Shavarsh Kocharyan

Բոլոր անդամ պետություններն են ընդգծում, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը եղել է չափազանց արդյունավետ: Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այդ արդյունավետության արձանագրումն այն է, որ մեր նախագահության օրոք հենց հատուկ շեշտադրում կատարվեց ԵԱՏՄ արտաքին գործունեությանը:

«Չի եղել այնպիսի նախադեպ, երբ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհուրդը հավաքվում է, և ներկա են երկու այլ պետությունների առաջին դեմքեր, ինչպես եղավ Երևանում՝ Սինգապուրի և Իրանի առաջին դեմքերը: Դա հատուկ շեշտադրում է անում, որ ՀՀ-ն իր նախագահության օրոք հատուկ ուշադրություն դարձրեց արտաքին բաղադրիչին: Իսկ արտաքին բաղադրիչը ձեռնտու ու շահեկան է բոլորի համար»,- ասաց Քոչարյանը:

ԱԳ փոխնախարարն ասաց, որ ուզում է ընդգծել հետևյալը. «Շատ անգամ հասարակության մեջ այքան էլ ակնհայտ չէ, թե այնտեղ ինչպիսի իրավահավասար, բուռն քննարկումներ են տեղի ունենում: Անտեղյակ մարդկանց թվում է՝ քանի որ միայն Ռուսաստանն ավելի մեծ տնտեսական ներուժ ունի, քան բոլոր մնացածը միասին, ապա ով ավելի մեծ տնտեսական ներուժ ունի, նա կարող է թելադրել: Ամենևին, բոլոր քննարկումները լինում են իրավահավասար սկզբունքով, և ցանկացած պետություն առաջ է մղում իր շահերը: Ընդ որում, շատ հետաքրքիր իրավիճակներ են ձևավորվում, երբ կարող են մի երեք պետության շահերը համընկնել այդ հարցում, հետո այդ նույն դասավորությունը փոխվի այլ պետություններ: Բայց ամենաէականն այն է, որ որոշումը կայացվում է կոնսենսուսով: Այսինքն՝ այդ բոլոր բուռն քննարկումները պետք է հանգեցնեն կոնսենսուսի»:

Շավարշ Քոչարյանը հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացնում է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև ազատ առևտրի արձանագրությունը վավերացնելու հարցը:

ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրաման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նախագծին:

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջեւ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նոյեմբերի 25-ի նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Արձանագրությունն, ըստ էության, ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ է, որը բխում է 2015-ի մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրից: Համաձայնագիրը 2016-ի հուլիսին վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից, և նախատեսվում է մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակում»,-ներկայացրեց Անանյանը:

Տեղեկատվության փոխանակումը համաձայնագրով նախատեսված է եղել իրականացնել 3 փուլով. առաջին փուլը՝ 2018-ի հոկտեմբերի 5-ին, երկրորդը՝ 2019-ի հոկտեմբերի 5-ին և երրորդը՝ 2021-ի հոկտեմբերի 5-ին: Սակայն ստորագրման պահին Հայաստանը ունեցել է վերապահում այն առումով, որ արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտնում դիվանագիտական խողովակներով պետությունների միջև փոխանակման և ներպետական համաձայնեցման բոլոր գործընթացներ իրականացնելուց և ԱԺ-ի կողմից վավերացնելուց հետո: Թեև արձանագրությունը նախատեսում էր նախնական տեղեկատվական փոխանակման փուլ դեռ 2018-ի հոկտեմբերի 5-ից, սակայն ՀՀ-ն այս արձանագրության շրջանակում տեղեկատվության փոխանակման չի մասնակցել:

Արձանագրությունով սահմանվում են այն ապրանքների խմբերը, որոնց վերաբերյալ պետք է լինի տեղեկատվության փոխանակում: Տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով, այսինքն՝ հանձնաժողովն է լինելու այն մարմինը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է տեղեկատվությունը փոխանակի Վիետնամի կենտրոնական մաքսային մարմնի միջև: Նախատեսվում է, որ տեղեկատվությունը պետք է փոխանակվի մաքսային մարմնի կողմից այդ տեղեկատվությունը հայտնի դառնալու պահից սկսած 4 ժամվա ընթացքում: Անանյանը նշեց՝ որպես ՀՀ մաքսային մարմին ուղղակիորեն շահագրգռված են այդպիսի տեղեկատվություն ստանալու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...