ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը բուհերում ոչ պարտադիր դարձնելը ուսանողներին մղել է դասադուլի։ Ուսանողները նախարար Արայիկ Հարությունյանին կոչ են արել որևէ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել մասնագետների հետ, կազմել մասնագիտական խորհուրդներ։

Արայիկ Հարությունյանն արդեն հանդես է եկել պարզաբանմամբ՝ մասնավորապես նշելով. ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը դարձնել պարտադիր։ Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ և առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»։

Անցած շաբաթների ընթացքում իրական մտահոգություններից, քննարկումներից զատ՝ սոցիալական ցանցերում քիչ չէին հանդիպում հայոց լեզուն և գրականությունը պաշտպանող լատինատառ գրառումներ, որոնց հեղինակներն առանց որևէ փաստարկի փորձում էին հայրենասիրության դասեր տալ մեր պաշտոնյաներին, խոսել ազգային նկարագրի կորստից, զգուշացնել հնարավոր վտանգների մասին, որոնք կարող են մեզ սպառնալ հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը բուհերում ոչ պարտադիր դասավանդվող առարկաներ դարձնելու դեպքում։ Մայրենի լեզուն իշխանությունների հնարավոր ոտնձգություններից պաշտպանողների շարքում կան նաև այնպիսիք, որոնք ժամանակին դեմ չեն եղել, որպեսզի ռուսերենը մեր երկրում հռչակվի որպես երկրորդ պետական լեզու։ Եվ ինչ կրքոտությամբ նրանք այսօր հանդես են գալիս հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը բուհերում պարտադիր դասավանդելու օգտին, նույնքան ջերմեռանդությամբ էլ ժամանակին փաստարկներ էին ներկայացնում՝ ի պաշտպանություն ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու։

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն ասել է, որ ինքը ստորագրել է բացասական դիրքորոշման փաստաթղթի ներքո։ Միաժամանակ նա հայտնում է, որ իր կարծիքով՝ ուսանողները դասադուլ չպետք է անեն, իրենց կարծիքը հայտնեն դասերից հետո։ Ինչ վերաբերում է հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը բուհերում ոչ պարտադիր դասավանդման առարկաներ դարձնելուն, ապա Արծրուն Ավագյանը կարծիք է հայտնել, որ հիմա դրա ժամանակը չէ, քանի որ դպրոցներում չլուծված խնդիրներ կան։ Նա միաժամանակ նկատել է, որ հայեցողականը բառախաղ է, որովհետև դա հենց նշանակում է բուհերից հանել հայագիտական առարկաները։ Ըստ Ավագյանի՝ բուհերում հայագիտական առարկաներն անցնում են շատ ավելի խորացված, գիտական, և ուսանողներն էլ, կապված տարիքային առանձնահատկությունների հետ, ավելի լավ են յուրացնում։

«Ի վերջո, մենք ազգային նկարագիր պե՞տք է պահպանենք։ Ցանկացած մասնագետ եթե մայրենի լեզվով բանավոր կամ գրավոր չի կարողանում շարադրել իր մտքերը, ո՞ւմ է պետք այդ մասնագետը»,- նշել է Արծրուն Ավագյանը։

Իսկ ահա հետադարձ հայացք կատարենք, թե ինչ է ասել ընդամենը երեք տարի առաջ՝ 2016թ. նոյեմբերի 22-ին, նույն Արծրուն Ավագյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ռուսերենը մեր երկրում որպես երկրորդ պետական լեզու հռչակելու մասին։ «Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն, օրինակ, դեմ չի լինի, եթե ռուսերենը մեր երկրում հռչակվի երկրորդ պետական լեզու. «Ամեն մի լեզու, որ հնարավոր է սովորի որևէ երկրի ժողովուրդ, խրախուսելի է։ Ցավոք, մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ դժվար է դարձել լեզու սովորելը։ Եվ եթե Ռուսաստանը այդպիսի նախաձեռնություն է հանդես բերում, խրախուսելի է, որ դրա հոգը տանի ոչ թե լոկ որպես հանձնարարական, այլ որոշակի նյութական միջոցներ ներդնի, ուսուցման գործընթաց կազմակերպի։ Այդտեղ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Մանավանդ, որ հիմա մեր բնակչության մի մասը «անգլիական թեքում» է ստացել, ամեն գնով ուզում է սովորել, բայց նվազ թվով մարդիկ են, որ այդ հնարավորությունը ունեն։ Մինչդեռ որևէ լեզվի անպայման անհրաժեշտ է, որ ժողովրդի մեծ մասը տիրապետի, և դա իմ պատկերացմամբ՝ կարող է ռուսերենը լինել, ինչը կօգնի մեզ շփվելու համաշխարհային գիտության, կրթության, գրականության և առհասարակ այն տեղաշարժերի հետ, որոնք կատարվում են մշակութային կյանքում։ Հետևաբար դրանից չպիտի խուսափել, ինչ-որ պիտակ կպցնել, թե եթե երկրորդ պետական լեզու է, ապա առաջին պետական լեզուն անտեսվում է: Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ որ մեր տնտեսական և, այսպես ասած, ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ»։

Ճշտող հարցին, թե երբ ասում է՝ ցանկալի է, որ Ռուսաստանի նշված նախաձեռնությունը լոկ որպես հանձնարարական չինի, դա նշանակո՞ւմ է, որ ինքն ընդունում ու պատկերացնում է, որ Ռուսաստանը մեր երկրին որևէ հանձնարարական պետք է տա, Արծրուն Ավագյանը պատասխանել է. «Չէ, ես ասում եմ՝ Աստված չանի, որ դա հանձնարարականի ձևով լինի կամ պարտադրանքի, այլ դա լինի այնպես, որ Ռուսաստանը ներդնի որոշակի նյութական միջոցներ, որոնք ծառայեցվեն այդ լեզվի ուսուցմանը և յուրացմանը, ոչ թե դա կատարվի մեր հանրապետության կրթական սուղ բյուջեի միջոցներով»։

Հիշեցնենք, որ այն ժամանակ ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտաֆանովան հայտարարել էր նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու և այն երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...