Վարչապետն ընդունեց ձախողումը

- in Կարծիք

«Այո, գուցե նաեւ մեր մեղքով հանրությունը չի ընկալում ինչ ենք մենք իրականում անում եւ ինչի համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թյուրըմբռնումներ չլինեն մեր գործունեւթյան հետ կապված», կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նաեւ վերջին օրերին ծավալվող իրադարձություններին:

Վարչապետ Փաշինյանը արձանագրել է կարեւորագույն խնդիրներից մեկը, գուցե նույնիսկ որոշակիորեն ձախողումը՝ իշխանության տեղեկատվական քաղաքականությունը, եւ մյուս կողմից գուցե նաեւ հանրության հետ հաղորդակցության գործընթացի թյուր գնահատումը իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների մոտ:

Խոշոր հաշվով, վարչապետն այդ խնդիրը արձանագրեց իր վերջին «լայվերի» միջոցով, երբ որոշեց անդրադառնալ ամենատարբեր խնդիրների եւ անգամ արձագանքել բամբասանքների: Երբ հանրապետության վարչապետը ձեռնամուխ է լինում անձամբ բամբասանքները հերքելու, դա վկայում է, որ նա խիստ բացասական է գնահատում այդ բամբասանքների ուղղակի կամ անուղղակի հերքման, խնդրահարույց իրողությունների պարզաբանման առաքելությունն ունեցող սուբյեկտների աշխատանքը:

Օբյեկտի՞վ է այդ աշխատանքի անարդյունավետությունը, թե՞ նոր ձեւավորվող իշխանության համար՝ սուբյեկտիվ, հատկապես հաշվի առնելով, որ մրցակիցը տեղեկատվա-քարոզչական տեխնոլոգիաների առումով չափազանց մրցունակ է գրեթե բոլոր առումներով:

Այդուհանդերձ, մեկուկես տարին բավարար չէ՞ր համարժեք մրցունակ համակարգ ձեւավորելու համար, կամ առնվազն իշխանության որոշակի մրցունակ կորիզ ձեւավորելու համար, որն իր քաղաքական գործունեությամբ, քաղաքական տեքստով, օրակարգային նախաձեռնություններով կապահովեր առնվազն տեղեկատվա-քարոզչական միջավայրի որոշակի բալանս, որը վարչապետին չէր ստիպի անձամբ ձեռնամուխ լինել բամբասանքների հերքմանը կամ կարեւոր հարցերի շուրջ տարածվող թյուրըմբռնումների պարզաբանմանը:

Միեւնույն ժամանակ, խնդիրը թերեւս լուծում է պահանջում ավելի խորքից՝ առիթների ընձեռնման մակարդակից: Ակնառու է, որ հանրությանը մատուցելու հարցը առավելապես հետեւանքի տիրույթում է, իսկ պատճառը ընձեռվող առիթներն են:

Իշխանության տեղեկատվա-քարոզչական անարդյունավետությունը շռայլորեն փոխհատուցում է մի կողմից վարչապետ Փաշինյանի բարձր վարկանիշը, մյուս կողմից իշխանության մրցակիցների խիստ ցածր վարկանիշը եւ նրանց հանդեպ հանրության հակակրանքը:

Որքա՞ն կաշխատի այդ շռայլությունը: Իրավիճակը նման է մեղրից մեղր ստանալուն, երբ ամեն հաջորդ չափաբաժնի համար կարող է որակազարկվել նախորդը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...