brnabarutyun

2000 թվականի փետրվարի 20-ին երևանյան իր բնակարանում մահացել էր 70 տարեկան Ալբերտ Կ.-ն: Դստեր ընտանիքն ապրում էր Ալբերտի հետ: Հարազատներին տեղեկացրել էին, թե Ալբերտը փողոցից ծեծված է եկել տուն, պառկել է իր մահճակալին ու… մահացել է…

Հարազատները կասկածանքով էին լսում այդ պատմությունը, նրանց անհանգստացնում էր Ալբերտի թոռան՝ Կարենի բացակայությունը:

Ալբերտի դուստրը՝ Կարենի մայրը, հայացքը թաքցնելով՝ պատճառաբանում էր, թե որդին ընկերոջ տուն է մեկնել, Երևանում չէ ու չգիտի պապիկի մահվան մասին…

Հաջորդ օրը՝ փետրվարի 21-ին, Ալբերտի 25-ամյա թոռը՝ Կարենը, ներկայացել էր իրավապահներին ու խոստովանել, որ պապին ինքն է սպանել:

Տղային կալանքի տակ էին առել:

Պապին օրեր անց հուղարկավորել էին: Դուստրը հոնգուր-հոնգուր լաց էր եղել՝ հոր մա՞հն էր ողբում, թե՞ որդու առաջիկա դատապարտումը՝ հարազատները չգիտեին:

Նախաքննությունն ընթանում էր:

Սպանված պապիկին ոչ ոք դրական չէր բնութագրում: Դստեր ընտանիքը Ալբերտի տանն ապրում էր, իրենց խոսքերով՝ «հարկադրաբար»՝ բնակության այլ վայր չունեին, պարտքերի բեռն էր նրանց ուսերին ծանրացած…

Ալբերտը դստեր ընտանիքի ներկայությամբ էլ ապրում էր իր սովորական կենցաղով՝ խմում էր, փողոցային կանանց հետ զվարճանում, վիճաբանություններ սարքում հարազատների ու հարևանների հետ: Նույնիսկ թոռներին Ալբերտը ջերմություն բաժին չէր հանել, ի պատասխան՝ թոռները նրան ոչ միայն չէին սիրում, այլև… հանդուրժում էին դժվարությամբ:

Կարող էին, իհարկե, նույն հարկի տակ չապրել, մի անկյուն վարձակալել ու թողնել, որ յոթանասումյա տղամարդը վայելի կյանքը առանց խանգարող «հանգամանքների»: Նյութական միջոցների սղության պայմաններում պապի տանն ապրելը այս ընտանիքի համար դարձել էր… տհաճ, բայց «անհաղթահարելի» թվացող «սովորություն»: Միայն թե չէին նկատում, որ ծանր առօրյայի մեջ փոխադարձ ատելությունն աստիճանաբար դառնում էր… վտանգավոր…

Կարենը պնդում էր, թե պապին դիտավորյալ չի սպանել: Փետրվարի 20-ին, ժամը 22-ի սահմաններում քրոջ հետ տուն էր եկել ու տեսել, որ պապը հերթական անգամ կռվում է իրենց մոր հետ, քաշքշում է նրան, անպատվում:

Կարենն ասում էր՝ ինչ-որ բան է կատարվել իր հետ՝ աչքերը մթնել են, բռունցքները՝ պրկվել: Նա հարձակվել էր պապի վրա ու սկսել էր բռունցքներով հարվածներ հասցնել ուր պատահի՝ պապի գլխին, կրծքավանդակին, որովայնին: Այնքան էր խփել, որ անընկճելի թվացող պապը կուչ էր եկել, ընկել էր հատակին: Կարենը շարունակել էր հարվածներ տեղալ անգամ այն ժամանակ, երբ պապը սկսել էր ծանր խռխռոցով շնչել:

Հանկարծ զգացել էին, որ պապը մահացել է՝ ո՛չ շարժվում է, ո՛չ շնչում:

Կարենը հոր հետ պապի մարմինը տեղափոխել էր մահճակալին: Մայրն ու քույրը լաց էին լինում: Կարենը շրխկացրել էր դուռն ու դուրս էր վազել… Գնացել էր ընկերոջ տուն, ասել էր՝ տնեցիների հետ վիճել եմ: Ամբողջ գիշեր աչք չէր փակել: Հաջորդ օրը ներկայացել էր մեղայականով:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Կարենը պապին սպանել էր հոգեկան լարված, բայց ո՛չ՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Տղան ատելությամբ էր լցված պապի հանդեպ, սիրո ոչ մի կաթիլ նրա սրտում չկար…

