Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 900 մլն դրամից ավելի գումար է հատկացրել ազգային, կամերային, դասական ոլորտներին, Արցախի խնդիրներին, տարբեր կրթական հարցերի, և միայն 0,3 տոկոսը՝ փորձարարական ինչ-որ մի միջոցառման:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ կազմակերպված «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը, որի համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 2,7 մլն դրամ:

«Ես կարծում եմ, որ բանական մարդը, եթե այս թվերն իրար կողք դնի, կհասկանա, որ այստեղ ակնհայտորեն որոշակի շահարկումների տեղ կա: Նորից եմ ուզում խնդրել, ասել, որ սրանք բարդ գործընթացներ են, դեռ ժամանակ է պետք, որ պարզաբանումների, հարցազրույցների, հանդիպումների, տարբեր խմբերի հետ քննարկումների արդյունքում պետք է պարզաբանվեն: Ջրերը կզուլալվեն, բոլորը կհասկանան, որ նախարարությունը վարում է բացառապես պետության ու մեր ժողովրդի շահերից բխող քաղաքականություն, և չտրվեն որոշակի շահարկումների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ ամբողջությամբ չի դիտել այդ ներկայացումը: «Դիտել եմ միայն այն հատվածները, որոնք կային մամուլում, համացանցում, որտեղ փորձ էր արվում խոչընդոտվել: Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելուց հետո մասնագետները գնահատում են, թե որքանով է դա համապատասխանում դրված նպատակներին»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում են ուժեղացնել դպրոցներում հայոց լեզվի ու հայոց պատմության ուսուցումը:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ քննադատություններին, թե իր գլխավորած կառույցը այլասերվածության, տարօրինակ արժեքների քարոզ է իրականացնում:

«Նման բան չկա, այդ ձևակերպումները շատերը տալիս են նաև որոշակի ազդեցության տակ լինելով: Այն խմբերը, որոնք ունեն ազնիվ մտահոգություններ, որոշակի քաղաքական շահարկումների համար դա չեն անում, մենք պարբերաբար այդ խմբերին ընդունում ենք, բացատրում և պատրաստ ենք դա անել: Երեկ էլ Հնչակյան կուսակցության պատվիրակությանն եմ ընդունել ու մենք երկար քննարկում ենք ունեցել նաև այս հարցերի շուրջ: Մենք պատրաստ ենք խոսել բոլոր նրանց հետ, որոնք ունեն նման հարցադրումներ: Այս խմբերից մի քանիսի կողմից նման պատրաստակամություն չկա, դա իրենց գործն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ իր գործունեությունը փորձում են կապել նույնասեռականներին խրախուսելու հետ, Արայիկ Հարությունյանն ասաց. «Դա ամբողջ աշխարհում ընդունված հնարք է, որովհետև սա շատ զգայուն թեմա է: Բոլոր այն դեպքերում, երբ իրավիճակներն անհասկանալի են կամ չափից դուրս հասկանալի են ու, ըստ էության, ասելիք չկա, բնականաբար, այդ թեման են առաջ բերում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...