«Դժբախտությունը» նախկին իշխող համակարգին միավորում է, «երջանկությունը»՝ բաժանում

- in Հրապարակ
eshelon ishxanutyun

Դաշնակցության երիտասարդական թևը շարունակում է կրթության ու գիտության նախարարի հրաժարականի պահանջի ակցիան, զուգահեռ հավաստիացնելով իհարկե, որ դա կուսակցական նախաձեռնություն չէ, այլ ուսանողական շարժում:

Ակնառու է, որ շարժում գոյություն չունի, սակայն նաև նույնքան տեսանելի է, որ առիթը փորձ է արվում օգտագործել այդպիսին ձեավորելու համար: Կստացվի՞, թե՞ ոչ: Դա է ներկայումս ծավալվող գործընթացի այսպես ասած հիմնական ինտրիգը: Ամբողջ խնդիրը այն է սակայն, որ թեման, կամ առիթը, որ փորձ է արվում օգտագործել, գործնականում մտացածին է:

Այսինքն ակնառու է, որ չկա իշխանության որևէ գործողություն ազգային նկարագրի կամ ինքնության դեմ, պարզապես փորձ է արվում ստեղծել դրա տպավորությունը: Մինչդեռ, զուտ մեթոդաբանական առումով գործնականում անհեթեթ է պատկերացնել, որ հնարավոր է մոտ 70 տոկոս վարկանիշ ունեցող իշխանության դեմ ծավալել ազդեցիկ շարժում մտացածին առիթի կամ մտացածին սպառնալիքի հիմքով: Դա պարզապես նշանակում է ձևավորել շարժում-փուչիկ: Այլ հարց է, որ խոսք կարող է լինել քաղաքական «զորավարժության» մասին, երբ նախկին իշխող համակարգի տարբեր թևեր պարզապես փորձարկում են իրենց ուժերը, հասկանալու համար, թե հակաիշխանական ինչպիսի կարողություն կամ ներուժ կա իրենց տրամադրության տակ, եթե առաջանա այն օգտագործելու կամ կիրառելու արդեն իրական անհրաժեշտություն: Այստեղ սակայն նախկին իշխող համակարգն ունի մի առանցքային խնդիր, որը ոչ միայն վերացած չէ, այլ անգամ ունի խորանալու միտում: Խոսքն այն մասին է, որ այդ ներուժ ասվածը բավական տարածական է:

Կրթության ու գիտության նախարարի դեմ ակցիաներին միանում են նախկին իշխող համակարգը ներկայացնող, դրան հարող ամենատարբեր խմբեր: Ամբողջ հարցն այն է, որ այդ խմբերը չունեն կենտրոնացված համակարգում և կենտրոնացված ֆինանսավորում: Նրանք կենտրոնացված են զուտ ֆիզիկապես, կամ ինչպես կասեր դասականը, փոքր ինչ վերաձևակերպված, նախկին իշխող համակարգի բոլոր խմբերը դժբախտ են միանման՝ նրանք կորցրել են իշխանություն, ազդեցություն, արտոնյալ դիրք, ֆինանսական հոսքեր, գտնվում են իրավական որևէ գոծընթացում պատասխան տալու ռիսկի առաջ, բայց երջանիկ են յուրովի՝ ամեն խումբ ունի իր նպատակները, քանի որ ի վերջո լավ են պատկերացնում նախկին կարգավիճակի վերադարձի անիրատեսականությունը:

Այդպիսով, եթե իշխանության կարգավիճակում այդ համակարգին միավորում էր «երջանկությունը», իսկ բաժանարար գծերն առաջանում էին «դժբախտության» ռիսկից, ապա իշխանության կարգավիճակից զրկվելուց հետո «դժբախտությունը» նախկին իշխող համակարգին միավորում է, բայց «երջանկությունը»՝ բաժանում: Իսկ դա թույլ չի տա ճշգրիտ գնահատել հակաիշխանական պայքարի ներուժը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...