիս մեջ մնացին, կանչում են` արի, արի… Նայեցի պատուհանին` նոր-նոր էր լուսանում, սառը ջուր խփեցի դեմքիս, մտա հագուստի մեջ ու դուրս եկա:

Դեղին ավտոբուսն իջեցրեց կենտրոն. փողոցները մի տեսակ անծանոթ էին, այսինքն` չափազանց էին ծանոթ, որպեսզի ծանոթ համարեի: Սայաթ-Նովայով քայլեցի, թեքվեցի Տերյան` բարձրացա, ինքնագլորով սլացող տղեկն ընդառաջեց, ուզեցի աչքերը տեսնել` չհասցրի, անցավ միջովս, գիտեմ` Տերյան հիսունվեցից է դուրս եկել, իջնում է օպերայի հրապարակ, հրապարակը կտրել-անցնելու է, հասնի Լենինի պողոտա, թեքվի աջ` Թումանյան փողոց, համար երեսունութ շենքի չորրորդ մուտքի առաջ արգելակի, մտնի, ինքնագլորը գրկած` հևալով բարձրանա երրորդ հարկ, պտտի հոր դռան մեխանիկական զանգի կիսալուսնաձև բռնակը… «Զըրը՛նգ, զըրը՛նգ»` տասնամյակների միջով ձայնը եկավ` դիպավ ականջիս…

Լույսը բացվել էր, արևի գունդը` հում ձվի դեղնուց, բարձրացել` քառահարկ շենքի տանիքից էր կառչել… Ո՞ր կողմ գնալ… Երկընտրանքիս ոտքերս պատասխանեցին` թեքվեցին Աղայան, Աղայանը սպառեցին` դալանի տակով, «Ուռենի» ոսկերչական խանութի կողքով դուրս բերին Աբովյան` ըհը՛, դե շրջվի՛ր… Շրջվեցի, նայեցի չորրորդ հարկի պատուհանին… չկա, քնո՞վ է անցել, գուցե քարով խփե՞մ պատուհանին, չէ, չափազանց է, հավերժորեն կխռովի, կարելի է զանգահարել հացի խանութի մոտի հեռախոսով: Մատնաքաշն ու բոքոնը նոր են ստացել, բուրում են` թարեքներին թառած, երկու կոպեկանոց կտա՞ք` խնդրում եմ հացավաճառին, կտամ, շնորհակալ եմ: Երկու կոպեկանոցը գցում եմ անցքը, պտտում սկավառակը` երկուս, քսանհինգ, վաթսունութ… «Ալո՞… Ու՞մ եք ուզում, ալո…»… Քեզ եմ ուզում, քեզ, հրեշտակս… «Խոսեք, վայ…», անջատեց, հիմա կմոտենա պատուհանին… ահա չքնաղ դեմքը… լեզու է ցույց տալիս, փնչացնում-հեռանում է, ուր որ է դուրս կգա, պայուսակը գրկած` դասի կգնա, հեզաճկուն, մանրաքայլ կանցնի Մոսկովյանով, «Նաիրի» կինոթատրոնի մոտ տրամվայ կնստի, տրամվայը Բաղրամյանով վեր կտանի նրան` երեք կանգառ, «Կամոյի» դպրոց, աստիճաններով կբարձրանա, մտնելուց առաջ կշրջվի` կնայի` հեգնական կփնչացնի… Այդպես էլ կա…
Հիմա` Բաղրամյանով վար, ձախով` Իսահակյան փողոց… «Կասկադի» միապաղաղ խշշացող ջրվեժը թափվում է ուղղահայաց պատով, պատի գունավոր խճանկարը թափվող ջրով կենդանանում` թրթռում` շարժանկար է դառնում. կանգ առա, ջուրը պահել` չէր թողնում առաջ գնամ… Երևանի ջրավազանները… Երևանի ամառը… Երևանի շոգը… Հալչող շենքերը ծալք-ծալք ծանրանում, ուզում են պառկել մայթերին, մայթերը հալչում-տարածվում, ուզում են խառնվել բանուկ մասին, բանուկ մասի ասֆալտը հալչում-կակղում-ալիք է տալիս դեպի մայթ, հալչող մարդիկ ծույլ-ծույլ սահում են մայթերով, հալչող