ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Երևանում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվել է խոսել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակից՝ ասելով, թե Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:

Բայց Զատուլինը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում են այդ զարգացումներին: Ըստ նրա՝ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, և շարունակվում է միմյանց ծանոթանալու գործընթացը:

Հատկանշական է, որ չնայած Հայաստանում քաղաքական դեմքերի փոփոխությանը՝ Կոնստանտին Զատուլինն ինքն, օրինակ, ավելի շատ հաղորդակցվում է հին քաղաքական դեմքերի հետ: Օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանությամբ և աջակցությամբ նա ստեղծեց, այսպես կոչված, Լազարևյան հայ-ռուսական ակումբը, որի շրջանակ հավաքեց Հայաստանի նախկին իշխող համակարգն իր տարբեր արբանյակներով: Իհարկե, ակումբի գործունեությունը ներկայումս բավականին պասիվ փուլում է, ինչը գուցե պայմանավորված է նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության ակնկալիքը չարդարացավ, որ նա ուներ նախորդ տարի այս ժամանակահատվածում, երբ գրեթե այս օրերին մասնակցեց Երևանում տեղի ունեցած Լազարևյան ակումբի առաջին նիստին:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի անազատության պայմաններում Կոնստանտին Զատուլինը հաղորդակցվում է Սերժ Սարգսյանի հետ, որին, ըստ ժամանակի մամուլի հրապարակումների՝ 2006 թվականին Մոսկվայում ծննդյան տարեդարձի առիթով որպես հուշանվեր խաղատնային «ռուլետկա» էր նվիրել՝ ասելով, թե՝ եղբայր, քաղաքականությունը թող, դա քո բանը չէ:

Շաբաթներ առաջ Կոնստանտին Զատուլինն Արցախում էր՝ այնտեղ կազմակերպված միջազգային համաժողովի շրջանակում, և Արցախում շրջում էր նաև Սերժ Սարգսյանի հետ, որն այդ օրերին նույնպես այցելել էր Արցախի Հանրապետություն: Արդյոք Զատուլինը հասկացել էր, որ Սերժ Սարգսյանի հարցում ինքը սխա՞լ էր, թե՞ Սերժ Սարգսյանի հետ շփման ընթացքում նա փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում:

Զատուլինը Հայաստան էր այցելել նաև հեղափոխության օրերին, երբ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, ու նաև չէր ստացվել Կարեն Կարապետյանի վարչապետությունը: Այդ ժամանակ նա և ՌԴ մի շարք պատգամավորներ հանդիպել էին դեռևս վարչապետ չդարձած Նիկոլ Փաշինյանին: Հետո, սակայն, մի քանի ամիս անց՝ օգոստոսին, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից հետո հնչեց ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանի նոր իշխանությունը հավաստիացնում էր, որ չի հետապնդի նախկին իշխանությանը: Որտեղ և ինչ ձևաչափով է հնչել հավաստիացումը՝ Լավրովն իհարկե չէր մանրամասնել, սակայն հայ-ռուսական հարաբերության հետագա բազմաշերտ ընթացքն ու դրանում նաև զատուլինյան որոշակի ֆունկցիան հուշում են, որ հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է, պարզապես կա դիրքային պայքար, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ՝ ներառյալ նախկին իշխող համակարգը, որտեղ կա թերևս ուշագրավ մի մտահոգություն:

Այդ համակարգը դարձել է Հայաստանում թավշյա հեղափոխության, այսպես ասած, զոհ, սակայն նաև հիանալի պատկերացնում է հայկական պետականության ապագայի հարցում հայ-ռուսական հարաբերության բնույթի վերափոխման հիմնարար նշանակությունը: Ըստ այդմ՝ համակարգը, հաշվի առնելով նաև իր տարիների բազմաբնույթ շաղկապվածությունը ռուսական համակարգի հետ, ներկայումս մտավախություն ունի չդառնալ «կրկնակի զոհ»՝ այս դեպքում նաև հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի զոհ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...