Բուհերի ոչ պրոֆիլային ֆակուլտետներում հայերենի, հայ ժողովրդի պատմության պարտադիր ուսուցման չեղարկմանն ուղղված կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության նախաձեռնությունը Հայաստանում դարձավ մեծ աղմուկի եւ նախարարի հրաժարականի պահանջի առիթ:

Եղավ դասադուլ՝ մի քանի ֆակուլտետի, այժմ էլ հայտարարվել է անժամկետ նստացույց: Այդօրինակ ցանկացած առիթ նոր իշխանության դեմ օգտագործելու քաղաքական եւ գուցե անձնական, խմբային շարժառիթները բավական հայտնի են, եւ չարժե անդրադառնալ դրանց:

Աղմուկն այն մասին է, որ կատարվում է ապազգային քայլ, ոտնձգություն հայերենի, հայի ինքնության նկատմամբ, եւ այդպիսի այլ սարսափազդու բաներ: Իսկ ի՞նչ է նախաձեռնում նախարարությունը: Ընդամենը մտադրություն կա կատարել փոփոխություն, ըստ որի բուհերի ղեկավարությունն է որոշում, թե որ ֆակուլտետում լինի հայերենն ու պատմությունը պարտադիր դասավանդման առարկա:

Արդյոք բուհում հայերեն ու հայ ժողովրդի պատմություն անցնելով է մարդը դառնում հայ, կամ ձեռք բերում հայկական ինքնություն: Մարդիկ, ում համար դա է ինքնության ճանապարհը, ասում են գրեթե այն, ինչ օրինակ երեւելի քահանաներից մեկը, թե ով Առաքելական չէ՝ հայ չէ: Փաստորեն, ով բուհ չի գնում, հայ չէ, կամ չունի հայկական ինքնություն:

Անհարմար է այդ իրավիճակը տրամաբանական քննության ենթարկելն անգամ, որովհետեւ հենց այդօրինակ չափումներն են, որ աղավաղում են թե հայկական ինքնությունը՝ նսեմացնելով ու նեղացնելով այն, եւ թե աղավաղում են համալսարանական կրթություն հասկացությունը:

Եթե հայը «ծնվում» է բուհում, գուցե բուհն ավարտելուց հետո՞ տրվեն ծննդյան վկայական կամ անձնագիր, միանգամից հռչակելով՝ ով բուհ չի ավարտել եւ ըստ այդմ չի ուսանել հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմություն բուհում, ուրեմն նա դեռ չի կարող համարվել ծնված: Կարելի է նաեւ ավարտական դիպլոմի փոխարեն տալ ծննդական կամ անձնագիր, կամ հայի վկայական:

Իրավիճակն իհարկե կատակի կամ զավեշտի առարկա չէ, քանի որ առնչվում է իրապես լուրջ մտածողական, հոգեբանական խնդիրների հետ: Միաժամանակ, ակնառու է պատասխանատվության խնդիրը: Մասնավորապես, կրթության ու գիտության նախարարի հրաժարական պահանջողները օրինակ կարող էին հասկանալ նախաձեռնության բուն էությունը եւ սպասել, թե ինչ որոշում են կայացնելու բուհերի ղեկավարները:

Այսինքն, նրանցից պահանջել առարկաների պարտադիր ուսուցում, իսկ եթե պահանջը չկատարվեր, նրանց դեմ անել նստացույց, դասադուլ եւ այլն: Բայց դա թերեւս նշանակում է երկու բան: Մի կողմից այդօրինակ զարգացումը կարծես թե զրկում է հարցը քաղաքական շահարկման եւ խաղարկման միջոց դարձնելու հնարավորությունից, մյուս կողմից ստիպում է վերցնել բուհի շրջանակում սեփական դիրքորոշումն արդեն առանց քաղաքական շահարկումների պաշտպանելու պատասխանատվություն:

Իսկ ու՞մ է պետք այդ պատասխանատվությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...