մեքենաները դանդաղ գլորվում են ասֆալտով, ասֆալտից տապը բարձրանում` հալեցնում է հեռապատկերները… Եթե խոհանոցից հաջողացրել` դատարկ շիշ ես թռցրել-հանձնել խանութին, «Մոսկովյանի» ջրավազանը գնա, դռանը կանգնած մերկիրան, մկանուտ, խուճուճմազ Ծիպոյի բռան մեջ տասը կոպեկը դիր` մտիր, իսկական լողավազան է, հիսուն երկայնքը, քսանհինգ լայնքը, գլխամասում` բարձր ոստնակներ, ջուրը` քլորով ախտահարված, կապտականաչ, վճիտ, մեկ ժամով քոնն է, վայելիր, էլի՞ կուզես, էլի տասը կոպեկ դիր Ծիպոյի կոշտ ձեռնափին, չունե՞ս, հոգ չէ, ջրավազանները Երևանում շատ են, յուրաքանչյուր մեծ բակ իր ջրավազանն ունի, փորձի՛ր` եթե բակի տղերքը հանդուրժեն, եթե ոչ` էլի հոգ չէ, կարող ես զովանալ «Զովետ» ինստիտուտին հարևանող ջրավազանում, նույնիսկ` Լենինի հրապարակի ջրավազանում, սակայն զգոն եղիր, որքան էլ շոգ` ոստիկանները ժամանակ առ ժամանակ աշխուժացած հայտնվում` ցրում են լողացող մանչուկների վտառները, ցրեցի՞ն` իջիր Շահումյան հրապարակ, այստեղ ջուրն ավելի սառն է, ավազանը` խոր, պատերին փափուկ մամուռ կա կպած, հետո արևի տակ կպառկես բազալտե լայն, տաք բազրիքին, թաց վարտիքդ կհանես, կխփես քարին` կչորացնես` դարձյալ կքաշես վրադ… Եթե շատ է շոգ և չես ծուլանում` Զանգվի ձոր իջիր, ՀԷԿ-ի բարձունքից նետվիր ալիքների մեջ, «կանալ» մտիր, լող տալ պետք չէ, արագահոս ջուրը կտանի, միայն ճիգ թափիր` երեսին մնա, բայց` ուշադի՛ր, որ հասցնես կառչել պատից պատ ձգված մետաղալարին` մեկը, երկուսը, երեքը… Չհասցրիր` ջուրը կտանի, կհանի դաշտերի մեջ` խեղդված կամ մազապուրծ…

Իսահակյանով` Գեղարվեստի ինստիտուտի առջևով` Պրոսպեկտ, դիմացը «Սկվազնյաչոկ» սրճարանն է, անփոփոխ ճերմակահագուստ Արա Վահունին, ոտքը ոտքին գցած, գարեջուր է վայելում, ծխում է, ծուխը ձեռքով դեմից ցրում, ճերմակ շլյապան ուղղում` ասում է. «Դոկումենտալ կինոն մոնտաժելն անլրջություն է, ես իմ կինոն չեմ մոնտաժում այլևս»… Փողոցով քիչ վեր` Չորրորդ խանութի մեծադիր պատուհաններն են, ապակու ետևում` նկարչուհի Փիրուզի ացտեկային դեմքը, դեմքին եկող մազերի ալիքները ճակատին անցրած ծիրանագույն ժապավենով զսպել, խաչապուրի է ծամում Փիրուզը, տոմատի հյութ է խմում, ծխում է` թանձր քուլաներ հանելով օդ: Թիկունքդ Չորրորդ խանութին անես` առջևում կինո «Նաիրի»-ն է, կարմրաշեկ պատի տակ, տոմսարկղի առաջ` հոծ հերթ, տոմսի վերավաճառքով փող շահող տղերքը հերթի քթի տակից ձեռքները նեղ պատուհանով մտցնում` իրենց բաժին տոմսերն են առնում, «Աբովյան» դպրոցի կողմից Կոպիկն է գալիս` բարլո՛ւս, ծխելու ունե՞ս, մի հատ տուր փչացնեմ, «Պոնչիկանոցի» կողմից Ռոմենն է մայթով իջնում` բարլո՛ւս ձեզ, լա՞վ եք, լճի կողմից Լևիկն ու