danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Վարդան Լ. Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Ստեփան Գ.-ի գործի դատական քննությունը:

Ստեփանն անչափահաս է, դպրոցական, նրա խափանման միջոցը ծնողների հսկողությանը հանձնելն է: Դատական նիստին Ստեփանը ներկայացել էր դպրոցից՝ իր օրինական ներկայացուցչի՝ հայրիկի հետ:

Ստեփանին մեղադրանք է առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժող տղան նույնպես անչափահաս է: Դատական այս նիստին տուժող Դավիթը չէր ներկայացել: Կոնկրետ Դավիթի հետ Ստեփանը որևէ խնդիր չի ունեցել, նա Դավիթի հետ հանդիպման է գնացել ընկերոջ՝ Սրապի խնդրանքով: Սրապի քրոջը, որ սովորում է քոլեջում, «մոտիկացել էր» համակուրսեցի Դավիթը: «Մոտիկացման» մասին քույրը անհեռատեսորեն հայտնել էր կրտսեր եղբորը, վերջինս էլ «հավաքագրել էր» ընկերներին՝ Ստեփանին, Ալբերտին, Նարեկին ու Երիտկոմին, որպեսզի գնան ու Դավիթից պարզաբանում պահանջեն:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունիսի 19-ի առավոտյան ժամը 9-ից Սրապն ու նրա անչափահաս ընկերները «մոբիլիզացվել են»:

Դուրս են եկել տներից, հանդիպել են, զանգել են Դավիթին ու պարզաբանողական հանդիպման են կանչել: Դավիթն էլ կանչել է իր երկու ընկերներին:

Կողմերի հանդիպումը կայացել է կեսօրին Երևանի Ֆրունզեի փողոցի մետաղե ավտոտնակների մոտակայքում: Խոսակցությունը հաշտության չի հանգեցրել, վերաճել է վիճաբանության, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, Ստեփան Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Դավիթին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: Դավիթի մարմնին արյան հետքեր տեսնելով՝ դպրոցականները դիմել են փախուստի…

Ստեփան Գ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Դատարան էին ներկայացել 15-ամյա Սրապն ու նրա ընկեր Ալբերտը՝ իրենց օրինական ներկայացուցիչների հետ:

Սրապը հայտնեց, որ դեպքի օրվա առավոտյան զանգել է իր վերոհիշյալ ընկերներին, որ գնան քրոջ համակուրսեցու հետ հանդիպման ու պարզեն, թե վերջինս ինչո՞ւ է «մոտիկացել» իր ավագ քրոջը: Զանգել, հանդիպման են կանչել Դավիթին: Երբ հանդիպել են, քայլել են խմբով, խոսել են, խոսակցությունը վերաճել է վեճի: Սկսել են միմյանց խառը հարվածներ հասցնել: Հանկարծ ինքը նկատել է, որ Դավիթի մարմնի «ինչ-որ հատվածներից» արյուն է գալիս: «Մտածեցի՝ շտապօգնություն զանգեմ, բայց վախից փախա»,- ասաց պատանին:

Սրապն ասաց, թե կռվի ժամանակ ինքն էլ է հարվածել ձեռքով, իրեն էլ են հարվածել: Ինքը Ստեփանին չի նկատել. «Իմ աչքով դանակի հարվածը չեմ տեսել, Ստեփանի ձեռքին դանակ չեմ նկատել»:

Մեղադրող դատախազը նշեց, որ անչափահաս վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների մեջ էական հակասություն կա՝ Ստեփանի մոտ դանակ տեսնելու հանգամանքի հետ կապված:

Անչափահաս վկան ասաց, որ նախաքննական ցուցմունքը տվել է օրինական ներկայացուցչի ու մանկավարժների ներկայությամբ, իրեն չեն ստիպել, չեն համոզել իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ, ցուցմունքը գրվել է իր բառերից, համակարգչի միջոցով արձանագրել է քննիչը, ինքը վերջում իր ձեռագրով գրել ու ստորագրել է:

Նախաքննական ցուցմունքի՝ էական հակասություն պարունակող հատվածը հրապարակվեց: Այդ ցուցմունքում անչափահասն ասել էր, թե տեսել է՝ ինչպես Ստեփանը դանակով հարվածեց Դավիթի «ձեռքին ու փորին», Դավիթը արնահոսեց…

Սրապը նկարագրել էր դանակը՝ ծալովի, սև դանակ, ծալված վիճակում՝ մոտ 15 սմ երկարությամբ: Ստեփանը հետագայում ասել է, որ դեպքից հետո փախչելու ժամանակ դանակը դեն է նետել: Սրապը պնդել է, թե նախապես չի իմացել, որ Ստեփանի մոտ դանակ կա:

Չնայած դատարանն ու դատավարության կողմերը պատանի վկային հարցաքննում էին մեղմ ու հանդարտ, բայց հարցաքննության ավարտին տղայի ինքնազգացողությունը ներքին լարվածությունից վատացավ: Նիստն ընդմիջվեց:

Ընդմիջումից հետո հարցաքննվեց վկա Ալբերտը: Նա ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է: Պատմեց նույնը, ինչ պատմել էր քիչ առաջ Սրապը՝ Սրապի քրոջը «տղա էր մոտիկացել», ընկերներով գնում էին, որ այդ տղայի հետ խոսեն…

Հանդիպել են, իրենք հինգով էին, Դավիթենք՝ երեքով: Քայլել են դեպի զրուցարան, խոսել են, հետո շարունակել են քայլել ու խոսել, և այդ ժամանակ վիճաբանություն է առաջացել: Փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ինքը հրելով փորձել է բաժանել կռվողներին, հեռացնել Դավիթին, բայց վերջինս իրեն հրել է: Ինքը նորից է ցանկացել մոտենալ ու բաժանել, բայց տեսել է Դավիթի դոշի արյունը, վախեցել է. «Վախից փախչեցինք»:

Ալբերտը նույնպես սկզբում ասում էր, թե Ստեփանի մոտ դանակ չի տեսել, հետո, պատասխանելով հարցերին, հիշեց, որ նրա ձեռքին ինչ-որ սև, երկար, դանակի նման առարկա է տեսել, երևի՝ հենց դանակ էր, որի վրա արյան նմանվող հետքեր կային…

Մեղադրող դատախազը, տեսնելով անչափահաս վկաների լարվածությունը հարցաքննության ժամանակ, «անչափահասների շահերից ելնելով»՝ առաջարկեց սահմանափակել անչափահաս վկաների հարցաքննությունը, քանի որ գործին վերաբերող այնպիսի նոր բան չկար, որ բացահայտվեր մնացած վեց անչափահասների հարցաքննությամբ, եղած ապացույցները բավարար էին մեղադրանքի կողմի համար:

Անչափահաս ամբաստանյալը, նրա շահերի պաշտպանն ու օրինական ներկայացուցիչը չառարկեցին: Պաշտպանը նշեց, որ Ստեփանն ի սկզբանե ընդունել է մեղադրանքը, իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է: Ամբաստանյալի հայրը նշեց, որ «լիովին համաձայն է» մեղադրողի առաջարկին:

Դատաքննությունը լրացնելու միջնորդություններ չեղան:

Դատաքննությունը հայտարարվեց ավարտված:

Դատական հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 5-ին, կողմերը հանդես կգան ճառերով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...