Երեւանից նոր կոշտ ուղերձ Բաքու եւ Անկարա. ռուս-թուրքական պայմանագրի ավարտը

- in Միջազգային

Հայաստանն իր սահմաններում տեղի ունեցած իրողությունների հարցում չի դիմել ՀԱՊԿ-ին, այլապես ՀԱՊԿ գործառույթը կկիրառվեր, Երեւանում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինը կարծես թե կատարում է Հայաստանում ՌԴ ոչ պաշտոնական դեսպանի պարտականություն, պարբերաբար այցելելով Հայաստան, Արցախ, եւ անելով տարբեր, հաճախ՝ իրարամերժ արտահայտություններ:

Նրա հայտարարությունը մի կողմից այն մասին է, որ ՀԱՊԿ-ին մեղադրել կամ նախատել պետք չէ՝ Հայաստանը թող դիմի, կառույցն էլ կարձագանքի, հետեւաբար մեղավորը Հայաստանն է, որ չի դիմում: Մյուս կողմից, Երեւանում Զատուլինի հայտարարությունը հատկանշական է Բաքվում Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովի ֆոնին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների պանթուրքիստական հավակնությունների վերահաստատման ֆոնին:

Դրանք իհարկե չեն կարող չանհանգստացնել Ռուսաստանին, եւ Բաքվի հայտարարություններին փաստորեն հետեւում է Երեւանից երկու հատկանշական հայտարարություն: Մի քանի օր առաջ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգույի այցի ընթացքում հայտարարեց, որ կրկնապատկվում է ՌԴ ռազմակայանի կրակային հզորությունը, իսկ Հայաստանում ՀԱՊԿ Խվ շրջանակում էլ Զատուլինն է հայտարարում, որ Հայաստանի դիմելու դեպքում գործի կդրվի ՀԱՊԿ գործառույթը:

Ըստ ամենայնի, օրերս Բաքվում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների հավաքը Մոսկվայի համար ունեցել է անբավարար արդյունք: Բանն այն է, որ ռազմակայանի հզորության կրկնապատկման մասին հայտարարությունը հնչել է հենց Բաքվում ԱՊՀ նախարարների հավաքի նախօրեին: Շոյգուն Երեւանից մեկնեց Բաքու: Այդ հավաքի օրն Ադրբեջանը կրակել էր Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի եւ դիրքերի ուղղությամբ:

Մոսկվան ըստ երեւույթին զգացել է Բաքվին եւս մեկ կոշտ ուղերձ հղելու անհրաժեշտություն:

Հասկանալի է, որ ՀԱՊԿ գործառույթի մասին խոսելով, Զատուլինն իհարկե խոսում է պարզապես Ռուսաստանի մասին: Կհասկանա՞ն Բաքվում: Գուցե կհասկանան: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք կազդվեն:

Այստեղ իհարկե էական է այն, թե Մոսկվայի ուղերձներն ինչպես է ընկալում կամ գնահատում Անկարան, կամ ավելի շուտ՝ Ադրբեջանն ու՞մ ձեռքին է ավելի շատ գործիք՝ Ռուսաստանի ձեռքին թուրքերի՞ն զսպելու հարցում, թե՞ հակառակը՝ թուրքերի ձեռքին գործիք է ռուսների դեմ:

Համենայն դեպս, երեւանյան ուղերձներում կարծես թե նշմարվում է մի բան, որ ռուս-թուրքական հարաբերության «մանրադրամ» դառնում է Ադրբեջանը՝ ավանդաբար Հայաստանի կամ հայկական շահի ու անվտանգության փոխարեն: Որքանով է այդ միտումը կայուն եւ հաստատուն, դեռ ունի հավելյալ դիտարկման, գնահատման անհրաժեշտություն, սակայն այդ միտումը հատկանշական է նաեւ ԱՄՆ Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատում հայերի ցեղասպանության ֆոնին:

Այդ ակտն իր բազմաշերտ նշանակությամբ թուրքերի հետ հարաբերությունում որոշակի ազատություն ընձեռեց նաեւ Ռուսաստանին՝ Անկարայի առաջ հայկական հարցը զսպելու պարտավորության առումով, որ ստանձնել է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով: Երկու տարի անց կլրանա հայկական արյան, շահի ու անվտանգության վրա կառուցված այդ պայմանագրի 100 տարին, եւ այն փաստացի կարող է համարվել ուժը կորցրած: ԱՄՆ դրան ընդառաջ գործնականում կայացնում է քաղաքական ակտ, որն ուժ է հաղորդում հայկական գործոնին եւ որոշակի ազատություն Մոսկվային, մեծ հաշվով չեզոքացնելով այն միջավայրային հիմքը, որ ուներ ռուս-թուրքական պայմանագիրը:

Ավելի շուտ, այդ հիմքը դե ֆակտո չեզոքացվել է հայերի արցախյան հաղթանակով, Ներկայացուցիչների պալատում բանաձեւի ճանաչումը գործնականում ազդակ է, որ ԱՄՆ ռազմավարական օրակարգում այդ հաղթանակը կասկածի ենթակա չէ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...