Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Factor.am-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում՝ ՊՎԾ կողմից ստուգումներին:

Մամուլը գրում է, որ ստուգումները ներառում են ԱԱԾ-ում հենց իր ղեկավարման ժամանակաշրջանը: «Պաշտոնապես հայտարարում եմ՝ պատրաստ եմ աջակցել ցանկացած իրավապահ կառույցի՝ իմ հետ կապված ցանկացած տեղեկատվություն ստուգելու համար: Համոզված եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ-ում որևէ խախտում չի եղել: Ես որևէ խախտում չեմ իրականացրել, ծառայել եմ պատվով», – ասել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր հավանական ձերբակալությանը և նշեց, եթե իմանա՝ ինչու են ձերբակալում, ապա թող ձերբակալեն: Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո եղան տեսակետներ, որ նրա հայտնի հայտարարության «կանգ առ»-ի կոչն ուղղված էր կոռուպցիոն բացահայտումներին, այն է՝ կան մարդիկ որոնց չարաշահումներին չպետք է անդրադառնալ, որովհետև նա նրանց հետ համաձայնության է եկել: «Ես այն մարդը չեմ, որ կոռուպցիայի բացահայտմանը «կանգ առ» ասեմ»,- վստահեցրեց նա: Իսկ հարցին՝ գուցե կոչն ուղղված էր Նիկոլ Փաշինյանի՞ն, Վանեցյանը հրաժարվեց պատասխանել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...