Սաֆարն են աստիճաններով բարձրանում` բարլո՛ւս, բարլո՛ւս, Սաֆարը թե` Չորնին, Թաթալը, Թուլը օպերա հավաքվել` ասում են էկեք պիվի վրա ֆուտբոլ խաղանք, ի՞նչ անենք, չէթա՞նք, սպասում են: «Աբովյան» դպրոցի զանգն է հնչում, պահակը հիմա դուռը կփակի` Տիտանյանի հրամանն է, փակեց` էլ մտնել չկա, մտել ես` էլ դուրս գալ չկա, բայց եթե շատ ես ուզում դուրս գաս` կա՛, երկրորդ հարկի պատուհանը, ցատկ` ուղիղ «Դրամատիկական» թատրոնի դիմաց, կամ էլ` «Պապլավոկ» սրճարանի, նայած ինչ դիրքով ես հանգրվանել մայթին…

Մոսկովյան փողոց, «Լոռի» ռեստորան, ռեստորանամերձ զբոսայգու դիմաց` Պուշկինի դպրոցը, դասերն ավարտվել են, աղջիկների երամները ճռվողելով սավառնում են դեպի «Սեմուշկի հայաթ»` Մխոյից սեմուշկա-ծամոն առնելու, Պուշկինի դպրոցի աղջիկները քաղաքի ամենախնամվածը, ամենագեղեցիկն են, բայց մեկ է` Լարիսայից էն կողմ աշխարհ չկա: Մոսկովյանից, շենքը թափանցող ցածրիկ մուտքով` ուղիղ «Սեմուշկի Հայաթ», ձախից, շենքի կիսանկուղում` կաթսայատունն է, ուր քանդակագործ Միքին է «էրկու սուտկեն մեկ մի սուտկա» հերթապահում, Աղայան փողոցի հիպիների սիրած հավաքատեղին է, Սուրոն աչքերին իջած մազափնջերը հեռացնում, «Կազբեկի» կծվահամ ծուխն ագահորեն ներքաշում` փսսացնելով թողնում է, ասում է` Տատանը հինգ մանեթ փող տվեց, ասեց` կեթաք մազներդ կկարճացնեք` իրիգունը կգաք դալաժիտ կանեք, մենք էլ փողը տվինք` Կոմիտասի այգու բառիգից պլան առանք: Բայց Տատանի հետ հանաք անելը վտանգավոր չի՞: Վտանգավոր ա, բա ի՞նչ ա, հետը մի հատ խոսի, էլի, ինչքան չլնի` մանկության ընկերդ ա, իրար հետ պիոներ-ճամբար եք գնացել Հանքավան: Փորձեմ: Տատա՛ն, էն հիպի տղերքին մի նեղացրու, լավ տղերք են, գոնե` իմ խաթր: Ապեր, իրանք կարող ա վատ տղերք չեն, քու խաթրն էլ հարգում եմ, բայց էս քուչեն էլ պըտի հարգվի, չէ՞, ես ո՞նց թողամ մեր քուչեն խայտառակեն, բա ուրիշ քուչեքից մեր ախպերները կգան, կտենան, բա չեն ասի՞ Տատան ախպեր, էս ա՞ քու նայած քուչեն: Չէ, տղերք, չի ստացվում, Տատանն իրա ճշտից հետ չի կանգնի: Սուրոն, Սոսը, Խամը քրքջում են, պլանի ու Զեփելինի տակ ամեն բան հեշտ է, բայց հետո՞… Հետո կերևա, պետք ըլնի` կռիվ կտանք, ազատության համար կռիվ տալը կայֆ ա տալի, ա՛ռ, քաշի՛, Զեփ լսի, մոռացի:

Դարձյալ Աղայանով` դեպի Աբովյան… Հայացքդ բարձրացրո՛ւ, վերից նայող կա… Լարան դասից եկել է, նույնիսկ արդեն ճաշել է, աչքերը կուշտ են փայլում, կուշտ կերած փիսոյի պես իմիջիայլոց է ցած նայում, նկատում է, փնչացնում, հոնքը հեգնական բարձրացնում, հեռանում պատշգամբից… Օ՛ֆ, էս ինչ դարդ ա էս Ադամյան Լարիսան… «Սինթետիկա» խանութի դռանը սինթետիկայի տղերքն են` Վազգենը, Պտոն, Ալոն… Չհասցրին կարգին