paterazm

Պաշտպանության նախարարության համար ապրիլյան ռազմական գործողությունների առումով ամեն ինչ պարզ է եւ անորոշ հանգամանք չկա, նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի մասին լրագրողների հարցին:

Դավիթ Տոնոյանը միաժամանակ ասել է, որ ինքը պատրաստ է խոսել հանձնաժողովի առաջ, եթե հանձնաժողովը կայացնի այդպիսի որոշում:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ բանակն ունեցել է թերություններ, սակայն քառօրյային հաջորդած շրջանում կատարվել է դրանց վերլուծություն եւ ներգերատեսչական մակարդակում ունեն հստակ պատկեր, թե ինչ է եղել, ինչպես: Ըստ նրա, ապրիլյան քառօրյան եղել է հակառակորդի դավադիր գործողություն: Ըստ նրա, քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը դրական է այն իմաստով, որ դրա արդյունքում հանրությունն էլ կազատվի քառօրյայի վերաբերյալ տարբեր ասեկոսեներից ու կասկածներից:

Դավիթ Տոնոյանը շոշափում է կարեւոր, թերեւս կարեւորագույն խնդիր՝ ո՞րն է քառօրյայի հանձնաժողովի նպատակը: Նախարարը փաստորեն ակնարկում է, որ նպատակը պետք է լինի քառօրյայի վերաբերյալ ասեկոսեներից եւ զանազան խոսակցություններից ու կասկածներից հանրությանն ազատելը: Մինչդեռ, կա նաեւ մտահոգություն, որ հանձնաժողովի նպատակը կարող է լինել ապրիլյան քառօրյան ինչ-ինչ խմբային կամ անձնական նպատակների ծառայեցնելը:

Պաշտպանության նախարարի հայտարարությունը հետաքրքիր է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի օրեր առաջ արած հայտարարության ֆոնին, թե ապրիլյան քառօրյայի հանձնաժողովը պետք է պարզի, թե ինչ սխալներ են կատարվել բանակում: Դավիթ Տոնոյանը փաստացի փորձում է չոր պատասխանով կանխարգելել սխալ եւ անարդյունավետ ընթացքի հավանականությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարեց մայիսի 20-ին: Դրանից երկու օր առաջ Ընդհանուր իրավասության դատարանը Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ կայացրել էր Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում: Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատական հեղափոխության փուլի մասին, միաժամանակ անդրադառնալով նաեւ ապրիլյան քառօրյան ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ակնառու է, որ այդ քաղաքական որոշումը գտնվում է ներքաղաքական դիմակայության լայն շրջանակի համատեքստում, կամ հնարավոր է նույնիսկ ներքին սահմանից դուրս՝ արտաքին շրջանակով, հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործում բավական նկատելի է ռուսական որոշ շրջանակների շահագրգռությունը:

Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմում չափազանց մեծ էր Ռուսաստանի՝ Հայաստանի համար բացասական դերը: Մոսկվան գործնականում ադրբեջանական ագրեսիայի ռազմա-քաղաքական հովանավորն էր, որն այդ գործում Հայաստանում ուներ աջակիցների լայն շրջանակ: Հայաստանի ներքին կյանքում այդ աջակիցների միջոցով արվում էր հնարավորը, որպեսզի թիրախավորվեին բոլոր այն անձինք եւ լրատվամիջոցները, որոնք այդ շրջանում (ընդհանուր առմամբ 2013-16 թվականներ) բարձրաձայնում էին Ռուսաստանի վտանգավոր, հակահայկական քաղաքականության ու դրա հետեւանքով պատերազմի անխուսափելիության մասին:

Ավելին, նույն այդ շրջանակները բացահայտորեն արդարացնում էին պատերազմի սպառնալիքը: Եթե ապրիլյան քառօրյա պատերազմի առումով կա որեւէ խնդիր, ապա այդ խնդիրը հենց այդ՝ քաղաքական լայն շրջանակի դաշտում է, ոչ թե ՊՆ-ում:

Ավելին, բանակը, զինված ուժերը, պաշտպանության նախարարությունն այդ շրջանում, մի շարք թերացումներով հանդերձ, կարողացել են թույլ չտալ, որ քաղաքական տիրույթում եղած խնդիրը պետության համար վերածվի աղետի: Բանակը կանխել է Հայաստանի ինքնիշխանության վերջին թելը կտրելու փորձը, եւ առնվազն տարօրինակ է, երբ հանձնաժողովի խորհրդատու ինչ որ մարդիկ խոսում են, թե պետք է բացահայտել ինչ սխալ է տեղի ունեցել բանակում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...