Putin Aliev

Երևանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նիստը, որի առիթով մեր երկրի և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության խնդիրների շուրջ քննարկումները կրկին ակտիվացան հայկական մամուլում։

Վեհաժողովի խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ շփվել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ անելով բավական հետաքրքիր հայտարարություններ։

Լրագրողների բարձրացրած հիմնական հարցերից մեկը վերաբերել է հայ-ռուսական հարաբերությունների ամենացավոտ խնդիրներից մեկին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական սերտ համագործակցությանը, այլ խոսքերով՝ Հայաստանի ֆորմալ դաշնակցի կողմից Հայաստանի հակառակորդ պետությանը հսկայական քանակությամբ սպառազինություն վաճառելուն։

Կալաշնիկովն ասել է, որ Ադրբեջանին զենքի մատակարարման հարց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին չի քննարկվել, քանի որ այն վեհաժողովի կոմպետենտության շրջանակում չէ: Հետո «ի միջի այլոց» ավելացրել է, թե զենքի մատակարարման հարցով Ռուսաստանից նեղանալը «մեղք է»։

«Ի դեպ, Ռուսաստանը Հայաստանին այնպիսի սպառազինություն է մատակարարում, որը նախկինում երբեք չի մատակարարվել։ Այնպես որ, կարծում եմ, զենքի մատակարարման հարցում Ռուսաստանից նեղանալը մեղք է»,- ասել է Կալաշնիկովը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլև իր դաշնակիցներին ու գործընկերներին։

«Դաշնակիցների թվում է նաև Հայաստանը, որին [Ռուսաստանը] ավելի շատ է զենք վաճառում, ընդ որում՝ այնպիսի զինատեսակներ, որոնք այլ երկրների երբեք չի վաճառում»։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի անհանգստությանը այս հարցի վերաբերյալ՝ ՌԴ Պետդումայի պատգամավորն ասել է, թե, իհարկե, դա նրան անհանգստացնում է։ Ինչպես և Ադրբեջանին անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը նորագույն զինատեսակներ է վաճառում Հայաստանին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...