բարև-բարլուս տալ-առնել` սևաթույր Զիմը աղմուկով արգելակեց խանութի առաջ, դռները բացվեցին, ռակետները ճարճատյունով թռան դուրս… Փախա՛նք, Երրորդ Մասի տղերքն են, էրեգվա մուռն են հանում… Ով դալանով, ով «Զեփյուռ» վարսավիրանոցի միջանցիկ դռնով` դեպի բակ, «ռակետնիցաների» ճարճատյունը դեռ լսվում է փողոցից… «Էսի սենց թողալ չի ըլնի, ախպերներ, կամ պտի բարիշենք, կամ էլ պտի մինչև վերջ էթանք»… «Լավ կլնի բարիշենք, Եգորենց հետ քյալլա խփելը զոռ ա, տակից դուս չենք գա»… «Ուրեմն Սիմոնին խնդրենք` ձեռ բռնի, բարիշացնի, էնի կանեցը քթած տղայա, Երրորդ Մասում է՛լ հարգանք ունի»: «Անի» հյուրանոցի ետնապատին նայող հինգ հարկանի շենքի չորրորդ հարկի պատշգամբում Սարգիս Հովիվյանի ինը համարը կրող կարմիր շապիկն է օդափոխվում պարանին կախ, ինքը` Սաքոն, պատշգամբում մարզանք է անում ծույլ-ծույլ. «Սաքոն Մոսկվայից էկել ա, Սաքոն նորից Արարատում ա խաղալու, Սաքոն էս տարի թիմը վիշի լիգա կհասցնի»… Ու Գնունիով` Հանրապետական ստադիոն… Իսկ ստադիոնում ասեղ խրելու տեղ չկա, բոլորը միաբերան վանկարկում են` Սա-քո՛, Սա-քո՛… Սարի թաղի լանջին գնացքն է հայտնվում, սարը կիսելով` հակառակորդի դարպասի կողմն է ընթանում, ուրեմն` հաղթելու ենք, հավաստի նշան է: Ջու՛ր, սառը ջու՛ր` կանչում է շարքով անցնող մանչուկը` սառը ջրով էմալապատ թեյնիկն ու ալյումինե «կրուժկեն» ձեռքին, հինգ կոպեկ տուր` խմիր, զովացրու ներսդ: Բայց ջրի ժամանակը չէ, անկյունային է, Սաքոն է խփելու, գնդակը բծախնդրորեն տեղադրում` ընկրկում է, գլուխը բարձրացնում` նայում հակառակորդի տուգանայինին, իրավիճակն է գնահատում, վերջապես խոյանում` հարվածում է, վետվետող գնդակը բարձր կորագծով հեռանում է դարպասից, սակայն հանկարծ կտրուկ փոխում է ուղղությունն ու մխրճվում հեռավոր վերին անկյունը` Սա-քո՛, Սա-քո՛…

Գնունիով` Խանջյան, Խանջյանով` Թումանյան, ձախից` Փուրթուլի «բուդկեն», Փուրթուլը` մեջը. Փուրթուլի չորս վերջույթներից երեքը բացակայում են, մեկն ունի` աջ ձեռքը, ձեռքը պատուհանիկից հանում է, վերցնում փողը, ներս տանում, պահ անց վաճառասեղանին է դնում սիգարետի պլաստիկե տուփը` «Ֆիլիպս». ապեր շուտ վերցրու, չտենան: Թումանյանով` ուղիղ` դեպի Պրոսպեկտ… «Հազար ու մի մանրունք» տնտեսական խանութ… «Արաքս» կաֆե… Բիձյանց Սամիկն ու ճարտարապետ Համոն պատուհանը թակում են` էստեղ ենք, արի՛, Սամիկի կեռքիթ կիսադեմը կկոցած աչքերով ժպտում է ակնարկային… Տերյանի անկյունի երկհարկանի տան պատին` կինո «Պիոների» աֆիշը, կարճպոչ սև կատուն բակից ելել` քսմսվում է, ճանաչել է, փախի տո՛ւն, Շառլոտա՛, մեքենան չխփի… Տպարանի յուղահոտ չխկչխկոցը կիսանկուղից… Բադրջան-լոլիկի բուրմունքը բանջարեղենի