Վերջին շրջանում որոշ կողմնակալ, քաղաքականապես շահագրգիռ ուժերի կողմից ակտիվ շրջանառվում են թեզեր, թե ՀՀ ներկայիս կառավարությունը ձախողել է ԱՄՆ հետ տարվող քաղաքականությունը:

Այս թեզերի հիմքում ընկած էր այն կեղծ փաստարկը, թե ԱՄՆ-ն կրճատում է Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցության ծավալները: Սակայն, ընդդիմադիրների ուժերի կողմից շրջանառվող այս թեզերը հերթական անգամ հօդս ցնդեցին, երբ ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ արձանագրելով, որ 2019թ.-ին, նախորդ տարվա համեմատ, 40 տոկոսով աճել է ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալները՝ կազմելով 60 միլիոն ԱՄՆ դոլար: Սա այն պարագայում, երբ 2019 թվականը դեռևս չի ավարտվել:

Այստեղ հատկապես կարևոր է շեշտել, որ օգնությունը տրամադրվում է գործադիր թևի կողմից, որտեղ այսօր իշխում են հանրապետական ուժերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ովքեր, այդ նույն ընդդիմադիր քարոզիչների պնդմամբ, աչքի են ընկնում Հայաստանի հանդեպ ունեցած իրենց «անբարյացակամ» վերաբերմունքով:

Այս պարագայում հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվում, որ անբարյացակամ վերաբերմունք ունեցող ուժի կողմից ղեկավարվող ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի գերատեսչության խորացնում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: Ուղղակի հիշեցնենք, որ համաձայն ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հայտարարության՝ այդ օգնությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ֆինանսավորելու է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող ծրագրերը։

Հարցի պատասխանը պարզ է, սա արդյունք է ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից տարվող հետևողական աշխատանքի, որտեղ համագործակցությունը բազմակողմ է՝ ընդգրելով կապերի ակտիվացում և ամրապնդում ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ ուժերի հետ՝ ընդգրկելով ԱՄՆ կառավարության թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր թևերը: Բավական է միայն հիշել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին բանաձևը, որ ստացավ թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ կոնգրեսականների աջակցությունը:

Այս ամենից հետո մնում է միայն այդ նույն ընդդիմադիր ուժերին դիմել տրամաբանական կոչով՝ ընտրեք այնպիսի թեզեր, որոնք հետագայում չվերածվեն անհեթեթ միֆերի…

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...