2000 թվականի հունիսին Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը Կարենին մեղավոր էր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 100 հոդվածով, ու դատապարտել էր 8 տարի ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանը այդ դատավճիռը թողել էր անփոփոխ՝ մերժելով Կարենի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

2000 թվականի սեպտեմբերին վճռաբեկ դատարանի քրեական ու զինվորական գործերով պալատը բեկանել էր վերաքննիչի դատական ակտը՝ պատճառաբանելով, որ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ: Գործն ուղարկվել էր վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Եվ այս անգամ ամբաստանյալի շահերի պաշտպանը ներկայացրել էր անցյալի փոշուց դուրս բերված մի դատավճիռ, որն ընտանիքը գաղտնի էր պահել, և որի մասին չգիտեր անգամ պապին սպանած թոռը:

Ըստ խորհրդային տարիներին կայացված դատավճռի՝ Ալբերտ Կ.-ն ժամանակին բռնաբարել էր… իր 13-ամյա աղջկան, նույն ինքը՝ Կարենի մայրիկին…

Ստացվում էր, որ Ալբերտը ժամանակին դատվել ու դատապարտվել էր դստերը բռնաբարելու համար, պատիժը կրելուց հետո վերադարձել ու շարունակել էր ապրել իր բնակարանում, իսկ հոր կողմից անպատվված աղջիկը, անցնելով բազմաթիվ բարոյական ու նյութական դժվարությունների միջով, ստիպված էր եղել շատ տարիներ անց իր ընտանիքով օթևան գտնել նույն այդ հայրիկի հարկի ներքո:

Աղջիկը առաջին անգամ վաղ էր ամուսնացել, բայց այդ ընտանիքը երկար կյանք չէր ունեցել: Հետո նա նորից էր ամուսնացել, երկու երեխա ունեցել: Հոր հետ համարյա չէր շփվել, բայց հետո կյանքը ստիպել էր ընտանիքն առնել ու վերադառնալ հայրական տուն:

Ալբերտն առաջին՝ ծանրագույն հանցանքից հետո պատիժը կրելուց և ազատություն դուրս գալուց հետո մեկ անգամ էլ էր դատվել՝ 1998 թվականին ապօրինի զենք-զինամթերք պահելու համար պայմանական դատապարտության էր ենթարկվել, սահմանվել էր 2 տարի փորձաշրջան: Ստացվում է, որ նա սպանվելու պահին՝ 2000 թվականի փետրվարի 20-ին, գտնվել էր փորձաշրջանի մեջ:

Վերջին շրջանում Ալբերտն ուղղակի անտանելի էր դարձել: Նա սիրային կապի մեջ էր մտել մի փողոցային կնոջ հետ, դստերը սպառնում էր այդ կնոջը տուն բերել, ասում էր՝ դժգոհները թող հեռանան, ս… լինեն իմ տանից: Իսկ երբ դուստրը փորձում էր արցունքներով ազդել հոր վրա, նա դստեր ականջին ասում էր. «Չես թողնում կնիկ բերեմ, ուրեմն դու պիտի հետս լինես, ես պահանջներ ունեմ…»:

Կինը հոր սարսափելի խոսքերի մասին զավակներին ու ամուսնուն չէր ասում, վախենում էր աղմուկից, խայտառակությունից:

Փետրվարի 20-ին Ալբերտը դստերը հերթական անգամ անպատվում, քաշքշում էր, երբ տուն էր մտել թոռը՝ Կարենը, ու այլևս չէր կարողացել զսպել իրեն, թեպետև չգիտեր ամենածանրը, ամենախայտառակը, ամենաաններելին…

Վերաքննիչ քրեական դատարանը այս գործը երկրորդ անգամ քննելով՝ արարքի որակումը չփոխեց՝ եզրահանգումը նույնն էր՝ կատարվել էր դիտավորյալ սպանություն: Բայց պատիժ նշանակելիս դատարանը հաշվի առավ տուժողի վարքագծի հակաօրինականությունն ու հակաբարոյականությունը, ընտանեկան ծանր հանգամանքները, ու Կարենին դատապարտեց 5 տարի ազատազրկման…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...