խանութից, հակառակին` Կարապի լիճը` զույգ սև, երեք ճերմակ կարապ մեջը, օպերայի հրապարակը սահմանող զարդանախշ, բարձր ճաղաշարը, համերգների հրավիրող հսկայադիր աֆիշներ… Պրոսպեկտի խաչմերուկ, Թումանյանի տուն-թանգարանի բարձունքից, ասես հրանոթից արձակված, սլանում-գալիս` Պրոսպեկտով թեքվում` հռնդյուններով ցած են սուրում երկու կարմիր մոտոցիկլետ, քաղաքի առաջին չեխական «Յավա»-ներն են, թամբերին` հպարտ-երջանիկ տերերը` Սաքոն, Մալիշը, «Կարապ» մթերային խանութի մոտ սեմուշկա վաճառող Եղսիկը խաչակնքում է ետևներից, մոտոցիկլետները երազի պես անցնում` չքանում են «Փակ Շուկայի» կողմերում, օդը դեռ պահում է նրանց ծխի բուրմունքը… Հսկայական «Իկարուսը» դժկամ փնչալով արգելակում է կարմիր լույսի տակ, անցումն ազատ է, ուղի՛ղ, ապա` աջով… «Կազիրյոկ» սրճարան. Մըշկեն, Պրավը, Շուստն էստեղ են, բարլուս ձեզ, տարեց գնդապետն անցնում է Շուստի թիկունքով, Շուստը չի նկատում, հե՛րդ, արա` հուշում է Պրավը, հա ի՞նչ անենք` ասում է Շուստը, իբր շատ աչքիս լուսն ա, առավոտ փող ուզեցի, չտվեց: Հռիփսի՛կ, մի հատ դառը կոֆե…
«Կազիրյոկից»` Սայաթ-Նովայով… Տերյանի խաչմերուկ, երկարամազ, կիթառազեն պատանիները վազանցում են, ու՞ր, Պոլիտեխնիկական ինստիտուտ, ռոք-փառատոնի… Աբովյանի խաչմերուկ, Աբովյանով` վեր, էլի վեր… Շրջանային. տրամվայը զնգրտալով անցնում է Բժշկական ինստիտուտի մոտով, Պետոն է գալիս Անատոմիկի կողմից` բրեզենտե հին, մեծ պայուսակը ձեռքին, միջից` դատարկ շշերի շխկշխկոց, տանում է հանձնի, կոպեկ չունե՞ս, գցի-բռնեմ` ասում է Պետոն, գցած կոպեկը ճարպկորեն որսում, մոտեցնում է աչքին` գնահատում, մտցնում գերլայն տաբատի գրպանը… Քիչ էլ առաջ` Գետառն է ցածում, կամրջի տակ, կամրջով անցար` Ճոպանուղին է առջևդ, տակին` «Սանասար-Բաղդասար» սրճարանը. Էպոսի պղնձյա հերոսները մուտքի վերից կանչում են` էստեղ զով է, մտի՛ր: Կիսամութի մեջ է սրճարանի ընդարձակ, շրջանաձև սրահը, արվարձանները լավ չեն երևում, շեմքին սպասիր` աչքերդ վարժվեն… Ազատ սեղան չկա ոնց որ… Ամենամութ խորքում տեղի տղերքն են` Բաբինը, Կարապը, Վովան, բարև ձե՛զ, Վովան կանչում է` արի՛, աթոռ բեր ձեռիդ հետ, մի շիշ էլ գինի, դառը գինի են խմում` «Հրազդան», նրբերշիկ են ուտում` մանանեխով, «Բելամոր» են ծխում` հաշիշով… «Ամառն էկավ, ախպերներ, փող դզեք` թռնենք Սոչի-մոչի»…

