serzh-sargsyan

ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները բողոքի ակցիա են արել Հայաստանի արտգործնախարարության դեմ, պահանջելով նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը: Ըստ նրանց, Հայաստանի արտգործնախարարը աշխատում է անարդյունավետ, Հայաստանը չունի ձեռքբերումներ, եւ նախարարը պետք է հեռանա:

Հատկանշական է, որ նույն շենքի մոտ արդեն մի քանի օր կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են անում դաշնակցական երիտասարդները, հայտնի առիթով:
Այդ ակցիայի համար մոբիլիզացվել է նաեւ ուսանողական որոշակի այլ ռեսուրս, նաեւ այլ շրջանակներ:

ՀՅԴ այդ ակցիայի ֆոնին ՀՀԿ երիտթեւի ակցիան՝ արտգործնախարար Մնացականյանի հրաժարականի պահանջով, շեղու՞մ է ՀՅԴ երիտասարդների արշավից: Հավանական է, քանի որ խորքային առումով դաշնակցական ակցիան կարող է ունենալ հետաքրքիր ենթատեքստ:

Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն ու դրա շուրջ որոշակի քաղաքական պայքար գեներացնելու ակցիան մեծ հաշվով ոչ միայն ԿԳՄՍ նախարարի կամ իշխանության դեմ է, այլ թերեւս նաեւ ակցիա է ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ նրա քաղաքական աշխուժացման հայտի, որ Սարգսյանը ներկայացրեց օրերս եւ արժանացավ ընդհուպ ԱՄՆ դեսպանի ուշադրությանը:

Սերժ Սարգսյանի այդ քայլերից հետո ծավալվեց արշավը կրթության ու գիտության նախարարի դեմ, օգտագործելով հայտնի առիթը, որի շնորհիվ ՀՅԴ-ն անկասկած փորձում է ձեւավորել ներքին քաղաքական իրավիճակ, որտեղ իր ձեռքին է այսպես ասած ղեկը: Որովհետեւ Սերժ Սարգսյանի ակցիաները՝ «անկեղծ զրույցի» ազդարարումն ու ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը հուշեցին, որ նախկին իշխող համակարգի շրջանակում ղեկը Սերժ Սարգսյանի ձեռքում է:

Ի դեպ հետաքրքիր է, որ դեսպանի հետ Սարգսյանի հանդիպմանը երկու օր անց հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի անունից Սպուտնիկ գործակալությունում հրապարակած հոդվածը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը թիրախավորում էր ԱՄՆ-ի ազդեցությունը Հայաստանում եւ Ռուսաստանին ներկայացնում իր ծառայության հերթական հայտը: Իհարկե, ավելի ուշ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մի շարք հայտարարություններ փաստացի վկայեցին այդ հայտը մերժելու մասին: Թե ինչու, սա այլ հարթության վրա գտնվող հարց է:

Արդյոք Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ հայաստանյան լիդերները գործել են համակարգված, տեսնելով Սերժ Սարգսյանի առանձին խաղն ու դրա ազդեցիկությունը նախկին իշխող համակարգի առումով:

Այդ համատեքստում էլ հատկանշական է ՀՀԿ երիտթեւի բողոքի ակցիան ու արտգործնախարարի հրաժարականի պահանջը, որն անշուշտ ներքին հարաբերությունից զատ, իր տողատակում կարող է պարունակել նաեւ հետաքրքիր շերտեր Սերգեյ Լավրովի այցին զուգահեռ: Սակայն այդ դեպքում էլ, նաեւ հենց Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանին ուղղված հայտնի հոդվածի համատեքստում:

Ի դեպ, հանգստյան օրերին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն հավաքել էր ծաղկաձորյան աշխատաժողովի, որին էլ փաստորեն հաջորդում է այլ նախարարի հրաժարականի պահանջը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...