ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ:

Համաձայն հրապարակման՝ հանրապետության բնակչության թիվը կազմում է 2.957.5 հազար մարդ, որից 1.893.2 մարդ քաղաքաբնակներ են, 1.064.3 հազարը՝ գյուղական: Սկսած 2018թ. հոկտեմբերի 1-ից, հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 11.7 հազարով: Ընդ որում՝ 2.2 հազարով նվազել է քաղաքային բնակչությունը, 9.5 հազարով՝ գյուղականը: Մայրաքաղաք Երևանի բնակչությունն այդ ընթացքում աճել է 4.2 հազարով:

Ամբողջ 1500-ով նվազել է Արարատի մարզի բնակչությունը: Ընդ որում՝ 300-ով քաղաքային բնակչությունը և 1200-ով՝ գյուղական: Մարզկենտրոն Արտաշատի բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 400 մարդով: Արարատ և Վեդի քաղաքների բնակչության թվի փոփոխություն չի արձանագրվել, իսկ Մասիսի բնակչությունն աճել է 100-ով: Արտաշատի տարածաշրջանի գյուղական բնակչությունը նվազել է 700-ով, Արարատի տարածաշրջանինը՝ 400-ով, իսկ Մասիսինը՝ 100-ով:

Արագածոտնի մարզի բնակչությունը նույնպես նվազել է, բայց 2.3 հազարով: Փաստորեն այս մարզում, Արարատի համեմատությամբ, բնակչության թիվն ավելի քան կրկնակի պակաս է, մինչդեռ բնակչության նվազման միտումը բացարձակ թվերով՝ կիսով չափ: Հետևաբար ստացվում է, որ այստեղ, Արարատի մարզի համեմատությամբ, բնակչության թվի նվազումը եռակի ավելի է եղել: Քաղաքային բնակչության թիվը նվազել է 700-ով: Ընդ որում՝ Աշտարակի բնակչությունը նվազել է 400-ով, Ապարանինը՝ 100-ով, Թալինինը՝ 200-ով: Գյուղական բնակչության թիվը նվազել է 1600 մարդով: Աշտարակի և Ապարանի տարածաշրջանների գյուղական բնակչությունը նվազել է 100-ական մարդով, Թալինի տարածաշրջանինը՝ 300-ով:

Արմավիրի մարզի բնակչությունը նվազել է 1100-ով: Սրանից 600-ը քաղաքային բնակչությունն է: Մարզի երեք քաղաքների բնակչությունն էլ պակասել է հավասարաչափ՝ յուրաքանչյուրից 200-ով, բայց եթե Վաղարշապատի դեպքում սա քաղաքի ընդհանուր բնակչության կես տոկոսն էլ չի կազմում, ապա Մեծամորի պարագայում կազմում է բնակչության 2.5%-ից ավելին: Այս մարզը բացառիկ է այն առումով, որ Արմավիրի տարածաշրջանի գյուղական բնակչության թիվն աճել է 100 մարդով: Բաղրամյանի և Էջմիածնի տարածաշրջաններից յուրաքանչյուրում գյուղական բնակչությունը նվազել է 300-ով:

Գեղարքունիքի մարզի բնակչության թիվը ևս նվազել է՝ 1800-ով: Քաղաքային բնակչության թիվը նվազել է 800-ով, գյուղականը՝ 1000-ով: 400-ով նվազել է Գավառի բնակչությունը: Ճամբարակինը մնացել է նույնը, Մարտունի քաղաքի բնակչությունը նվազել է 200-ով, Սևանինն ու Վարդենիսինը՝ 100-ով:

Լոռու մարզի բնակչությունը նվազել է ամբողջ 2300-ով, որից 1300-ը եղել է քաղաքային բնակչություն: Սրանից էլ 1100-ը Վանաձորից: 100-ական էլ պակասել են Ստեփանավանից ու Տաշիրից: Գյուղական բնակչության շարժն այս մարզում ունեցել է հետևյալ պատկերը. 300-ով պակասել է Գուգարքի տարածաշրջանի գյուղացիների թիվը, 100-ով՝ Թումանյանի տարածաշրջանի, 200-ով՝ Ստեփանավանինը և 400-ով՝ Տաշիրինը:

Կոտայքի մարզի բնակչությունը նվազել է ընդամենը 200-ով: Ընդ որում՝ այս մարզում քաղաքային բնակչությունն ավելացել է 300-ով: Գյուղականը նվազել է 500-ով: Բացառությամբ Աբովյանի ու Չարենցավանի, մարզի մնացած քաղաքների բնակչության թիվը չի փոխվել: Չարենցավանինը նվազել է 100-ով, Աբովյանինը՝ աճել 200-ով:

Գյուղական բնակչությունը նվազել է 100-ով Հրազդանում, 200-ական Կոտայքում ու Նաիրիում:

Բնակչության թվի ամենամեծ նվազումը գրանցվել է Շիրակի մարզում՝ 3.3 հազար: 1400-ով նվազել է քաղաքային, որից 1200-ը միայն Գյումրի (200 էլ Արթիկ), և 1900-ով՝ գյուղական բնակչությունը: Ախուրյանի տարածաշրջանի գյուղական բնակչությունը նվազել է 800-ով, 200-ով էլ Արթիկի տարածաշրջանինը:

1000-ով նվազել է Սյունիքի մարզի բնակչությունը: Սրանից 600-ը քաղաքային բնակչության հաշվին: 300-ով նվազել է Կապանի բնակչությունը, իսկ Գորիսինն ու Քաջարանինը մնացել է անփոփոխ: 200-ով պակասել է Սիսիան և 100-ով Ագարակ քաղաքների բնակչությունը: 100, 200-ով պակասել է Կապանի և Գորիսի տարածաշրջանների գյուղական բնակչությունը:

600-ով պակասել է Վայոց ձորի մարզի բնակչության թիվը: Սրանից 400-ը Եղեգնաձորի տարածաշրջանում: 200-ով պակասել է մարզի քաղաքային բնակչության թիվը:

Տավուշի տարածաշրջանում բնակչության թիվը նվազել է ընդամենը 1800-ով, որից 800-ը քաղաքային բնակչությունն է եղել:Մարզկենտրոն Իջևանի բնակչությունը նվազել է 300-ով և 100-ականով մյուս քաղաքներինը: Ամբողջ 500-ով նվազել է Տավուշի տարածաշրջանի գյուղական բնակչության թիվը, որ կազմում է ընդհանուր գյուղական բնակչության 3%-ը:

Հասկանալի է, որ բնակչության այս նվազումը պայմանավորված չէ ընդամենը արտագաղթով: Կա ներքին միգրացիայի հարց, բնական աճը բացասական հաշվեկշռի և նմանատիպ բազմաթիվ այլ գործոններ: Բայց միայն այն փաստը, որ Տավուշի մարզի Տավուշի տարածաշրջանի սահմանամերձ գյուղական բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է ամբողջ երեք տոկոսով և այդ բնակչության բացարձակ թիվն այսօր կազմում է հազիվ 16.5 հազար մարդ, անգամ հայաստանյան չափանիշներով՝ փոքր քաղաք, սա արդեն ոչ թե պետք է անհանգստացնի հայրենի իշխանություններին, այլ սթափեցնող ազդակ հանդիսանա այդ ուղղությամբ արագ ու շատ հստակ ծրագրեր իրականացնելու առումով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...