Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով

- in Սոցիալական
Tun

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021 թվականից նախատեսում է մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները: Գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով:

«Արմենպրես»–ի հարցին ի պատասխան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Գույքային հարկերի համակարգի բարեփոխումները մեր օրակարգում են: Բարեփոխումն ունի հստակ նպատակ, այն է՝ ավելի մեծ չափով հարկել բարձրարժեք գույքը, տեսանելի հարստությունը, շքեղության չափորոշիչ համարվող գույքը: Այս առումով շատ կարևոր է, որ մեր հասարակությունը չմտահոգվի այն առումով, թե բոլոր տեսակի գույքային միավորների հարկային բեռը կարող է հանկարծ բարձրանալ: Այդպիսի նպատակ չի հետապնդվում»,-վստահեցրեց Պողոսյանը:

Նախատեսվում է, որ բարեփոխման մեկնարկը կլինի 2021-ից: Փոխնախարարը շեշտեց՝ այդ բարեփոխումը գալիս է լրացնելու եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներդրման բարեփոխումը: Նա նկատեց՝ եթե եկամուտները հարկվում են հավասարաչափ՝ միևնույն դրույքաչափով, ապա քաղաքականության, սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից շատ ճիշտ ու հիմնավոր կլինի, որ գույքային միավորները հարկվեն պրոգրեսիվ մոդելի շրջանակներում:

Պողոսյանը հիշեցրեց նաև, որ օրեր առաջ ԱԺ-ն արդեն ընդունել է կադաստրային արժեքների վերագնահատման մեթոդաբանությունը սահմանող օրենքը, որը ուժի մեջ կմտնի 2021-ից: Սակայն մինչ այդ նախարարությունը դեռ աշխատանք ունի կատարելու, հարկային օրենսդրությունում պետք է որոշակի վերանայումներ նախատեսվեն: Նոր գնահատման մեթոդաբանությամբ, ըստ էության, կադաստրային արժեքները մոտարկվում են գույքի շուկայական արժեքներին և, ըստ այդմ, նաև բարձրացվում են: Եվ, հետևաբար, կարիք է առաջանում հարկային օրենսդրությամբ անդրադառնալու հարկման դրույքաչափերին, չհարկվող շեմին: Այս պահին վերլուծվում է ողջ հանրապետությունում առկա գույքային միավորների բազան՝ տեղորոշելու համար թիրախը, այսինքն՝ գույքային միավորների այն շրջանակը, որի մասով պետք է հիմնական բեռի վերանայում լինի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...