«Սանասար-Բաղդասարից»` ձախով, Գետառը չանցած, Չարենցի անկյունում, Հայնախագիծ ինստիտուտի շենքն է, դահլիճում` ջազային համերգ, խորհրդային երկրում ջազ լսելը դավադրության պես է, դավադրությանը մասնակցել ցանկացողները` շատ, ազատ տեղ չկա, միայն` կանգնած, չէ, ինչ-որ միջանցիկ աստիճաններ կան, փոշոտ ուղեգորգին` քիփ-քիփ… Ահա և դավադրություն հարուցողները` Արթուրը, Չիկոն, Ալիկը, Մալխասը, բեմ բարձրացան, Ալիկը սաքսոֆոնի մունդշտուկն է թրջում բերանում, սադաֆապատ կափույրներն է կտկտացնում մատներով, Արթուրը «ոտքի» հանեց կարմիր կոնտրաբասը, տնգտնգացրեց ճոպանի նմանող հաստ լարերը, դուրը չեկավ, նիկելապատ բռնակները պտտեց` նորից փորձեց` պատրաստ է, Մալխասը մատը սահեցրեց դաշնամուրի ստեղներով, մի քանի ակորդ խփեց` նորմալ է, Չիկոն մեծ թմբուկը դմփացրել` արդեն փայտիկներն է իրար զարկում` մեկ, երկու, մեկ-երկու-երեք-չորս` գնա՛ց… Սաքսոֆոնի սերտ, մետաղային հնչյունն ազատություն է ելևէջում, տարածում դահլիճով, հանում քաղաք…

Իսկ քաղաքում երեկո է` տաք, թեթև, աղջամուղջային, անցնող մեքենաների անվադողերը ճռռում, նախշ են տպում դեռևս կպչուն ասֆալտին… Գետառն անցած` աջ, ապա Նալբանդյանով` վար, ձախից` ՄՎԴ-ի շենքն է, քիչ էլ ներքև` ԿԳԲ-ի շենքը, արագ անցիր համենայնդեպս… Խաչմերուկ… Խաչմերուկից` Սայաթ-Նովայով աջ… Լևոն Ներսիսյանն է առաջին հարկի իր պատուհանների մեջ, ինչ-որ մեկին ուղարկել է խանութ, նյարդային ծխելով սպասում է վերադարձին… Հիմա` ձախով, Աբովյանով, Թումանյանը հատած` քաղաքի ամենամեծ հացի խանութի կողքով՝ ներքև… Կինո «Մոսկվա», Նկարիչների Միության շենք, «Կոպեկանոց» սրճարան (նույն ինքը` «Նկարիչների կաֆե», նույն ինքը` «Հանճարնոց»)… Պատահական մարդիկ էստեղ հազվադեպ են լինում, քաղաքի բոհեմն է հավաքվում, մեկ էլ` կինո «Մոսկվայի» տղերքը. ահա, Լուկաշն է դուրս գալիս սրճարանից` նյարդայնացած, խոժոռ, աչքերում` դիվային փայլ: Մոտենում` ետ եմ քաշում փաթաթվող բույսերի կանաչ վարագույրը. սրճեփի գոլորշիների միջից` բարմեն Հրաչի հարցականով դեմքը… «Հրա՛չ, Լուկաշին ինչ ա էղել, բարևներս չառավ», «Ջղայնացրել են Լուկաշին, անտրամադիր ա, հարգենք իրա տրամադրությունը», «Հարգենք, բա ոնց, կարա՞նք չհարգենք»… Կենտրոնական սեղանի մոտ` Ֆրունզիկ Մկրտչյանն է, նկարահանումներից նոր է վերադարձել, թեյի բաժակով օղին դեմը` արկածներն է պատմում, գլխին հավաքվել` լսում են, աղմկոտ արձագանքում, գլխավոր ունկնդիրն ու հանդիսատեսը Ազատ Շերենցն է, հիսուն գրամանոց ըմպանակով օղին ժամանակ առ ժամանակ մոտեցնում է խիտ մորուքին, խրում մեջը` կում անում, քաղցրանուշ ժպտում, ասում է. «Լավ, էլի, Ֆրունզիկ…»… Քիչ հեռու` նկարիչներն են` Խաթլամաջյան Սեյրանը, Հովնաթան Ռուբոն, Բաբայան Յուրան. Յուրան ձեռքով կանչում է` արի, օղի ունենք…

Վրա եմ բերում պատատուկների կանաչ վարագույրը` ետ քաշվում. հերիք է, արդեն ցավ է պատճառում… Սրճարանը հեռանում, փոքրանում, կորչում է ժամանակի մեջ, նրա ետևից` նաև քաղաքը: Մնաս բարով, Երևանս:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...